Առավոտը սկսվեց Հայր մերով: Արեւմտյան Հայաստան ուխտագնացության վեց օրվա ընթացքում այդ գեղեցիկ ավանդույթը երբեւէ չխախտվեց: Ճանապարհին աղոթում էինք, իսկ եկեղեցիներում «Տեր ողորմյա» երգում: Դա փոքրիկ արարողություն էր, որ յուրաքանչյուրը կատարում էր մեծ նվիրումով: Մեզ թվում էր, թե աղոթքը թեւեր է առնում եւ հանգստություն պարգեւում ոչ միայն անմեղ նահատակներին, այլեւ ուժ տալիս մզկիթի ու գոմերի վերածված հայկական եկեղեցիներին, նրանց գոտեպնդում` արիաբար դիմանալու վիրավորանքին ու մահմեդական ծաղրուծանակին:
Ճանապարհը տանում էր դեպի Վան` Թովմա Արծրունու, Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Խրիմյան Հայրիկի, Արմենակ Եկարյանի, Փանոս Թերլեզեմյանի, Գուրգեն Մահարու, Վարդան Աճեմյանի ծննդավայրը:
Ավանդական պատմագրության մեջ Վան քաղաքը կոչվել է Շամիրամակերտ: Մովսես Խորենացին պատմում է, որ Արա արքայի մահվանից հետո Շամիրամը գալիս է Հայաստան, ճանապարհին կանգ առնում Վանա լճի ափին: Ասորիների թագուհին հրապուրվում է բնությամբ, սառնորակ աղբյուրներով եւ Վանա լճի ափին կառուցում Շամիրամակերտ քաղաքը: Այսօր էլ Վան քաղաքում կա Շամիրամի անունով թաղ: Սա իհարկե առասպել է, սակայն հազարամյա պատմություն եւ մշակույթ ունեցող բոլոր քաղաքների մասին էլ գրվել են առասպելներ, հորինվել հերոսապատումներ:
Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. IX դարի առաջին կեսում: Հնագույն շրջանում կոչվում էր Տուշպա: Ուրարտական պետության կենտրոնական շրջանի Բիայնա երկրում ապրող հայերը քաղաքը կոչել են Վան: Վան անունը համարում են Բիայնայի տառադարձությունը, որը նշանակում է «ապրելու տեղ», «բնակավայր»:
Վանում զարգացած էին ճարտարապետությունը, քանդակագործությունը, գրականությունն ու արվեստի մնացյալ ճյուղերը: Մինչեւ Հայոց ցեղասպանությունը քաղաքում եւ կից Այգեստանում ապրում էին բնիկները` հայերը:
Այսօր քաղաքը հիմնականում քրդաբնակ է:
Պատմագրական աղբյուրներում պահպանվել են բազմաթիվ հիշողություններ Վանի մասին: Զբոսաշրջիկներն ու պատմիչները Վանը ներկայացնում են բնության եւ ճարտարապետական լուծումներով ներդաշնակ մի քաղաք, որը ապշեցնում էր իր գեղեցկությամբ արեւելքի եւ արեւմուտքի ժողովուրդներին:
Ներկայիս Վանը ճարտարապետական լուծումներով ու պատմական դիմագծով չի առանձնանում: Բնաջնջելով եւ բռնագաղթի ենթարկելով Վանի բնիկ ժողովրդին` հայերին, թուրքերը մեկ վայրկյան անգամ չհապաղելովՙ ոչնչացրել են նաեւ հայկական տները, թաղամասերը, ավերել են հայկական եկեղեցիները: Վան քաղաքում հայի ներկայությունը հիշեցնող շենքեր չեն պահպանվել:
Հայկական դպրոցները, թաղամասերն ու եկեղեցիները, որոնք մեկ դար առաջ քաղաքի զարդն են հանդիսացել, այսօր ավերված վիճակում են:
Դժվար է խոստովանելը, սակայն ներկայիս Վանը խորթ է հայ ուխտագնացին: Քաղաքը չի պահպանել իր ճարտարապետական դեմքը: Քաղաքում վեր են խոյանում գունավոր բարձրահարկ շենքեր, շատրվաններ, մի քանի տասնյակի հասնող մզկիթներն ու Աթաթուրքի արձանները: Ճարտարապետական համակարգված որեւէ լուծում քաղաքում չկա:
XX դարի սկզբին Վանում եղել է 12 եկեղեցի, որոնցից 10` գործող: Քաղաքում գործել են Կեդրոնական եւ Երամյան վարժարանները: Այսօր վարժարանների շենքերը պահպանված չեն, իսկ եկեղեցիները հիմնականում վերածված են գոմերի, աղբանոցների, որտեղ քրդերը պահում էին իրենց խոտը կամ եկեղեցին օգտագործում որպես փարախ: Թեպետ Վանի նահանգապետը խոստացել էր, որ քաղաքի եկեղեցիները պետք է մաքրվեն, նորոգվեն եւ դառնան գործող, դրանք այդպես էլ մնացին խոսքեր, բացառությամբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու:
Վարագա լեռան զույգ վանքերը գտնվում են համանուն լեռան վրա: Երկու վանքերն էլ Սուրբ Նշան անունն էին կրում: Ժամանակին շեն ու հզոր Վերին Վարագա եկեղեցին այժմ ավերակ է: Պահպանված քարերն ու փլակույտերի մնացորդները մարդկային դաժանության մասին են վկայում:
Ներքին Վարագի վրա է գտնվում Սուրբ Նշան Վարագա վանքը: Այն կոչվում է նաեւ Մենաստան Վարագա Սուրբ Խաչի: Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում: 1860-ականներին եկեղեցին համբավ ձեռք բերեց Խրիմյան Հայրիկի օրոք, որը տեղի վանահայրն էր: Խրիմյան Հայրիկը բացեց գիշերօթիկ ժառանգավորաց դպրոցը, հիմնեց տպարան եւ հրատարակեց «Արծիվ Վասպուրականի» ամսագիրը:
Վասպուրական աշխարհի պաշտելի սրբավայրերից մեկն այսօր կիսավեր մի շինություն է: Եկեղեցին տարիներ շարունակ ծառայել է իբրեւ գոմ եւ միայն մի քանի տարի առաջ հայ նվիրյալ ընտանիքի` Վոլոդյա եւ Հռիփսիմե Առուշանյանների ջանքերով ու աջակցությամբ մաքրվել ու բարեկարգվել է: Նրանք պատմում ենՙ երբ առաջին անգամ Վարագա եկեղեցի այցելեցին, այն վերածված էր սովորական աղբանոցի: Խոսքերով դժվար է նկարագրել, թե ինչպիսի տեսք ուներ եկեղեցին այդ ժամանակ: Եկեղեցու հարեւանությամբ ապրող քրդերը 11 դարի կենսագրություն ունեցող կառույցը օգտագործում էին որպես աղբանոց եւ գոմ: Համապատասխան վարձատրության դիմաց տեղացի քրդերից մեկը համաձայնում է մաքրել տարածքը աղբից եւ անասունների կեղտից: Քուրդը պատմում էր, որ 10 բեռնատար մեքենա աղբ է դուրս հանել եկեղեցուց:
Այսօր էլ եկեղեցում կարելի է զգալ գոմի, աղբի, անասունների ու խոնավության հոտը: Արեւմտյան Հայաստանի պահպանված բոլոր եկեղեցիների նման Վարագա վանքում էլ շուրջ մեկ դար աղոթք չի հնչել, պատարագ չի մատուցվել, խունկ չի ծխվել: Խունկի եւ մոմի բույրի փոխարեն եկեղեցում զգացվում է խոնավության սաստիկ հոտը: Եկեղեցու գմբեթը հիմնովին ավերվել է, դուռը փայտյա է, ամեն անգամ բացել-փակելուց տպավորություն է ստեղծվում, որ եկեղեցին կփլվի: Եկեղեցու խորանը չի պահպանվել, ներսը չի լուսավորվում: Պատերին` մթության մեջ, կարելի է նշմարել արդեն խամրացած որմնանկարները, սրբերի պատկերներն ու խաչերը: Բազմաթիվ որմնանկարներ խունացել են, գունաթափվել, բազմաթիվ քանդակներ, հատկապես խաչքարերը, քերված են, տձեւացած: Թուրքերն ու քրդերը այսպես են արտահայտել իրենց ատելությունն ու անհանդուրժողականությունը քրիստոնեության եւ հայերի հանդեպ:
Առավել անմխիթար ու սարսափելի է եկեղեցու տեսքը դրսից: Երբեմնի գեղեցիկ ու հզոր եկեղեցին այսօր կուչ է եկել, թաքնվել քրդական տների ու գոմերի մեջ: Եկեղեցու ներսում գտնվում է գանձանակ: Եկեղեցի այցելող ուխտավորները այնտեղ որոշակի նվիրատվություն են անում, որ եկեղեցուն հետեւող քուրդը, որը խնդրեց իրեն չներկայացնել, բարեկարգի եկեղեցին, թույլ չտա, որ հարեւան քրդերը եկեղեցին որպես աղբանոց օգտագործեն: Այժմ եկեղեցին կողպված է: Փայտյա դուռը բացվում է միայն այն ժամանակ, երբ եկեղեցին հյուրեր է ունենում: Գանձանակի հարեւանությամբ կարելի է գտնել մի քանի հաստափոր գրքեր: Հուշամատյաններ են, որտեղ հանդիպում ես մտահոգության, անհանգստության ու ցավի:
Այստեղ իրենց զայրույթն ու ցավն են արտահայտել ոչ միայն հայ զբոսաշրջիկները, այլեւ օտարները:
Ջոն անունով զբոսաշրջիկը գրում է, որ ցնցվել ու սարսռել է, երբ մտել է եկեղեցի ու կատարյալ լռության մեջ մենակ մնացել աստվածաշնչյան պատկերների հետ:
«Այդ պահին ես գիտակցեցի, որ գտնվում եմ հազարամյա պատմություն ունեցող մի տաճարում եւ խոնարհվում եմ մի ժողովրդի առաջ, ում մասին մինչ այս ճամփորդությունը ոչինչ չգիտեի»:
Քաղաքի հյուսիսային մասի հարթության վրա բարձրանում է Վանի միջնաբերդն իր հռչակավոր արձանագրություններով: Քաղաքի հյուսիսարեւելյան մասում գտնվում են Թոփրակ-կալեի բարձունքները: Հենց այստեղ կատարված բազմաթիվ պեղումներով հայտնաբերված հնությունները բացահայտեցին Վանի պատմական անցյալը: Ժամանակին այդ հնությունների գերակշռող մասը կամ հափշտակվել է, կամ պահվում է եվրոպական թանգարաններում: Բերդ հասնելու համար անհրաժեշտ է կտրել անցնել զառիթափ բարձունքը: Այստեղ ուխտագնացը հանդիպում է փորված քառակուսի դահլիճների, որոնք զարդարանքներ չունեն: Բերդի բարձունքի վրաՙ նորակառույցի մզկիթի հարեւանությամբ կարելի է գտնել հայկական խաչքարեր: Դրանք թուրքերն օգտագործել են որպես սալահատակ: Բերդում հեթանոսական եւ Արծրունիների ժամանակաշրջանի որեւէ կառույց չի մնացել. դրանք կործանել է Լենկթեմուրը 1392թ.:
Դեռեւս մեկ ամիս առաջ Վանա բերդի հարեւանությամբ գտնվող հայկական փոքրիկ մատուռն ու գերեզմանաքարը մեր այցելության ժամանակ արդեն չկային: Հայկական արձանագրությամբ հանված գերեզմանաքարի տեղը դեռ թարմ էր, հարեւանությամբ հսկայական մզկիթ էին կառուցում. հայկական մատուռի տեղում նույնպես շինարարություն էր: Քուրդ շինարարը մեզ սպառիչ պատասխան չտվեց, թե հայկական եկեղեցու փոխարեն ինչ են կառուցում. ամենայն հավանականությամբ դա հերթական մզկիթն է:
Վանա լճի ափից նավակով ընդամենը 20 րոպե ուղեւորություն, ու հանդիպում ես Վասպուրական աշխարհի զարդին` Աղթամար կղզուն եւ Սուրբ Խաչ եկեղեցուն:
Եկեղեցին այսօր կանգուն վիճակում է. թուրքական կառավարությունն այն մեկ տարի առաջ է վերանորոգել, սակայն հայ ճարտարապետները հավաստիացնում են, որ տաճարի ներսում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ եւ ձեւախեղումներ: Ամբողջ Արեւմտյան Հայաստանում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին Տիգրանակերտի Սուրբ Կիրակոսի հետ այն հազվագյուտներից են, որոնք մզկիթի չեն վերածվել, աղբանոց չեն եւ գործում են որպես հայկական եկեղեցի:
