Գաճաճ, բայց ճանաչված երկրներ
Որքան էլ ճիշտ չի համարվում մեծ քաղաքականությունը մարդկային սովորական հարաբերությունների հետ համեմատելը, ակնհայտ է, որ առաջինն ի վերջո երկրորդի արդյունք է, հետեւանք: Ասենք, ի՞նչ տարբերություն այս երկու դրվագների միջեւ, երբ հարուստ հարեւանը կարիքավորին պարբերաբար տրամադրում է օգնություն` լինի դրամի, մթերքի տեսքով, զուտ այն բանի համար, որ կարիքավորը ունի հողատարածք իր հողատարածքի կողքին, եւ ինքը, լավություն անելով, ցանկանում է հող նախապատրաստել` կարիքավորի հողատարածքը սեփականացնելու համար: Մեծ քաղաքականության մեջ էլ, ասենք, գերտերությունը պարբերաբար ֆինանսավորում է փոքր պետությանը, անգամ անհատույց, որովհետեւ վերջինիս տարածքում ցանկանում է տեղակայել ռազմաբազաներ. եթե ոչ ամբողջությամբ, գոնե ըստ էության սրանք նույնը չե՞ն: Մեկ այլ օրինակ. ծնողը մշտապես ճնշում է երեխային, խախտում վերջինիս իրավունքները, եւ երեխան, մեծանալով, հայտարարում է, որ ինքն ուզում է առանձին ապրել. իրավունք չունի՞. իհարկե ունի: Ծնողները կամ համաձայնում են, կամ չեն համաձայնում, ու երբեք չեն հաշտվում փաստին, բայց փաստն այդուհանդերձ կայանում է, կամ ծնողներին հաջողվում է երեխային համոզել, եւ վերջապես կամ էլ երեխան գիտակցում է, որ ինքը չի կարող առանձին ապրել եւ որոշ ժամանակ անց վերադառնում է: Այժմ այս օրինակը քաղաքականությունում. որպես ինքնավարություն ճանաչված միավորը, անշուշտ, իրավունք ունի որոշելուՙ անկախ ապրել կենտրոնական իշխանությունից, մանավանդ երբ տվյալ պետության օրենսդրությունը, միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները դրան որեւէ արգելք չեն դնում: Եթե կենտրոնական իշխանությունները համաձայնում են, ապա որեւէ խնդիր չկա, օրինակ` Հարավային Սուդանում անցած հունվարին անցկացված հանրաքվեի արդյունքները, երբ կենտրոնական` Սուդանի նախագահը նախօրոք հայտարարեց, որ ինքը կընդունի հանրաքվեի արդյունքը, որն, ինչպես հայտնի է, հռչակեց Հարավային Սուդան նոր պետությունը: Երկրորդ տարբերակը, երբ փաստը կա, բայց կենտրոնը չի ընդունում եւ չի հաշտվում, թերեւս ամենալավ արտահայտված է Կոսովոյում. Բելգրադը չի դադարում հայտարարել, որ երբեք չի հաշտվելու Կոսովոյի անկախության փաստի հետ, սակայն դա չի խանգարում, որ կոսովցիները անկախ ապրեն, եւ նրանց պետությունը ճանաչեն մի քանի տասնյակ երկրներ: Այժմ մի փոքր մանրամասնենք այն դեպքը, երբ «ծնողները համոզում են երեխային»: Միանգամից նկատենք, որ սա քաղաքականության մեջ այնքան էլ այդպես չէ, այլ շատ ավելի «չարաճճիություն», երբ անկախություն հռչակելովՙ տվյալ միավորն ընդամենը որոշ նպատակներ ունի, ոչ` բուն անկախությունը: Օրինակՙ Կոնկի հանրապետությունը, որը գտնվում էր ԼՂ հիմնահարցի հետ կապված մեզ շատ ծանոթ ԱՄՆ-ի Քի Վեսթ քաղաքի տարածքում:
«Բողոք-պետություն»
