Ֆեդերցովկայի կրոնափոխ համշենահայերի (հեմշիլ) մոտ
Ղրղզստանի կրոնափոխ համշենահայերի (հեմշիլ) ղեկավար Ռուսլան Կարապաչակովի այցը Հայաստան եւ Արցախ, շուրջ երկու հարյուր երիցս բռնագաղթված Օշի համշենցիների վերադարձը ազատագրված արցախյան լեռնաշխարհՙ լայն արձագանք գտավ հայկական սփյուռքով մեկ: Բեյրութի «Դիտակ» ամսագրի ու Կանադայի «Գեղարդ» համացանցային ամսագրի նախաձեռնությամբ ծրագրեցինք այցելել Ռուսաստանի քրիստոնյա եւ կրոնափոխ համշենահայերին, որոնց Ստալինը, Մալենկովն ու Բերիան որպես «կասկածելի» ժողովրդի, աքսորել էին Ղրղզստանի խուլ գյուղերը ու Ղազախստան: Մեր ծրագիրն էր այցելել նաեւ 3000-ամյա Օշ քաղաքը եւ Ղազախստանի համշենահայ բնակավայրերը, որտեղ բազմիցս եղել էր վաստակաշատ գիտնական եւ համշենագետ Սերգեյ Վարդանյանըՙ 1984, 1987, 1990 թթ.-ին, անհատական փորձ անելով որոշ համշենահայերի վերաբնակեցնել Խորհրդային Հայաստանում, որին դեմ էր կանգնել այն ժամանակվա Հայաստանի ղեկավարությունը:
Բեյրութից «վերադառնալով» Մոսկվա, մեզ դիմավորում ու կարճատեւ հանդիպում են կազմակերպում համշենահայերի փրկությանը նվիրված, ծագումով մշեցի, արցախցի, «Համշեն» երիտասարդական միության անդամ Գեւորգ Մխիթարյանը ու Գարիկ Գայանյանը, հանրաճանաչ տնտեսագետ, Աբխազիայում ծնված պրոֆ. Սերգեյ Գալինչյանի հետ: Պետք է նշեմ, որ բազմաթիվ «մեղրածոր» խոստումները նեցուկ կանգնելու մեր առաքելությանը այսպես կոչված «Արեւմտահայերի կոնգրես»-ի որոշ անդամների կողմիցՙ մնում է օդում... եւ հայ ազգի արժանավոր զավակ Գեւորգ Մխիթարյանի հետ ճանապարհ ենք ընկնում դեպի 1200 կմ հեռավորության վրա գտնվող, Ռուսաստանի հարավարեւելյան տարածաշրջանում կայք հաստատած Կամենո-Շախտինսկ քաղաքի մոտ գտնվող Ֆեդերցովկա գյուղը:
Առաջին իսկ վայրկյաններից շեկ ու կապուտաչյա, համշենահայերեն, ռուսերեն եւ մի քիչ էլ թուրքերեն խոսող մեր «հոմշենցի» հյուրընկալները, որոնք վարում էին «Ֆորդ-տրանզիտ» երթուղայինը, աչքի են ընկնում չտեսնված հյուրասիրությամբ եւ նրանց սկզբնական կասկածները հեռավոր Լիբանանից եկած ժուռնալիստի վերաբերյալ կամաց-կամաց փարատվում են ու նրանք պատմում են որպես Ջեմալ ու Ջամալ, իրենց հայրերից լսած համշենահայերի Գողգոթայի մասինՙ Արեւմտյան Հայաստանից Վրաստան, ապաՙ բռնագաղթ դեպի Կենտրոնական Ասիայի խորքերը: Այդ անպատմելի տառապանքները մեզ պատմում է 1944 թ.-ի արհավիրքը վերապրած, Ղազախստանում եւ Ղրղզստանում պատասխանատու պաշտոններ վարած, այժմ Ֆեդերցովկայում անասնապահությամբ զբաղվող կապուտաչյա ու բարձրահասակ Եաշար Ագբեոյուկովը («պապի»):
- Ասում են, որ Ստալինը հրամայել է Բերիային զինվորական ծառայությունից փախչող մեգրելներին աքսորել Կենտրոնական Ասիա: Բայց արյունարբու չեկիստը, պատճառաբանելով, որ համշենցիները մուսուլման լինելով կարող են թուրքերի կողմն անցնել պատերազմի պարագայում, մի գիշերում, բեռնակառքերով ու գնացքի վագոններով, ահավոր ցրտին, 1944թ.-ին, բոլորիս աքսորեց Ղրղզստանի ահավոր շրջանները: Հազարավոր համշենցիներ մահացան ցրտից ու սովից:
Այժմ ապրում ենք Ռուսաստանի այս տարածքում, ոչխար ու կով ենք պահում, ուտելիքը շատ է, մեր երիտասարդները աշխատում եւ սովորում են Մոսկվայում եւ այլ քաղաքներում: Մեր սերտ կապերը պահպանում ենք Թուրքիայի, Վրաստանի, Ղրղզստանի մեր հայրենակիցների հետ, այցելում եւ մասնակցում նրանց հարսանիքներին, ուրախություններին, տխուր իրադարձություններին»:
Իսկ Ագբեոյուկովի «հարսը», նույնպես կապուտաչյա ու շիկահեր, մեր ներկա լինելու հարսանիքի կազմակերպիչներից Հաֆիզե Կարաիպրահիմովի հայրը Կյազըմը, գրել է համշենահայերի տառապանքի ու արտագաղթի, Ղազախստանում նրանց բազմաչարչար կյանքի պատմությունըՙ ռուսերեն եւ ղազախերեն լեզուներով:
«Ցանկանում ենք, որ բոլոր հայերը ձեր նման գան եւ այցելեն մեր բնակավայրերը, այստեղ, թե Վորոնեժում, Օշում, թե այլուր: Մեզ մի՛ մոռացեք: Բարի եք եկել ու մեր թանկագին հյուրն եք միշտ», համշենահայերենով հրավիրում է 3 տղաների ու մի դուստրի մայր Հաֆիզեն, որ իր քույրերի հետ մեզ «խեղդեց» համադամ ուտելիքներով ու քաղցրավենիքով: Մինչ մեր կրոնափոխ եղբայրները, իրենց քրիստոնյա հայրենակիցների նման, օգտագործում էին ալկոհոլ, կանայք բաց դեմքերով էին, իսկ հարսանիքին, որը տեղի ունեցավ մյուս օրըՙ պարում էին «Հոյոն» ռազմահայրենասիրական խմբապարը, ձեռք-ձեռքի տված բոլոր հյուրերի ու ցեղակիցների հետ: Մահմեդական կրոնը ստիպել է նրանց կառչել ազգային բնորոշ ավանդույթներից, նաեւ գոյատեւել թուրք եւ թրքազգի ժողովուրդների մեջ, 400 տարի շարունակ...:
Այս բոլորը ակնհայտ երեւաց մյուս օրը հետմիջօրեին, երբ ինքնաշարժերի շարասյունով, զուռնա-դհոլով (Վորոնեժի մեսխեթցի թուրքերի կատարողությամբ ու երգերով... հայկական կովկասյան մեղեդիներով) գնացինք «բերելու» հոր կողմից համշենցի ու մոր կողմից թաթարՙ գեղեցկուհի Զիլնարային, որ սահուն կերպով խոսում էր համշենահայերեն ու իրեն «պահեց» որպես հիանալի հարսնացու, հարգելով հնագույն ավանդույթները եւ սովորությունները: Հարսանիքին ներկա էին Մոսկվայից թե Ռուսաստանից ժամանած հյուրեր եւ ազգակիցներ, Ռուսլան Կարաբալակովի ազգակիցները Բիշկեկից եւ Օշից, Ղազախստանից: Կարծես թե համացեղային, համազգային այս կարեւոր իրադարձությունը տեղի էր ունենում Արցախում կամ Հայաստանի գյուղերում, բազմադարյա հարսանքային սովորույթների բոլոր մանրամասներով: Հեռախոսային զրույց ունեցանք Ղրղզստանի եւ Ղազախստանի համշենցի թե հայ անձնավորությունների հետՙ իմանալով, որ բազմաթիվ համշենցի ընտանիքներ պատրաստ են, եթե անհրաժեշտ միջոցները ձեռնարկվեն, գալու եւ հաստատվելու Արցախի Մարդակերտի «դրախտավայր»-ում, որտեղ ի վերջո կիրականացվի մեր տարաբախտ հայրենակիցների երազըՙ գլխավորությամբ մեծ հայրենասեր Ռուլդան Կարաբալակովի եւ որդուՙ Ռուսլանի:
Մեր եռօրյա անմոռանալի այցելությունը եզրափակվում է նաեւ մոտակա լճակի մոտ կազմակերպված նոր կերուխումով («ուտող-խմող» համշենահայերենով): Խոստանում ենք ներկա լինել մոտակա ուրիշ հարսանիքների, լուսաբանելով մեր վերագտած ազգակիցների կյանքը աշխարհատարած սփյուռքով եւ հայրենիքով մեկ:
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Մոսկվա-Ֆեդերցովկա-Երեւան
Նկար 1. Կրոնափոխ համշենահայերի հարսանիք Ֆեդերցովկայում
Նկար 2. 1944թ.-ի մեծ աքսորը վերապրած Ագբեոյուկովը