«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2011-07-06 | #124, 2011-07-07 | #125, 2011-07-08


ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԵՂ ՎԱՃԱՌԵԼԸ` ԼՈՒՐՋ ԵՎ ՇԱՀԱՎԵՏ ԲԻԶՆԵՍ

Տեղի համար պահանջվող գումարը ո՛չ պետբյուջե է մտնում, ո՛չ էլ թաղման բյուրո

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Մայրաքաղաքում թաղման հողակտոր տրամադրվում է անվճար` մինչեւ 12 քմ, մնացյալ ծառայությունները` փոս փորելը, հանգուցյալի տեղափոխումը, երաժշտության եւ դագաղի տրամադրումը կամավոր սկզբունքով է»: Նման, հայկական իրականությունից չափազանց հեռու հայտարարությունը թաղման բյուրոյի փոխտնօրեն Ռազմիկ Հարությունյանինն է:

Նրա խոսքով, թաղման բյուրոն այսօր միայն զբաղված է գերեզմանատների շահագործմամբ: Գերեզմանի տեղ հատկացնում է տվյալ գերեզմանի վարիչը: Թեպետ Հարությունյանը հավաստիացնում է, որ հողատարածքն անվճար է, սակայն բոլորն էլ, ընդհուպ Հարությունյանը, լսել են, տեղյակ են, որ կլորիկ գումարներ են գանձվում հողահատկացման համար:

Անվճար հողահատկացում իրականում գոյություն չունի: Գերեզմանի տեղ վաճառելը դարձել է «լուրջ եւ շահավետ բիզնես», եւ ամեն մեկը չէ, որ կարող է դրանով զբաղվել: Պետությունից քեզ անվճար հատկացվող «մի կտոր հողը» քեզ վաճառում են նույն պետության ղեկավարներից «դոբրո» ստացածները: Սա համարվում է ամենակոռումպացված ոլորտներից մեկը: Անցյալ տարի գերեզմանների խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը` փաստելով, որ ոլորտում առկա են կոռուպցիա եւ դրամաշորթություն, եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել խնդիրները լուծելու համար:

Օրինակՙ Թոխմախի գերեզմանոցը էլիտարներից է. այստեղ տարածքի համար գները սկսվում են 1000 դոլարից:

Հենց դա է պատճառը, որ վերջին տարիներին մայրաքաղաքում ապրող, սակայն «պրեստիժ» գերեզմանոցի համար բավականաչափ գումար չունեցողները համեմատաբար էժան գումարով գյուղերում են տարածք գնում:

«Դե ֆակտո» ակումբում ներկա մի քանի տասնյակ լրագրողները բազմաթիվ պատմություններ էին ներկայացնում, թե ինչպես են իրենց ծանոթից, հարազատից, բարեկամից գումար պահանջելՙ գերեզմանի տեղ հատկացնելու: Բերված բոլոր փաստարկներին, պատմություններին ու հարցադրումներին Հարությունյանը միայն պատասխանում էր. «Եկեք բոլորս միասին պայքարենք»:

Թեպետ բոլոր գերեզմանատների վերադասը թաղման բյուրոն է, ու գերազմանատների տնօրենները թաղման բյուրոյից աշխատավարձ են ստանում, սակայն, Հարությունյանի խոսքերով, իրենք վերահսկողական լծակներ չունեն: Տեղյակ չեն, որ գերեզմանատների տնօրենները տարածքի տրամադրման համար գումարներ վերցնում են. ավելինՙ այդ գումարից իրենց բաժին չի հասնում:

Թաղման բյուրոյի վատ աշխատանքի եւ անհետեւողականության պատճառն այն է, որ մայրաքաղաքում գործում է 21 գերեզմանատուն, բայց կան մեկ ինժեներ եւ մեկ տնօրեն: «Կարող էՙ մեկ օրում 30 հուղարակավորություն է, ինչպե՞ս վերահսկողություն սահմանել: Դրա համար կան հատուկ ծառայություններ` ոստիկանություն, դատախազություն, մարդիկ, որոնք պետք է հսկեն` գումար վերցրե՞ց, թե՞ ոչ»:

Հարությունյանն առաջարկում է, որ հանգուցյալի հարազատները ոստիկանությանն ահազանգեն, որ հողահատկացման համար իրենցից անօրինական գումար են պահանջում: «Հանգուցյալի տերը ինչո՞ւ է գումար տալիս, քարը թող վերցնի, տա գլխին: Դրանք ոչ պետբյուջե են մտնում, ոչ էլ իմ գրպանը: Ես չգիտեմ, թե այդ գումարները ուր են գնում եւ ում են տալիս», ասում է նա:

Թաղման բյուրոյի փոխտնօրենը նշում է, որ որոշ ժամանակ անց մայրաքաղաքում այլեւս հողատարածք չի մնա գերեզմանոցի կառուցման համար:

Հարությունյանը որպես խնդրի լուծման միակ տարբերակ ներկայացնում է դիակիզարանների կառուցումը: «Անձամբ կողմ եմ, որ ինձ դիակիզեն», ասում է Հարությունյանը` հավելելով, որ եթե ներկայիս 12 քմ տարածքում տեղավորվում է 5 դագաղ, ապա դիակիզարան կառուցելու դեպքում նույն տարածքի վրա կտեղադրվի 18 սափոր:

Թեպետ դիակիզարան կառուցելու խոսակցությունները շարունակվում են արդեն 2 տարի, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկվել: Գլխավոր պատճառ ներկայացվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը:

Սակայն կարեւորագույն հարց է նաեւ այն, որ Մայր աթոռը կտրականապես դեմ է դիակիզման գաղափարին:

«Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում այդ գաղափարը: Քրիստոսը մարմնով բարձրացավ երկինք, հետեւաբար նրա հետեւորդներն էլ պետք է մարմնով բարձրանան երկինք», ասում է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Ռազմիկ Հարությունյանը հակադարձում է. դիակիզման դեպքում 70-80 տոկոս հողատարածք կձեւավորվի:

Սրբազանն էլ թաղման բյուրոյի փոխտնօրենի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ գերեզմանների վրա հայերը եկեղեցի են կառուցում, դամբարաններում` շատրվաններ, մարմարակերտ շինություններ ու արձաններ:

«Թաղման արարողությունները վերածվել են աբսուրդի, չես հասկանում, ո՞ր օրենքի համաձայն է կատարվում այդ ողջ արարողությունը: Քրիստոնեակա՞ն, թե՞ ոչ քրիստոնեական: Չունենք դեմք, չունենք դիմագիծ: Կենցաղը լրիվ աղավաղված է Այսօր թաղումը վերածվել է էլիտար ինչ-որ բանի, թե ով ինչ դրեց սեղանին ու որքան», ասում է հայր Կոմիտասը:

Համաձայն եկեղեցական օրակարգիՙ թաղումից հետո հանգուցյալի հարազատները պետք է գերեզման գնան յոթին, քառասունքին եւ տարուն:

«Մինչդեռ այսօր հանգուցյալի բարեկամները ամեն շաբաթ գերեզման են գնում, հետո վերադառնում տուն, սեղան գցում, դա լրիվ արժեզրկված վարքագիծ է: Ժողովուրդը բարոյապես նահանջ է ապրել: Կենացներն, ըստ ավանդության (ինչը ոչ մի կապ չունի եկեղեցական կանոնների հետ:- Ծ.խ.) երեքն են: Առաջին բաժակով պետք է հիշեն հանգուցյալին, հետոՙ տան հին ու նոր հանգուցյալներին, իսկ երրորդ բաժակով հանգուցյալի ընտանիքի անդամները շնորհակալություն հայտնեն, որ հարգել են իրենց վիշտը եւ եկել հարգելու հանգուցյալի հիշատակը: Մինչդեռ այսօր սեղանները գցում են ու կենացները կամաց-կամաց քաղցրանում են: Քիչ է մնում Թաթա Սիմոնյանին հրավիրեն երգելու», ասում է սրբազանը:

Հ. Գ. - Այսօր հանրապետության էլիտար մասսան ոչ միայն հոգեհանգիստ է մատուցում ռեստորաններում, այլեւ լուսանկարչի եւ օպերատորի հրավիրում, ովքեր արտասահմանում ապրող բարեկամների համար լուսանկարում ու ձայնագրում են թաղման ողջ արարողությունը: Հատկապես օպերատորին զգուշացնում են, որ ուշադրություն դարձնի սեղանի պարունակությանը, գերեզմանի մեծությանը, դագաղի որակին ու հագուստին եւ խոշոր կադրերով նկարի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4