Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Չնայած ամենաբարձր մակարդակով արված հորդորներին, հունիսի 24-ի Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից ակնկալվող բեկումը չնյութականացավ: Այսպիսի գնահատականով է հուլիսի 6-ին Եվրոխորհրդարանի առաջ ելույթ ունենալիս ղարաբաղյան հարցի մասին արտահայտվել Եվրոմիության արտաքին եւ ավտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քաթրին Էշթոնը :
Ստրասբուրգում տեղի ունեցող Եվրոխորհրդարանի հերթական նստաշրջանում ներկայացված իր խոսքում, ըստ ԵԽ կայքէջի, Էշթոնը ներկայացրել է, որ Նիժնի Նովգորոդում հունիսի 9-ին տեղի ունեցած Ռուսաստան-Եվրոմիություն համաժողովում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը վերջինս բավականին լավատես է եղել Կազանում բեկում արձանագրելու առնչությամբ: Ընդ որում, այդ ժամանակ էլ ԵՄ բարձրագույն ղեկավարությունը Մեդվեդեւին հստակորեն հասկացրել է, որ ամբողջապես աջակցում է նրա անձնական միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ Մինսկի խմբի աշխատանքին:
«Բայց Ադրբեջանի նախագահ Ալիեւն ու Հայաստանի նախագահ Սարգսյանը չօգտագործեցին այս հնարավորությունըՙ փոխզիջման հասնելու համար», նկատի ունենալով Կազանի հանդիպումը` ասել է ԵՄ արտգործնախարարը: Հիշեցնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արգործնախարարներին ինքը վերջերս է հանդիպել Բրատիսլավայում, էշթոնն ընդգծել է, որ իլյուզիաներ չունի ընթացող բանակցությունների բարդության առումով, հատկապես որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար տեղեկացնում են Եվրոմիությանը գործընթացի եւ «նրանց հանդիպած դժվարությունների» մասին:
Այդուհանդերձ, ըստ Էշթոնի, «Հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնագրին հասնելու ջանքերը պետք է շարունակվեն, եւ ես ողջունում եմ այն փաստը, որ երկու կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունըՙ շարունակելու դիվանագիտական գործընթացը եւ գտնելու խաղաղ կարգավորում»: Առավել կարեւոր է հաջորդ ընդգծումը: «Բայց մենք պետք է ավելին տեսնենք եկող ամիսներին: Կողմերը կարիք ունեն կրկնապատկելու իրենց ջանքերը մինչեւ տարեվերջ համաձայնության հասնելու համար: Սա կլինի մինչեւ տեղական առաջնահերթություններըՙ 2012-ին ընտրություններ Հայաստանում եւ 2013-ին ընտրություններ Ադրբեջանում», առավել քան հստակ է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից ԵՄ ակնկալիքները ձեւակերպել Էշթոնը` նաեւ նշելով կոնկրետ ժամկետ:
Սպասելիքների ժամկետային կտրվածքի առումով Էշթոնը նաեւ հույս է հայտնել, թե որեւէ առաջընթաց կլինի արդեն մինչեւ աշնանը Վարշավայում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը:
Նշելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը ԵՄ ռազմավարական շահերից է բխում, լեդի Էշթոնը եզրակացրել է, որ հակամարտության կարգավորումը կտրանսֆորմացնի հարավկովկասյան տարածաշրջանը: Այդ պարագայում «սահմանները կարող են բացվել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ», լիովին թուրքական տեսակետ ներկայացնելովՙ ասել է ԵՄ արտաքին հարցերի ներկայացուցիչը: Տրանսպորտային ուղիների կարգավորման հետ մեկտեղ էլ, ըստ ԵՄ ներկայացուցչի, «Հարավային Կովկասը վերջապես կարող է դառնալ այն, ինչ պետք է լինի` դարպաս Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»:
Պատրաստակամություն հայտնելով աջակցելու Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին` ԵՄ արտաքին հարցերի ներկայացուցիչը մանրամասնել է, որ ԵՄ լրացուցիչ աջակցության բնույթը կարող է քննարկվել կողմերի եւ համանախագահների հետ, այս մոտեցմամբ էլ հստակեցնելով ԵՄ նկրտումները` մտնելու Մինսկի խմբի գործընթաց ու չբավարարվելով դրանում Ֆրանսիայի մասնակցությամբ: Ավելին, այս առնչությամբ, ըստ Էշթոնի, արդեն իսկ խորհրդակցություններ են ընթանում, եւ սա այն սոուսով, որ հակամարտության կարգավորման ամեն մի ելք մեծ նշանակություն ունի Եվրոմիության համար:
Անգամ, ըստ Էշթոնի, ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պարտավորություն ստանձնելու կարգավորման իրականացման ժամանակ, երբ այդ փուլը գա: «Անելիք շատ կլինի` վերականգնումից, ականազերծումից ու փախստականներից մինչեւ տնտեսական վերականգնում եւ անվտանգության աջակցության խթանում»: Իսկ որ տարածաշրջանում «այլ գործընկերներ էլ կան, ասենք, Թուրքիան», ԵՄ-ն պետք է սերտորեն համագործակցի նաեւ Թուրքիայի հետ: Այս ամենն էլ իրագործելու համար Էշթոնը Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի նոր թեկնածու է առաջարկել:
Խաղաղ կարգավորման համատեքստում ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ այնուամենայնիվ ընտրություն պետք է կատարեն Հայաստանի եւ Ադրբեջանի լիդերները, հաշվի առնելով իրենց բնակչության շահերը, իսկ ԵՄ-ն` «Մենք գիտենք, թե ինչ ընտրություն կուզեինք, որ նրանք անեն. փոխզիջում ու խաղաղություն»: