«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2011-07-09 | #127, 2011-07-12 | #128, 2011-07-13


Ռ. ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆ, ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ-ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

«Տիգրան Մեծ» հրատ., Երեւան, 2011, 384 էջ: Հրատարակման հովանավորներՙ տեր եւ տիկին Հովսեփ եւ Գարոլին Նալպանտյաններ (Լոս Անջելես)

«Հարյուր հազարներով են բառերըՙ հավաքված բառարաններում եւ դրված բոլորի տրամադրության տակ»,- գրել է լեզվաբան Հ. Հարությունյանը իր «Գեղարվեստական խոսք» գրքում (Երեւան, 1986, էջ 86): Այո՛, բառարաններում ներկայացվում են բառերըՙ դասակարգված, բնութագրված, եւ օգտվողներին մնում է միայն բացել եւ գտնել անհրաժեշտ բառը: Բայց օգտվելիս հաճախ մոռանում ենք, որ մինչ այդ բառարանի հեղինակը կատարել է քտնաջան աշխատանք, հարյուրավոր, հազարավոր աղբյուրներից բառեր քաղել, դասդասել, բնորոշել, ընտրություն կատարել բառային տարբերակների միջեւ, ճշտել նրբիմաստները, քերականական հատկանիշները: Ահա մի այսպիսի շնորհակալ գործի կատարման արդյունք է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանի «Արեւմտահայերէն-արեւելահայերէն նոր բառարանը»: Բառարանի խմբագիրն է բազմավաստակ լեզվաբան եւ հմուտ բառարանագիր պրոֆեսոր Սերգեյ Գալստյանը: Բառարանի վերնագրում տեղ գտած «նոր» բառը հուշում է, որ բառարանն ունեցել է իր նախորդը: Այո՛, 2000 թվականին Երեւանում լույս է տեսել հեղինակի «Արեւմտահայերեն-արեւելահայերեն ուղղախոսական-բացատրական բառարանը», սակայն լեզուն անընդհատ զարգանում ու փոփոխվում է, եւ ավելանում են նոր բառեր, գործածությունից դուրս են մղվում հները, օտար բառերի փոխարեն ստեղծվում են համարժեքներ, ինչպես նաեւ բառարանների հեղինակներն էլ որոնում ու գտնում են այնպիսի բառեր, որոնք չեն ընդգրկվել նախորդ բառարաններում: Այս ամենի պատճառով էլ Ռ. Սաքապետոյանը բառարանի առաջին հրատարակումից հետո շարունակել է իր աշխատանքը, եւ դրա շնորհիվ առաջին հրատարակության շուրջ 16 հազար բառի եւ դարձվածային միավորի փոխարեն բառարանի ներկայիս հրատակության մեջ արդեն ներկայացված է մոտ 20 հազար բառ: Նոր բառերի հավելումից բացիՙ այս հրատարակության մեջ ճշտվել ու հստակեցվել են մի շարք բառիմաստներ, իմաստային նրբերանգներ, ինչպես նաեւ նախորդ հրատարակության մեջ եղած որոշ սխալներ ու վրիպակներ:

Իր բառարանը գրելիս հեղինակը բառերը հավաքել է գրականությունից, մամուլից, ինչպես նաեւ բանավոր կենդանի խոսքից: Ուշագրավ են հատկապես բառարանում տեղ գտած բազմաթիվ դարձվածքները, որոնք, բառարանային արժեքից բացի, կարեւոր նյութ են դարձվածաբանության ուսումնասիրմամբ զբաղվողների համար:

Բառերի ընտրությունը կատարելիս հեղինակն առաջնորդվել է հետեւյալ սկզբունքներով եւ բառարանում ընդգրկել որոշակի բառախմբեր:

1. Զուտ արեւմտահայերեն բառեր. սրանք այն բառերն են, որոնք գործածական են միայն արեւմտահայերենում (օրինակՙ աղեկ, աղվոր, հոս):

2. Արեւմտահայերենում նախընտրելի գործածություն ունեցող բառեր, այսինքնՙ բառեր, որոնք արեւմտահայերենում գործածության ավելի մեծ հաճախականություն եւ բառակազմական ավելի մեծ ակտիվություն ունեն (օրինակՙ գամ, դրացի, պնակ, տակավին):

3. Ձեւային ընդհանրություն ունեցող բառեր, որոնք հեղինակը պայմանականորեն անվանել է արեւելահայ-արեւմտահայ համանուններ: Սրանք արեւելահայերենում եւ արեւմտահայերենում տարբեր իմաստներ են արտահայտում, ուստի առավել կարեւոր է այսպիսի բառերի իմաստների ճշգրիտ բացատրությունը (օրինակՙ վայրկյան արեւելահայերենում նշանակում է 1/60 րոպե, իսկ արեւմտահայերենումՙ 1/60 ժամ, գրագետՙ համապատասխանաբարՙ գրաճանաչ եւ գրող):

4. Արեւմտահայ-արեւելահայ հնչյունափոխական-ուղղագրական տարբերակներ, որոնք բավական մեծաթիվ են (օրինակՙ անբիծ-ամբիծ, գդալ-դգալ, կենտրոն-կեդրոն):

5. Բառակազմական տարբեր կաղապարներով կամ տարբեր բաղադրիչներով կազմված բառեր (օրինակՙ բռնցքամարտ-կռփամարտ, հեռախոս-հեռաձայն):

6. Արեւելահայերենում գործածվող փոխառյալ բառեր եւ արեւմտահայերենում դրանց փոխարեն ստեղծված համարժեքներ (օրինակՙ բանկ-դրամատուն, կոմպլեքս-համալիր, կորպուս-մասնաշենք, պրոֆեսիոնալ-արհեստավարժ): Նշենք, որ սրանց մի մասն արդեն իսկ գործածվում է արեւելահայերենում, եւ դրանց համարժեք փոխառյալ բառերն աստիճանաբար վերածվում են օտարաբանությունների:

7. Գրաբարյան բառեր եւ բառաձեւեր, որոնք գլխավորապես գործածվել են գեղարվեստական գրականության մեջ (օրինակՙ ակաղձուն, փոշիացյալ):

Հեղինակը զերծ է մնացել ստվարածավալ բառարան կազմելու գայթակղությունից եւ հիմնականում խուսափել է դիպվածային բառերի ներմուծումից (այդպիսի բառերի օրինակներ բերված են բառարանի առաջաբանում): Իհարկե, ճիշտ չէ բառարանը ինքնանպատակ ծանրաբեռնելը, ուստի միանգամայն հասկանալի եւ ընդունելի է հեղինակի այս մոտեցումը, թեեւ կարծում ենք, որ բառարանում այդպիսի բառերի առկայությունն էլ թերություն չէր դառնա, քանի որ դրանց նրբիմաստների ճշգրտումն էլ կարող է պետք գալ տարբեր բնագրեր ուսումնասիրողներին:

Բառահոդվածները կազմված են բառարանագրական սկզբունքների հստակ պահպանմամբ: Գլխաբառից հետո քառակուսի փակագծերում բերվում է բառի արտասանությունըՙ նախատեսված արեւմտահայ արտասանությունը չիմացողների համար, այնուհետեւ նշվում է բառի խոսքիմասային պատկանելությունը, իսկ գոյականների դեպքում դրանից առաջ նշվում են հոլովումը եւ հոգնակիի կազմության ձեւը: Շատ կարեւոր է, որ բայերի դեպքում նշվում է բայասեռը, որի առկայությունը կարեւոր է հատկապես բայական կրկնասեռության դեպքում: Հիշենք նաեւ, որ բայասեռի եւ լծորդության կապի դրսեւորումը արեւելահայերենում եւ արեւմտահայերենում միանգամայն տարբեր է:

Խոսքիմասային տարարժեքություն ունեցող բառերի դեպքում բառարանում նշված են խոսքիմասային երկու արժեքները (օրինակՙ գոյ.//ած., ած.//մկբ.): Այսպիսի նշումները բառարանի ուղղագրական, ուղղախոսական եւ բացատրական գործառույթներին հավելում են նաեւ քերականագիտական արժեք: Դրանք մեծապես կհեշտացնեն արեւմտահայերենի եւ արեւելահայերենի զուգադրական տարբեր ուսումնասիրություններ կատարողների գործը:

Ըստ անհրաժեշտությանՙ հեղինակը նշում է նաեւ փոխառյալ բառերի աղբյուրը (պհլ., եբր., հուն., արաբ., թրք., իսպ., ֆր. եւ այլն), որը եւս կարեւոր է բառարանից օգտվող մասնագետների, ինչու չէ, նաեւ ոչ մասնագետների համար:

Կարեւոր է նաեւ, որ հեղինակը բառերը ներկայացնելիս նշել է գործածության ոլորտները, ինչպես նաեւ ոճական երանգավորությունը (օրինակՙ բժշկ., իրավ., տեխն., տնտես., փիլ., նաեւ գրք., բրբ., ժող., հզվդ., փղքշ. եւ այլն): Այսպիսի նշումները կկողմնորոշեն բառարանից օգտվողներին եւ կնպաստեն նրբիմաստներն ավելի հեշտ եւ ճիշտ ըմբռնելուն:

Բառարանի վերջում առանձին բերվում են առավել մեծ տարածում ունեցող հապավումների, աշխարհագրական տարածված տեղանունների, ինչպես նաեւ անձնանունների ցանկեր: Սրանք հատկապես կարեւոր են հրապարակախոսական, գիտական, գիտահանրամատչելի զանազան աշխատանքներ եւ ուսումնասիրություններ կատարողների համար: Այս թեկուզ ոչ մեծ ցանկերի առկայությունը բարձրացնում է բառարանի կիրառական արժեքը:

Ինչպես տեսնում ենք, բառարանը գործնական եւ գիտական կարեւոր նշանակություն ունի եւ, կարծում ենք, լայնորեն կգործածվի թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի կրթական, հայագիտական ու մշակութային հաստատություններում: Գործնական կիրառությունից բացիՙ այն կարող է նաեւ տեսական տարբեր ուսումնասիրությունների, նոր բառարանների կազմության համար կարեւոր դեր ունենալ:

Հայտնի է, որ կենդանի լեզուների բառարանները սովորաբար շուտ են հնանում, իսկ մեր օրերում, երբ գիտատեխնիկական, քաղաքական ու մշակութային զարգացումները շատ արագ են կատարվում, առավել մեծ կարեւորություն է ստանում բառարանների հաճախակի թարմացումը, կատարելագործումն ու վերահրատարակումը: Սա բառարանի արդեն երկրորդ եւ բարեփոխված հրատարակությունն է, սակայն, համոզված ենք, հեղինակը չի բավարարվել ստեղծածով եւ կշարունակի բարելավել ու կատարելագործել այն, քանի որ, ինչպես ինքն է նշում գրքի սկզբում. «Անշուշտ, նման ծավալի աշխատանքը չի կարող զերծ լինել թերություններից, վրիպումներից եւ բացթողումներից: Հեղինակը սիրով կընդունի այն բոլոր դիտողությունները, որոնք կնպաստեն աշխատանքը առավել ամբողջական եւ անթերի դարձնելուն»: Ուրեմն մաղթենք, որ թե՛ այս, թե՛ սպասվելիք հետագա հրատարակությունները (նաեւ այլ ուսումնասիրություններ) նպաստեն արեւելահայերենին եւ արեւմտահայերենին վերաբերող նորանոր ուսումնասիրությունների կատարմանը, մեր լեզվի երկու ճյուղերի բառապաշարային մերձեցմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

ԱՐՏԱՇԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4