Մենաշնորհը ծնում է օլիգարխիա, օլիգարխիան` ստվերային տնտեսություն, վերջինը` կոռուպցիա, սա էլ, իր հերթին` գործազրկություն, աղքատություն եւ այլն: Այս ամենը կարող են լինել ծայրահեղ լիբերալիզմի արդյունք, սակայն, միեւնույն ժամանակ, ամեն ծայրահեղ լիբերալ երկիր չէ, որ ունի մենաշնորհ, ու դրանից ածանցյալ վերոհիշյալ շղթան: Մեր` ծայրահեղ լիբերալ քաղաքական կուրս որդեգրած երկիրը, սակայն, իր անկախության արդեն 20 տարիների ընթացքում, մինչեւ այժմ էլ պահպանում է այս շղթան, եթե ոչ ամբողջապես, ապա առնվազն` որոշ տարրերով: Հետեւաբար, կամ մեր ծայրահեղ լիբերալիզմը «իսկական» չէ, կամ էլ` ծայրահեղ լիբերալիզմն առհասարակ արդյունավետ չէ մեր պետության զարգացման համար:
Հուլիսի 9-ին կառավարության նիստերի դահլիճում հավաքված Հայաստանի սոցիալ-դեմոկրատական ուժերը` Դեմոկրատական եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների նախաձեռնությամբ, ավելի շատ հակված էին ապացուցելու, որ Հայաստանի զարգացման ամենաարդյունավետ տարբերակը երկրում դեմոկրատական սոցիալիզմի հաստատումն է: Հենց այդ` «Դեմոկրատական սոցիալիզմի հաստատման հեռանկարները Հայաստանում» խորագրով հիշյալ ուժերը հրավիրել էին համաժողով, որտեղ ուղերձով հանդես եկան. «Մենք` ազգային, հայրենասիրական, սոցիալիստական եւ սոցիալիստամետ քաղաքական եւ հասարակական ուժերի ներկայացուցիչներս, հրավիրելով այս համաժողովը, նպատակ ունենք, զարգացնելով 2010-ի մարտի 25-26-ին «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. Գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» թեմայով տեղի ունեցած միջազգային համաժողովում արծարծված գաղափարները, միարմատ գաղափարախոսության հենքի վրա միասնական գործողություններ իրականացնել` ծայրահեղ լիբերալիզմի համակարգից ձերբազատվելու համար»:
Նախ նշենք, որ համաժողովի մասնակից «ազգային, հայրենասիրական, սոցիալիստական եւ սոցիալիստամետ քաղաքական ու հասարակական ուժերը», բացի Դեմկուսից եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյանից, հետեւյալներն էին` ՀՅԴ-ն, «Մայր Հայրենիք» կուսակցությունը, «Սոցինտերնը»ՙ ի դեմս փոխնախագահ Մարիամ Թիթիզյանի, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունը, մի շարք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, գիտական-մտավորականներ, պարզապես քաղաքացիներ: Վերջիններս փաստեցին, որ. «Հայաստանի Հանրապետության անկախության 20 տարիների ընթացքում իրականացվող սոցիալ-տնտեսական կուրսը չի բխել սոցիալական արդարության հիմնարար սկզբունքից», հետեւաբար, Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի խոսքերով, «անհրաժեշտ է վերլուծել տխուր իրավիճակը եւ զբաղվել դրա շտկման գործընթացով, որի ժամկետները, ավաղ, սպառվում են»: Որպես երկրում սոցիալ-տնտեսական կուրսի սոցիալապես անարդարության ապացույցՙ Սարգսյանը բերեց ստվերայնությունը, մենաշնորհը եւ օլիգարխիան. «Սրանցից մեկը ծնում է մյուսին, եւ 3-ն էլ գոյատեւում են միասին», ընդգծեց Դեմկուսի ղեկավարը` հավելելով. «Մեր մասնագետների հաշվարկներով երկրում ստվերը կազմում է տնտեսության 70 տոկոսը: Սա նշանակում է, որ շուրջ 700 մլն դոլար չի մտնում պետական բյուջե: Այժմ պատկերացնենք, թե այս գումարով որքա՞ն ու ինչպիսի՞ խնդիրներ հնարավոր կլիներ լուծել, օրինակ, աշխատեղերի ստեղծման ուղղությամբ»: Համաժողովի մասնակիցները փաստեցին նաեւ, որ «առ այսօր որոշված չեն տնտեսության զարգացման առաջնահերթությունները, բացակա է երկրի զարգացման համապարփակ ծրագիրը»: Այս կապակցությամբ Արամ Սարգսյանը նկատեց, որ կառավարության 20 տարիների ընթացքում ստացած վարկերի օգտագործումը գիտության եւ արդյունաբերության ոլորտներում «ուղղակի զրոյական է». «Փոխարենը ինչի համար ասես վարկ են վերցրել, օրինակ, «անշարժ գույքի գրանցման ծրագիր» իրականացնելու համար պետությունը վերցրել է 6 մլն դոլարի վարկ», նշեց Սարգսյանը:
Համաժողովի մասնակիցները` իրենց հերթին փաստեցին, որ. «պետության արտաքին պարտքը հասել է վտանգավոր չափերի, իսկ վերցված վարկերը օգտագործվում են խիստ անարդյունավետ եւ չեն ծառայում տնտեսության իրական հատվածը եւ առաջնային ճյուղերը զարգացնելու նպատակին»:
Համաժողովի մասնակիցների մյուս ահազանգը վերաբերում էր արտագաղթին, եւ դրա հիմքերին. «Երկրի արդյունաբերության եւ գյուղատնտեսության քայքայման, գործազրկության, երկրում տիրող սոցիալական անարդարության հետեւանքով տեղի է ունեցել զանգվածային արտագաղթ, որը շարունակվում է նաեւ այսօր: Արտադրական անձնակազմի բարձրակարգ մասնագետների մեծ մասը դարձել են գործազուրկ, որոնց գերակշիռ մասը Հայաստանում չէ»: Որպես գյուղատնտեսության քայքայման ապացույց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Վահան Շիրխանյանը նշեց հանգամանքը, որ «գյուղացուն տրված հողակտորներից այսօր օգտագործվում է ընդամենը 1/3 մասը: Գիտաարդյունաբերական հիմնարկներն էլ այսօր կամ չեն գործում, կամ թալանված են: Այս ամենի հետեւանքով ունենք 1 մլն-ից ավել արտագաղթ, հասարակության բարոյալքում, նրա շրջանում շերտավորման աճ եւ այլն», ասաց Շիրխանյանը: Հասարակության շերտավորման լավագույն վկայությունը թերեւս հենց օլիգարխիան է, որը` իրեն ծնող մենաշնորհի հետ մեկտեղ, ինչպես փաստեցին համաժողովի մասնակիցները, «սպառնում է երկրի անվտանգությանը», եւ քանի դեռ «Հայաստանի իշխանությունները շարունակում են իրականացնել ամբողջ աշխարհում հոգեվարք ապրող նեոլիբերալ քաղաքականությունը, կոռուպցիայի, կաշառակերության, ստվերային տնտեսությունը կրճատելու դեմ հայտարարված պայքարը կրելու է ձեւական բնույթ: Կենսապահովվման նվազագույն պայմանները` կենսաթոշակներն ու նպաստները մեր ժողովրդին հասցրել են աղքատության շեմին, խեղաթյուրվել է ազգային արժեքային համակարգը` խաթարելով մեր ազգային նկարագիրը»:
Այս ամենը փաստելով` համաժողովի մասնակիցները հայտարարեցին. «Հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները` մեր երկրի հզորացման շրջադարձային ճանապարհը դեմոկրատական սոցիալիզմի հաստատումն է, որը իր կենսունակությունը հաստատել է աշխարհի զարգացած բազմաթիվ երկրներում»: Ճիշտ է` «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունից համաժողովին ելույթ ունեցած Կարինե Դանիելյանն ընդգծեց, որ հենց այդ հասարակարգի հաստատման արդյունքում է, որ «այսօր Բելառուսը ենթարկվում է ճնշումների, իսկ Չինաստանը, փաստորեն` ոչ», թերեւս վերջինիս ազդեցության աստիճանը հաշվի առնելու պատճառով: Դանիելյանը բերեց նաեւ սկանդինավյան երկրների փորձը` որպես սոցիալ-դեմոկրատական արդարության ապացույց: «Այս ամենը, ինչ այստեղ ասվում է, շատ համահունչ է ՄԱԿ-ի ծրագրերին», նշեց Դանելյանը` ընդգծելով. «Կարելի է ֆիքսել, որ նոելիբերալիզմի ժամանակներն արդեն անցել են»:
