«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2011-07-07 | #125, 2011-07-08 | #126, 2011-07-09


«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ»` Euromoney-Ի ԱՅՍ ՏԱՐՎԱ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Երեկ Լոնդոնում «Ամերիաբանկին» հանձնվել է Euromoney 2011 Գերազանցության մրցանակը` որպես տարվա լավագույն բանկի Հայաստանում: 1992-ից Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով բարձրակարգ պարգեւներ: Այս մրցանակը ներառում է բանկային համակարգի եւ կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 25 մրցանակ: Եվ այդ մրցույթին սովորաբար մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր, բրոքերային եւ դիլերային ընկերություններ: Մրցույթի կազմակերպիչները «Ամերիաբանկին» հաղթող են ճանաչել` հաշվի առնելով մի շարք կարեւոր չափանիշներ. բանկի արդյունավետ կառավարման համակարգը, տեղական շուկայում ընդլայնվող դիրքերը, նոր ծառայությունների ներդրումը` գնման պատվերի ֆինանսավորումը, դասական ֆակտորինգը, կառուցվածքային ավանդը, ոսկով մետաղական հաշիվները, ինչպես նաեւ առեւտրային երկու համակարգերի ներդրումը` AMERIA GLOBAL TRADING, որն ապահովում է հասանելիություն աշխարհի 19 երկրների 80 խոշորագույն ֆոնդային բորսաներում, եւ WEB TRADER համակարգը, որը հասանելի է դարձնում առեւտրային հաշիվն աշխարհի որեւէ կետում: Միարժամանակ հաշվի են առնվել բանկի զարգացման տեմպերը, ակտիվների, պարտավորությունների, կապիտալի աճը. «Կասկադ» բանկի հետ բարեհաջող միացման գործընթացը, վերջին երկու տարիների ընթացքում միջազգային կառույցներից 130 մլն դոլարի չափով գումարների ներգրավումը եւ բարեհաջող տեղաբաշխումը` հիմնականում ուղղված վերականգնվող էներգետիկայի եւ փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը, նորամուծությունները եւ բանկային գործում առաջադիմական մոտեցումների ցուցաբերումը:

Այս նորության հայտնումից հետո` երեկ «Ամերիաբանկում» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ու մանրածախ գործառույթների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանը ներկայացրեցին «Ամերիաբանկի» անցած եռամսյակի նախնական արդյունքները: Ըստ այդմ` ակտիվների ծավալը կազմում է 177 մլրդ դրամ, ինչը 11 տոկոսով աճել է տարեսկզբի նույն ցուցանիշից: Բանկի պարտավորությունները կազմում են 145 մլրդ դրամ, այստեղ նույնպես գրանցվել է աճ տարեսկզբից` 60 տոկոսով: Ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիներին սկսել են հետաքրքրել «Ամերիաբանկի» նաեւ ֆիզիկական անձանց համար նախատեսված վարկերը, Ջրբաշյանը նշեց, որ վարկային ընդհանուր պորտֆելը կազմում է 115 մլրդ դրամ, ինչը 12 տոկոսով ավելի է տարեսկզբի ցուցանիշից: Արձանագրելով, որ բանկի այս պահին գրանցված շահույթը կազմում է շուրջ 2 մլրդ դրամ` Ջրբաշյանը նշեց, որ այս տարին ընթանում է ըստ իրենց բիզնես պլանի. «Հուսով ենք, որ տարեվերջին մյուս ազդեցիկ ֆինանսական ամսագիրը` Financial Times-ը, մեզ կներառի լավագույն բանկերի ցանկում», նշեց Ջրբաշյանը: Հավելենք միայն, որ ի տարբերություն Euromoney-ի, որը լավագույն բանկերի իր վարկածը հրապարակում է ելնելով կիսամյակային տվյալներից, Financial Times-ը լավագույն բանկերի իր ցուցակը հրապարակում է տարվա վերջին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4