Հուլիսի 6-ի առավոտյան ժամը 5-ին մոտ անհայտ անձինք մետաղյա ճաղերի արանքից կոտրել են Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակի (Գյումրի) պատուհանի ապակին եւ հեղուկ վառելանյութով հրկիզել պատուհանն ու պատուհանագոգը: Գրասենյակի հարեւանությամբ ապրող մարդիկ, տեսնելով կրակը, զանգահարել են հրշեջ ծառայություն եւ ինքնուրույն միջոցներ ձեռք առել հրդեհաշիջման համար, ինչից հետո հրդեհը հանգցրել են: Ուսումնասիրությունից պարզվել է, որ էականորեն վնասվել է գրասենյակի դասընթացների սրահի գույքի մի մասը եւ սրահն ամբողջությամբ, ինչի նորոգման անհրաժեշտ ծախսը գերազանցում է 600.000 դրամը:
Հայտնելով այս մասին, երեւույթը դատապարտող համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Գյումրու, Շիրակի մարզի, Երեւանի, Վանաձորի, Գորիսի ընդհանուր առմամբ շուրջ վեց եւ կես տասնյակ հասարակական կազմակերպություններ: «Մենք` հայաստանյան քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս», ասված է հայտարարության մեջ, «մտահոգություն ենք հայտնում այս հարձակման եւ հրկիզման կապակցությամբ, դատապարտում ենք այս հարձակումը ծրագրողների եւ իրականացնողների հանդգնությունը, նշելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ փորձում են այս մեթոդներով ահաբեկել կամ պատժել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությանը եւ իրավապաշտպաններին:
Ոստիկանությունը պարտավոր է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել` շուտափույթ բացահայտելու հանցագործության անմիջական կատարողներին եւ պատվիրողներին, ապահովել բավարար հրապարակայնություն գործի ընթացքի մասին»:
Հայտարարության հեղինակներն իշխանություններին կոչ են արել հրապարակավ դատապարտել բռնության նման դրսեւորումները եւ աջակցել կազմակերպության ու Գյումրու գրասենյակի բնականոն գործունեության շարունակմանը:
Գ. Մ.