Համաժողովին ելույթ ունեցածներից ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ընդգծելով, որ «այս տարածաշրջանում ապրելու համար մենք պետք է ուժեղ լինենք», ասաց. «Մենք պետք է ստեղծենք սոցիալապես արդար, ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան: Թյուր է այն կարծիքը, որ Հայաստանը կարող է զարգանալ բացառապես ծայրահեղ լիբերալիզմի միջոցով: Մեր պատմությունն ապացուցել է, որ այն կարող է վտանգել մեր պետականությունը, հետեւաբար Հայաստանի զարգացումը սոցիալիստական ծրագիրը որպես ուղենիշ ընտրելու մեջ է»: Իր հերթին «Սոցինտերն»-ի փոխնախագահ Մարիամ Թիթիզյանը նշեց, որ մենք` քաղաքացիներս ենք այս երկրի տերը. «Եվ պետք է կառուցենք այնպիսի երկիր, որտեղ ցանկանանք ապրել, այլ ոչ լքել»:
Ի վերջո համաժողովի մասնակիցներն առաջարկում են ստեղծել ազգային ծրագիր, մասնավորապես նոր սահմանադրություն, որով պետությունը կպարտավորվի ապահովել բնակչության զբաղվածությունը, ապահովել անվճար բուժսպասարկումն ու ուսումը, արգելել մենաշնորհը` բացառությամբ պետականի, այն էլ միայն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում: Որպես այս ճանապարհի սկիզբ` Վահան Շիրխանյանն առաջակությամբ հանդես եկավ` «անհապաղ իրականացնել երկրի ռեսուրսների, ունեցվածքի գույքագրում». «Եթե ընտանիքում չգիտես, թե ինչ ունես, ինչպե՞ս կարող ես արդյունավետ ղեկավարել», նկատեց Շիրխանյանը: Վերջինս ներկայացրեց նաեւ սոցիալ-դեմոկրատական համակարգի որոշ, սկզբունքային առավելությունները. «Մեր ներկա սահմանադրության համաձայնՙ պետությունը նպաստում է բնակչության զբաղվածությանը, իսկ սոցիալ-դեմոկրատական պետությունը զբաղվում է, առկան` նպաստում է բնակչության անվճար ուսմանն ու բուժօգնությանը, սոցիալ-դեմոկարատականը` ապահովում է դրանք, եւ այլն»:
Եվ վերջում` համաժողովի մասնակիցները (բացառությամբ հասարակական կազմակերպությունների-Հ. Ա.) պարտավորվեցին` «իշխանության գալուն պես, օրենքի պահանջներին համապատասխան վերացնել մենաշնորհային եւ օլիգարխիկ համակարգը: Գործարարության համար ստեղծել մրցակցային հավասար պայմաններ, սոցիալական բեւեռացումը կրճատելու համար կիրառել պրոգրեսիվ հարկ, խթանել արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացումը, կենսապահովման նվազագույն զամբյուղին համապատասխանեցնել նվազագույն աշխատավարձի ու թոշակի չափը»:
Միայն մի քանի հարց. ինչո՞ւ իշխանության գալուց հետո, ինչո՞ւ Հայաստանում շատերն առաջարկում են «լավ բաներ» միայն իշխանության գալու նախապայմանով, ինչո՞ւ հնարավոր չէ գոնե առարկայական պայքարել ու դրանով իսկ նվազագույնը` հասնել իշխանության, առավելագույնը` ծրագրերի իրականացման: Չէ՞ որ քաղաքական ուժի համար շատ ավելի կարեւոր պետք է լինի սեփական ծրագրերի իրականացումը, քան իր հայտնվելը իշխանությունում: Եվ` ամենակարեւոր հարցը, թերեւս, այս` «միայն իշխանության գալուն պես» սկզբունքի կիրառումը` ավելի շատ իշխանությա՞ն, թե՞ դրան ձգտողների թերացումն է, որը, ինչպես եւ օլիգարխիան, ստվերային տնտեսությունն ու մենաշնորհը Հայաստանում պահպանվում է արդեն 20 տարի:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հ. Գ.- Շեշտելով, որ իրենք հեղափոխություն են ուզում, բայց ոչ թե արյունալի, այլ` գաղափարական, Արամ Սարգսյանը նշեց. «Մենք բաց ենք բոլորի առջեւ: Մենք հրավիրում ենք` համագործակցելու. ուժ տալով մեզ` ուժ կտաք ձեզ»: Կարծես թե Հայաստանում սկսվել է ոչ միայն սոցիալիստական շարժում, այլեւ ընտրական առայժմ քիչ տեսանելի քարոզարշավ: