«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2011-07-09 | #127, 2011-07-12 | #128, 2011-07-13


ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՉԻ ԷԺԱՆԱՆԱ

Թեպետ հանրապետությունում ոռոգման շրջան է, եղանակային պայմանները` դաժան, ջրի պահանջը` բարձր, սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը հավաստիացնում էՙ գյուղացիներին ջրի մատակարարումը որեւէ դժվարություն չի առաջացնի:

Հանրապետությունում գոյություն ունեն 208.000 հա ոռոգելի հողեր, որոնցից 130.000 սպասարկում են ջրօգտագործող ընկերությունները: Հայաստանում կան 74 ջրամբար, 3.000 կմ մայր ջրանցք եւ 17.000 կմ ներտնտեսային ցանցեր: Երկիրը ոռոգման ջրով ապահովված է, ջրամբարներում ջուրը բավարար է: Թեպետ ջուրը բավարար է, սակայն, Ղազարյանի փոխանցմամբ, այս տարի ոռոգման ջրի սակագնի էժանացում չի լինի: «Առանց դրա էլ գյուղացին մեկ խորանարդ մետրի համար վճարում է 11 դրամ, մինչդեռ ինքնարժեքը 18 դրամ է: Ոռոգման ջրի օգտագործումից գյուղացիների կուտակած պարտքն էլ կազմում է 6 միլիարդ դրամ»:

Նրա գնահատմամբ` համակարգը տեխնիկապես հնացած է, զգալի աշխատանք կա կատարելու: Համակարգի կապիտալ նորոգման նպատակով 1994-ից կառավարությունը զգալի միջոցներ է տրամադրում: Մայիսին ավարտվել են երկու ամենախոշոր` Արմավիրի եւ Թալինի ընդհանուր 90 կմ երկարությամբ մայր ջրանցքների վերականգնման աշխատանքները: «Ջրանցքները սպասարկում են մոտ 40.000 հա հողատարածք: Դրա արդյունքն առաջին ոռոգման ընթացքում զգացինք: Ջուրը շատ արագ եւ առանց դժվարությունների Ախուրյանի ջրամբարից եւ Արաքսից տեղափոխվում էր դաշտերը»:

Անդրադառնալով ՀՀ կառավարության հանձնարարականին` մինչեւ հունիսի 1-ը սելավաջրերը անհատույց հատկացնել գյուղացիներին, Ղազարյանն ասաց, որ 200 մլն խմ ջուր ջրաղբյուրներից ջրառները սպասարկել են ՋՕ ընկերություններին, վերջիններիս էլ այդ ջուրը հասցրել են գյուղացիներին:

Խոսելով Արմավիրի մարզում անհաջող կառուցված ջրամբարների մասինՙ տնօրենն ասաց, որ խնդիրը փոխվարչապետի հսկողության տակ է: Համակարգը վերանորոգվում է, սակայն լրացուցիչ գումար չի հատկացվել, եւ սխալ կատարած կողմը շահույթ ստանալու փոխարեն գումարը կտրամադրի համակարգի վերանորոգմանը:

Ղազարյանի փոխանցմամբ` սեպտեմբերին շահագործման կհանձնվի Մարմարիկի ջրամբարը, որը 1974-ին է կառուցվել: Ջրամբարի վերանորոգման համար ծախսվել է 11 միլիոն դոլար: Գումարը տրամադրել է Համաշխարհային բանկը. ջրամբարը կուտակելու է 42 միլիոն խորանարդ ջուր:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4