«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2011-07-14 | #130, 2011-07-15 | #131, 2011-07-16


ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ` ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ

«Պարտավորվում եմ ընտրական հանձնաժողովի նախագահի պարտավորությունները իրականացնել անաչառ, ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին համաձան»: Սա ոչ պաշտոնական երդման տեքստ է, որի հեղինակն ու կատարողը ԿԸՀ նախագահի պաշտոնում վերընտրված Գարեգին Ազարյանն է: «Ուրբաթ» ակումբում «Ի՞նչ է խոստանում անել, որ հասարակության բացասական վերաբերմունքը ընտրությունների հանդեպ փոխվի» հարցին ի պատասխան Ազարյանը նույն տեքստը կրկնեց` կանխագուշակելով, որ գալիք ընտրությունները լինելու են ժողովրդավարական:

Ազարյանի բնութագրմամբ` ընտրական նոր օրենսգիրքը (ԸՕ) «հեղափոխական» է: Ինքն էլ խոստացել է անաչառ է լինել:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին նոր ձեւավորված ԿԸՀ նիստում Ազարյանը 7 տարի ժամկետով վերընտրվեց հանձնաժողովի նախագահ:

Ընտրությունների ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտարարել էին, որ Գարեգին Ազարյանը մասնակցել է ԿԸՀ անդամների ընտրության մրցույթին, մինչդեռ Ազարյանն ասում էր, որ մրցույթին չի մասնակցել եւ ինքնաբացարկ է հայտնել: Թե իրականում ո՞վ էր ճիշտ, ով` սխալ, Ազարյանը պատասխանել չի ցանկանում: Մասնակցել է մրցույթին, թե ոչՙ ԿԸՀ նախագահը խուսափողական պատասխան է տալիս: Նա առաջարկում է իր ընտրվելու հետ կապված միջադեպին ուշադրություն չդարձնել եւ չխոսել այդ թեմայով: Նրա գնահատմամբ` ԿԸՀ-ն շատ անելիքներ ունի. անհրաժեշտ է պատրաստվել առաջիկա երկու տարվա ընթացքում կայանալիք 4 ընտրություններին:

ԿԸՀ նոր կարգավիճակը Ազարյանը նմանեցնում է տեխնիկական մարմնի, որը աշխատելով քաղաքական դաշտումՙ քաղաքական որոշումներ չի ընդունում:

Խոսելով ապագա ծրագրերից` Ազարյանը շեշտում է. նախ պետք է ԸՕ հիման վրա նոր որոշումներ ընդունեն, այնուհետեւ 14 ընտրատեղամասում ձեւավորեն հանձնաժողովներ` համաձայն ստացված դիմումների: Մինչեւ խորհրդարանական ընտրությունները հանձնաժողովների անդամների համար ուսուցում կազմակերպեն: Համակարգչային ծրագրերի նորացման անհրաժեշտություն կա: Այս ամբողջ «խառնաշփոթը» նկարագրելովՙ Ազարյանը խոստովանում է. «Փնտրտուքների մեջ եմ, առաջարկեք ուսուցանելու լավագույն լուծումը»:

Թե նախորդ ընտրություններում գրանցված կեղծիքներն ինչպես են բացառելու գալիք ընտրություններում, Ազարյանը ծեծված ու ոչինչ չասող պատասխան է տալիս: «Կեղծիքները բացառվում են հասարակության վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ փոխելու միջոցով»:

Ընտրություններում ընտրական գործընթացների թիվ մեկ կազմակերպչի գնահատմամբ` կեղծված ընտրություններն ու ընտրություններում կեղծիքներ թույլ տալը տարբեր գործընթացներ են: «Կեղծիքներ հնարավոր է, որ լինեն, կարեւորը դրանք բացահայտելն է: Կարեւորն այն է, որ այդ կեղծիքները ամբողջ փաթեթում ցածր տոկոս կազմեն: Դրա համար պետք է մասնակցությունը մեծ լինի, որ ընտրողը հասկանա քվեաթերթիկի գինը»: Քվեաթերթիկը 5000 դրամով վաճառողներին էլ խորհուրդ է տալիս. «Քվեաթերթիկը առաջիկա մի քանի տարվա ձեր եւ ձերի երկրի բարեկեցության գինն է: Այն անգին է»:

ԿԸՀ նախագահն ընդունում է, որ իր կազմակերպած բոլոր ընտրությունների ժամանակ էլ կեղծիքներ եղել են: Մեղավորը բոլորն են` ԿԸՀ նախագահից մինչեւ վերջին ընտրողը: Կեծիքներն ընտրություններում իսպառ բացառելը Ազարյանն անհնար է համարում: Ավելին, խոստանում հաճույքով իր տեղը զիջել նրան, ով կարող է ընդհանրապես բացառել կեղծիքներն ընտրությունների ժամանակ:

ԿԸՀ նախագահի գնահատմամբ` կարեւոր չէ, թե ովքեր են հաշվում, կարեւորըՙ թե ինչպես են մասնակցում ընտրություններին: Իսկ ընդհանրապես, անկախ ամեն ինչից, ԿԸՀ նախագահը խորհուրդ է տալիս լավատեսությամբ լցվել:

«Մռայլ չպետք է ընկալել ամեն ինչ, ժպտացե՛ք»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4