Ամեն ինչ սկսվեց 1982-ին, երբ ԱՄՆ-ի սահմանային գերատեսչությունը բլոկ-պոստ դրեց Քի Վեսթը Մայամիին միացնող մայրուղում: Սրանից հետո Կարիբյան ծովի նավահանգստային Քի Վեսթով ԱՄՆ էին մուտք գործում անօրինական միգրանտներ, թմրամիջոցներ եւ այլն: Բնականաբար սա խիստ մտահոգում եւ անհանգստություն էր պատճառում տեղացիներին: Հետեւաբար` քիվեսթցիները բողոքով դիմեցին դաշնային կառավարությանը, անգամ դատական գործ հարուցվեց վերջինիս դեմ, սակայն անարդյունք: Հենց այդ ժամանակ Քի Վեսթի քաղաքապետը քաղաքի տարածքում հռչակեց Կոնկի հանրապետություն, իրեն` վերջինիս վարչապետ, ԱՄՆ-ին հայտարարեց «մեկրոպեանոց» պատերազմ, հետո հանձնվեց` պահանջելով մեկ տրիլիոն դոլար` որպես հումանիտար օժանդակություն պարտվողներին: Անշուշտ, այս ամենի նպատակը ոչ թե նոր հանրապետության հռչակումն էր, այլ հասարակության ուշադրության բեւեռումը խնդրին, որը նման իրարանցումից հետո շատ արագ լուծվեց: Սակայն, վստահաբար, եթե քիվեսթցիները բուն անկախության ճանապարհին ավելի հետեւողական լինեին, նրանք ԱՄՆ-ում ձեռք կբերեին բազմաթիվ համախոհներ, քանի որ Կոնկի հանրապետության գոյության ողջ ընթացքում ամերիկյան հասարակության եւ ԶԼՄ-ների համակրանքը` «ազատության համար պայքարող քիվեսթցիների կողմն էր»: Ի վերջո ԱՄՆ-ին հաջողվեց, ինչ-ինչ պահանջեր կատարելով, «համոզել» Քի Վեսթին դադարել անվանվել Կոնկի հանրապետություն: Սակայն փաստը, որ սեփական իրավունքների ոտնահարման պատճառով կարելի է հասնել անկախության եւ այդ նպատակն իրագործելիս ձեռք բերել համախոհներ, Կոնկի հանրապետությունը ապացուցեց:
«Խորհրդանշական պետություններ»
Ընդամենը մի քանի առանձնատներ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, ամենեւին էլ Հռոմ չեն, ավելին` Իտալիա էլ չեն. դա Սուվերեն Մալթայական Օրդեն պետությունն է` շուրջ տասը հազար քաղաքացիներով: Այս պետության անձնագիր ստանալը բավական բարդ գործընթաց է, սակայն պետության քաղաքացին իրավունք ունի առանց վիզա մուտք գործելու աշխարհի ավելի քան 32 պետություն: Պետական լեզուները իտալերենն ու լատիներենն են: Հռոմում բավական ուշագրավ մի դարպաս կա, որի միջով միաժամանակ երեւում են երեք պետություններ` Սուվերեն Մալթայական Օրդենը, Վատիկանը եւ Իտալիան: Այս դարպասը մշտապես հսկում են ընդամենը երկու կարաբինավորներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` 1942-ին, բրիտանական ռազմածովային ուժերի ափամերձ շրջանում տեղակայվել էին մի շարք աշտարակներ: Դրանցից մեկը` Ռաֆս-Թաուերն էր` «խուլիգանների աշտարակը»: Ռազմական գործողությունների ավարտին այս աշտարակներից մի մասն ավերվել էին, սակայն, Ռաֆս-Թաուերը պահպանվել էր, քանի որ գտնվում էր բրիտանական ջրային սահմաններից դուրս: Այսօր այնտեղ Սիլենդի անկախ իշխանապետությունն է: 1966-ին բրիտանական բանակի պահեստազորի սպա Փեդդի Ռոյ Բեյթսը «աշտարակը» հայտարարեց ինքնավար պետություն, իսկ իրեն` իշխան` Ռոյ 1-ին: 1967-ի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Սիլենդի անկախ պետությունը, որն 1972-ից ունի սեփական արժույթը: Որոշ ժամանակ անց Սիլենդն ունեցավ նաեւ սահմանադրություն, դրոշ, զինանշան եւ անկախությունը հաստատելու բոլոր հիմքերը: Մասնավորապես, երբ 1968-ին բրիտանական դատարանը որոշում կայացրեց, որ բրիտանական օրենսդրությունը դադարում է կիրառվել Սիլենդում, որեւէ այլ պետություն չհայտարարեց այնտեղ իր իրավունքների հաստատման մասին: Հետեւաբար` Սիլենդը անկախություն է հռչակել ջրային չեզոք տարածքում: Բացի սրանից, միջազգային իրավունքի համաձայն, պետության չափերը չեն կարող խոչընդոտել պետության ճանաչմանը, օրինակ, էլի անկախ Պիտկերն կղզում ընդամենը ապրում են 60 հոգի: Եվ վերջին հիմքը` Մոնտեվիդեոյի կոնվենցիան` ընդունված 1933-ին համաամերիկյան 7-րդ համաժողովում, որի մասին մեր թերթն արդեն գրել է: Հիշեցնենք` կոնվենցիան հաստատում է, որ պետությունն իրավունք ունի գոյության եւ ինքնապաշտպանության` անկախ պաշտոնապես ճանաչված լինելու հանգամանքից:
Երբ համագոյակցությունը անհնար է
Ավելի քան 30 տարի աֆրիկյան Էրիթրեայի ժողովուրդը պայքարեց անկախության հասնելու համար: Երբ 1991-ի մայիսին Եթովպիայում քաղաքացիական պատերազմից հետո իշխանությունները լքեցին այդ երկրամասը, Էրիթրեան ստացավ, փաստորեն, իր անկախությունը: 1993-ին երկրում անցակցվեց հանրաքվե, բնակչության 99,8 տոկոսը արտահայտվեց անկախության օգտին. նույն տարվա մայիսի 24-ին հռչակվեց Էրիթրեայի անկախ պետությունը: Հատկանշական էր Եթովպիայի պահվածքը: Նախապես հայտարարած լինելով, որ ինքը դեմ է Էրիթրեայի հանրաքվեին, այդուհանդերձ դրա արդյունքների հրապարակումից հետո Եթովպիան նորանկախ պետության հետ կնքեց մի շարք պայմանագրեր: Մասնավորապես` Եթովպիան իրավունք էր ստանում ազատ օգտվելու Էրիթրեայի տարածք անցած Ասեբ նավահանգստից, բացի սրանից` «Եթովպիա Էրլայնս» ընկերությունը իրավունք էր ստանում օգտվելու Ասմերի օդանավակայանից, եթովպական արժույթը` բիրրան, շրջանառության մեջ էր մտնում նաեւ Էրիթրեայում, եւ երկու երկրների քաղաքացիների համար ապահովում էր ազատ ելումուտ` միմյանց տարածքներ: Սակայն որոշ ժամանակ անց սահմանային բախումների պատճառով այս` երկկողմ փոխշահավետ տնտեսական գործակցությունը կասեցվեց: Երբ ստեղծված իրավիճակը քննարկվում էր ՄԱԿ-ում, ԱՄՆ-ը, որը ցանկանում էր ռազմաբազա կառուցել Ասմերում, հանդես էր գալիս Եթովպիայի «տարածքային ամբողջականության պահպանման օգտին»: Ի վերջո ՄԱԿ-ը որոշում կայացրեց Եթովպիան եւ Էրիթրեան դաշնության շրջանակում միավորելու մասին, սակայն սա էլ երկար չտեւեց. այսօր Էրիթրեան ՄԱԿ-ի եւ Աֆրիկյան միության անդամ է:
Սպասվում է, որ առաջիկայում Պաղեստինը կհռչակի իր անկախությունը, ինչպես շարունակում է իրանական «թաբնաք.իռ» կայքը` մեջբերելով իսրայելական թերթերին, այս շղթան շարունակական է: Մասնավորապես Միջին Արեւելքի սրտում կհայտնվի Քուրդիստան պետությունը, Եմենի հարավը կհռչակի իր անկախությունը, Սաուդյան Արաբիան կմասնատվի` «Սուրբ երկրի» եւ «Նավթային մեր երկրի», Արեւմտյան Սահարան կանջատվի Մարոկկոյից...
«Ազգը» առաջիկայում եւս կներկայացնի որոշ գաճաճ, բայց միջազգայնորեն ճանաչված, չճանաչված, կիսաճանաչված, «լուռ ճանաչված», բայց, միեւնույնն է, պետություններ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