«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


«ԶՎԱՐԹՆՈՑԸ»ՙ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

ՀՀ մաքսային տարածքից դուրս եւ հարկային արտոնություններով

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ «Կորպորասիոն Ամերիկա ԷսԷյ» ընկերության կողմից «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն համաձայնագիր ստորագրեցին «Զվարթոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով համագործակցության մասին: Ըստ համաձայնագրի, ազատ տնտեսական գոտում կիրականացվեն թարմ մրգերի եւ բանջարեղենի մանրամեծածախ առեւտուր, դրանց սառեցում, տեսակավորում, փաթեթավորում:

Համաձայնագրի ստորագրումից հետո էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ ստեղծվել են բոլոր իրավական հիմքերը Հայաստանում տնտեսական ազատ գոտիների գործունեության համար: Զուգահեռաբար կատարվում են դրանց նախապատրաստական աշխատանքները: «Տեսանելի ապագայում կատարված քայլերը կերեւան», ասաց նախարարը, հիշատակելով արդեն իսկ գործող սառնարանային համակարգը:

Բացի «Զվարթնոց» օդանավակայանի ազատ տնտեսական գոտուց, եւս մեկ ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվումՙ «Մարս» գործարանում, որը կլինի արդյունաբերական ուղղվածության: Բանակցություններ են ընթանում ռուսական «Սինտրոնիկս» ընկերության հետ: Տիգրան Դավթյանը տեղեկացրեց նաեւ, որ երրորդ ազատ տնտեսական գոտին կլինի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար: Կարեւորելով ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, էկոնոմիկայի նախարարն այն կարծիքը հայտնեց, որ «սա նոր հնարավորություն է, նոր ձեւաչափ մեր տնտեսության զարգացման համար»:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով, ազատ տնտեսական գոտիները համարվելու են ՀՀ մաքսային տարածքից դուրս տարածք եւ ունենալու են հարկային արտոնություններ: Դրանով խթանվելու է կապիտալի ներհոսքը Հայաստան: Ակնկալվում են ներդրումներ օտարերկրյա ընկերությունների, այդ թվումՙ այդ գոտիների կառավարիչ ընկերությունների կողմից:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն ընդգծեց, որ իր ներկայացրած ընկերությունը շատ հետաքրքրված է այս նախագծով: Նա տեղեկացրեց, որ օդանավակայանի նոր համալիրի շինարարության ավարտից հետո հաջորդ քայլը կլինի «Զվարթնոցը» դարձնել փոխադրումների կենտրոն: Նա այն տեսակետը հայտնեց, որ ազատ տնտեսական գոտիների ստեղծմամբ հնարավորություններ են առաջանում ընկերությունների համար իրենց արտադրությունը այստեղ կազմակերպելու:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4