Շվեյցարահայ թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի աղոթքով ու օրհնությամբ հունիսի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի առաքելական եկեղեցու Ժնեւի ու Լեմանի շրջանի համայնքի ընդհանուր հիմնադիր ժողովը: Ներկայացնելով համայնքում տիրող անհանգիստ կացությունը եկեղեցական-համայնքային խորհրդի նախագահ Արտեն Շելեֆյանն ու ժողովի մնացյալ մասնակիցները (Աղավնի Արմաքեշ Պաղճյան, Անի Ղազարյան, Ֆլավիան Այկենզաց, Արեւ Սալամոլար-Յըլտզ, Անահիտ Օհաննեսյան, Տիգրան Յազմաճյան, Վահիկ Բաղրամյան) կարեւորեցին համայնքում խաղաղության, կայունության եւ սիրո վերստեղծումն ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն հայոց կաթողիկոսության հեղինակության վերհաստատումը:
Հիմնադիր ժողովի ընթացքում ընտրվեց եկեղեցական համայնքային խորհուրդը, որը առաջնահերթ պետք է դիմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիմնարկին, որպեսզի նորակազմ եկեղեցական խորհրդին հանձնվի Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու գործածության իրավունքը, ձեռնամուխ լինի համայնքի անդորր կյանքի վերահաստատմանն ու ապահովի ծիսական կյանքի բնականոն ընթացքը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայում հայոց թեմի հիմնադրման խնդրանքով 1985-ին Շվեյցարիայի հայկական համայնքը դիմում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` խնդրելով Ժնեւի Սուրբ Հակոբ, Ցյուրիխի, Նեոշաթելի եւ Լուգանի ծխերի հիման վրա թեմ ձեւավորել: Թեմը ձեւավորվում է 1992-ին` Վազգեն Ա կաթողիկոսի կարգադրությամբ: 1993-ին հռչակված նոր վարչությունը որոշում է հրաժարվել թեմական կառույցից` ցանկություն հայտնելով վերադառնալ ծխական համայնքին եւ ապրել այդ կանոնադրությամբ: 1994-ին Աբել քահանան առանց կաթողիկոսի թույլտվության եւ գիտության, Կանադայի իր ծառայության վայրից ժամանում է Շվեյցարիայի թեմ ու քահանայական գործունեություն ծավալում: Ներկա եւ նախկին կաթողիկոսների բազմաթիվ նամակներՙ հանդիպել ու քննարկել համայնքի հետ կապված հարցեր, մնում են անպատասխան, եւ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ անհարգալից վերաբերմունքի եւ օրենքի խախտման համար Աբել քահանան կարգալույծ է հռչակվում: Նրան փոխարինած Մեսրոպ վարդապետ Պարսամյանին կարգալույծ հռչակված քահանան ու նրա կողմնակիցները արգելում են եկեղեցի մտնել:
Հ. Հ.