Տաճարի ներսում հանդիպում ես բազմաթիվ որմնանկարների, աստվածաշնչյան պատկերների ու խաչի տեսարանների: Մոմ թույլատրվում է վառել միայն դրսում: Թեպետ քրիստոնյա աշխարհը միշտ հայտարարում է, որ եկեղեցու դռները բաց են բոլորի առաջ, իսկ հոգեւորականը միջնորդ է Աստծո եւ մարդու միջեւ, սակայն թուրքերի պարագայում դա խախտվել էր: Եկեղեցու ներսում հոգեւորական չկար, հոգեւորականի փոխարեն տաճար այցելողներին դիմավորում եւ հսկում է թուրք ոստիկանը:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին զբոսաշրջության լավագույն վայրերից մեկն է: Մեր այցելության ժամանակ եկեղեցի էին այցելել բազմաթիվ զբոսաշրջիկներ Գերմանիայից եւ Կանադայից: Նրանք իհարկե տեղյակ էին, որ եկեղեցին հայկական է, սակայն անընդհատ շեշտում էին եկեղեցու կանգուն վիճակն ու խաչի ներկայությունը` հավելելով, որ թուրքերը փաստորեն շատ դեմոկրատ եւ զարգացած ժողովուրդ են: Ցավոք, այդ զբոսաշրջիկները Վանի մնացյալ եկեղեցիները չէին այցելել:
Խաչի ներկայությունը անդադար շեշտում են նաեւ թուրքերը: Հենց եկեղեցու հարեւանությամբ գտնվող տաղավարներում վաճառվում են սարսափելի հայերենով գրքեր եկեղեցու մասին: Հեղինակները նշում են, որ Սուրբ Խաչը քրիստոնեական տաճար է: Ո՞վ է հեղինակը եւ ովքե՞ր են կառուցել այնՙ գրքում ոչ մի խոսք չկա: Նրանք գրում են, որ թուրքական իշխանությունների մեծահոգությամբ եկեղեցին վերանորոգվեց, գմբեթին խաչ տեղադրվեց, այդպիսով դառնալով քրիստոնյա բազմաթիվ ուխտավորների, հատկապես հայերի ամենասիրելի վայրը:
Դրսից եկեղեցու տեսքը հրաշալի է: Զարդանախշերը, քանդակներն ու կամարները ընդգծում են եկեղեցու գեղեցկությունն ու երբեմնի փառքը:
Եկեղեցու բակում տեղադրված են բազմաթիվ հայկական գերեզմանաքարեր, հայկական արձանագրություններ ու խաչքարերից պատառիկներ: Դրանց մեծ մասը դարերի պատմություն ունի ու վկայում է հայի ներկայության մասին:
Վանում է գտնվում նաեւ Ագռավի կամ Ակրփու քար կոչվող ժայռը, որը, ըստ ավանդության, կապված է Սասունցի Դավիթ էպոսի հետ: Փոքր Մհերն իր հոր` դյուցազուն Դավթի անեծքի պատճառով փակվում է ժայռ-քարանձավի մեջ: Քարանձավի դռները բացվում են տարվա մեջ մեկ անգամ, երկնքից իջնում է մանանա, որով սնվում են Մհերն ու իր ձին:
Համաձայն ավանդությանՙ Մհերն իր ձիու հետ այդտեղ պետք է մնա այնքան ժամանակ, մինչեւ աշխարհում թագավորեն մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունն ու գաղափարական կյանքը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Վան-Երեւան
Հ. Գ. Վան այցելության ճանապարհին հայ ուխտավորների խումբը այցելեց հայոց բիբլիական Արարատ սարը: Մինչ մոտենալը Արարատի գագաթին ամպեր էին կուտակված: Որքան մենք մոտենում էինք, այնքան ամպերը հեռանում էինՙ արեւի ճառագայթների մեջ փայլեցնելով Արարատի գագաթը: Ընդամենը 20 րոպե անց, երբ մենք արդեն հեռանում էինք, կրկին մութ ամպեր հավաքվեցին Արարատի գագաթին: Կարծես բնությունն էլ զգում էր, թե ովքեր են այցելուները:
Արեւմտյան Հայաստան ուխտագնացության համար շնորհակալություն ենք հայտնում «Անի տուր» տուրիստական գործակալությանը:
Նկար 1. Մհերի դուռը
Նկար 2. Աղթամար կղզի
Նկար 3.Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի