Պետական ծառայություններում իրականացրած փոփոխություններից հետո
Կառավարության երեկվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց պետական ծառայությունների մոնիտորինգի արդյունքները ներկայացնելով: Առաջինը նա անդրադարձավ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրավունքների գրանցման ընթացակարգում կատարված փոփոխությանը, որի արդյունքում երկրորդային գրանցումների ժամանակ չեն պահանջվում գույքի տեղազննություն եւ չափագրում: Ծառայության պարզեցման շնորհիվ 1 ամսվա ընթացքում շուրջ 10 հազար քաղաքացի ազատվել է այդ ծախսատար ծառայությունից: Տարեկան այդ ցուցանիշը կկազմի 120 հազար մարդ:
Երկրորդ ոլորտն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալությունն է: Էլեկտրոնային միասնական եւ մեկ պատուհանի համակարգի սկզբունքի ներդրումից հետո էլեկտրոնային եղանակով այս ծառայությունից արդեն օգտվել են շուրջ 50 հոգի: Սակայն, ըստ վարչապետի, նրանց տեսակարար կշիռը դեռեւս փոքր է եւ չի գերազանցում ընդհանուր ձեռնարկությունների գրանցման 10 տոկոսը: «Չնայած կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազել են, դեռեւս առկա են դժգոհություններ, որոնք վերաբերում են սպասարկմանը եւ հերթերին», ասաց Տիգրան Սարգսյանը եւ հանձնարարեց արդարադատության նախարարությանըՙ քննարկել, թե ինչ լրացուցիչ տարածքներ կարող են հատկացվել:
Հաջորդՙ ավտոմեքենաների տեխզննման իրականացման փոփոխությունից հետո շուրջ 70 հազար տեխնիկական զննման կտրոններ տրամադրվել են առեւտրային բանկերին: «Համոզված եմ, որ 3 ամսվա ընթացքում մենք կունենանք էական դրական արձագանք մեր քաղաքացիներից», նշեց վարչապետը:
Չորրորդը վարորդական վկայականներ ստանալու եւ ավտոմեքենա գրանցելու ընթացակարգերի պարզեցման հարցն էր, որի մոնիտորինգը ցույց է տվել, որ կոռուպցիոն երեւույթներն էապես նվազել են, սակայն փոխարենն առաջացել է քաղաքացիների դժգոհությունը սպասարկման որակից: «Կոռուպցիոն ռիսկերը այս պահի դրությամբ առնչվում են այսպես կոչված «դալալներին», որոնք հանդիսանում են միջնորդ, եւ այս երեւույթը նույնպես պետք է վերացվի», շեշտեց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ մոտակա 2 ամիսների ընթացքում մեքենաների գրանցումն ու գրանցումից հանելը չպետք է գերազանցի 1 ժամը, իսկ 2 ամիս հետո այդ ժամանակահատվածը պետք է կրճատվի:
Հինգերորդ հարցը վերաբերում էր վարորդական վկայականների տրամադրման նոր գործընթացի ժամանակ, առողջապահության նախարարարության կողմից վկայական ստանալու համար սահմանափակում հանդիսացող հիվանդությունների ցանկի տրամադրմանը ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի քաղաքացիները զերծ մնան տարբեր տիպի տեղեկանքներ հավաքագրելուց եւ այդ տեղեկանքները ոստիկանությանը ներկայացնելուց: Հանձնարարվեց ձեւավորել միասնական տեղեկատվական բազա, որն այս պահին բացակայում է:
Վեցերորդը պոլիկլինիկաներից քաղաքացիներին տրվող շուրջ 20 տեսակի տեղեկանքների վերացմանն էր վերաբերում, բայց մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ իներցիայով շարունակվում է տեղեկանքների հավաքումը: «Անհրաժեշտ է, մի կողմից, իրազեկել մեր քաղաքացիներին, մյուս կողմից` համապատասխան հաստատություններին, որ այլեւս նման տեղեկանքներ պահանջել չի կարելի», շեշտեց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հայտնեց նաեւ, որ մոնիտորինգի են ենթարկվել կրթության եւ գիտության, ֆինանսների, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների լիցենզավորման գործակալությունները, եւ պարզվել է, որ կոռուպցիոն դրսեւորումները բացակայում են: Խնդիրներ են արձանագրվել էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունում եւ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային տեսչությունում: «Անհրաժեշտ է, որ այս ոլորտներում նույնպես բացառենք կոռուպցիոն երեւույթները», նշեց Տիգրան Սարգսյանը:
Ամփոփելով իր ելույթըՙ վարչապետը եզրակացրեց, որ կառավարության ձեռնարկած միջոցառումները դրական արդյունքներ են տալիս: «Համոզված եմ, որ 2-3 ամսվա ընթացքում այդ արդյունքները շոշափելի կլինեն, որովհետեւ ամեն ամիս տասնյակհազարավոր քաղաքացիներ օգտվում են այս ծառայություններից եւ որակական փոփոխություններ տեսնում նախորդ տարիների համեմատ», ասաց նա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