«Ես խորապես լիբանանցի եմ, կապված եմ այս հողին, որտեղ ծնվել եմ, մեծացել եւ ապրել, եւ Հայաստանն իմ ժառանգությունն է», ասում է Պերճ Սեդրակյանը , որը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ, կենտրոնավայրըՙ Նյու Յորք) նախագահն է:
Օրերս Պերճ Սեդրակյանը Երեւան էր ժամանել մասնակցելու երկու կարեւոր հանդիպումների. մեկը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հատուկ հանձնաժողովն է, մյուսըՙ «Հայաստան» հիմնադրամի կենտրոնական խորհրդի ամենամյա ժողովը:
Լիբանանում իրավաբանություն ուսանելուց եւ մի քանի տարի փաստաբան աշխատելուց հետո նա 1976-ին մեկնեց ԱՄՆ: Նյու Յորքի մեծ գրասենյակներից մեկում հանդիպեց լիբանանյան ծագումով մի փաստաբանի, որը գործընկերության առաջարկություն արեց: Ներկայումս նա աշխարհի 26 քաղաքում շուրջ 900 փաստաբան ունեցող միջազգային գրասենյակի անդամ է:
Լիբանանից մեկնած Սեդրակյանը պահպանել է կապը ընկերների հետ եւ կանոնավորապես վերադառնում է ծննդավայր, որտեղ դեռ ունի բնակարան: Միացյալ Նահանգներում նա աշխույժ գործունեություն է ծավալել Լիբանանի դատին ծառայող խմբերի հետ: ԱՄՆ մեկնելուց հետո Պերճ Սեդրակյանը նաեւ ընդգրկվեց ՀԲԸՄ խորհրդում (1906-ին հիմնված համահայկական կազմակերպությունը մասնաճյուղեր ունի 32 երկրի 80 քաղաքում), որի նախագահությունը ստանձնեց 2002-ին (փոխնախագահ լինելուց հետո):
Ի դեպ, նա Երեւան էր այցելել որպես ՀԲԸՄ նախագահ: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հատուկ հանձնաժողովի նպատակն է աշխարհում կազմակերպել այդ հարյուրամյա տարելիցի հիշատակի միջոցառումներ: «Հայաստան» հիմնադրամի կենտրոնական խորհրդի ժողովը այս անգամ տարեկան հավաք է: Քանզի համահայկական հիմնադրամի առաքելությունն է ամեն տարի սփյուռքում միջոցներ հանգանակել Հայաստանում մեծ նախագծերի ֆինանսավորման համար:
ՀԲԸՄ-ն եւ սփյուռքը
Ի՞նչ կարելի է ասել սփյուռքում ՀԲԸՄ-ի գործունեության մասին: Սեդրակյանը ներկայացրեց ՀԲԸՄ-ն, որ լիբանանցիներից շատերը ճանաչում են նրա բազմաբնույթ գործունեության շնորհիվ:
Նա բացատրում է. «Խոսքը 1906-ին Կահիրեում Եգիպտոսի վարչապետի որդուՙ Պողոս Նուբար Փաշայի հիմնած ազգային կազմակերպության մասին է, որի գլխավոր առաքելությունն է պահպանել հայկական ինքնությունը սփյուռքում ու ազգային ունեցվածքը Հայաստանում: Նստավայրը Նյու Յորքում է: Կառավարվում է 21-հոգանոց վարչական խորհրդի կողմից:
Գրեթե 40 միլիոն դոլար տարեկան բյուջե ունեցող կազմակերպությունը ցեղասպանությունից հետո ձեռնամուխ եղավ առաջին հերթին հայերի մարդկային եւ կրթական կարիքների բավարարմանը:
Մեկդարյա պատմության եւ գործունեության ընթացքում ՀԲԸՄ-ն հարմարվեց հայ ժողովրդի պահանջմունքներին եւ աստիճանական զարգացում ապրեց, կարեւոր դեր խաղալով Հայաստանի պատմության մեջ, ցեղասպանությանը հաջորդած տարիներին Լիբանանում, Սիրիայում, Հունաստանում եւ այլուր հայ գաղթականների ճամբարների ֆինանսավորումից ու կազմակերպումից մինչեւ 30-50-ական թթ. դիսպանսերների, դպրոցների եւ պատանեկան ճամբարների ստեղծումը, իսկ 60-ականներիցՙ սփյուռքի բոլոր գաղթօջախներում համայնքային եւ երիտասարդական կենտրոնների կառուցումն ու կազմակերպումը:
Հայաստանի վերանկախացումից եւ ԽՍՀՄ փլուզման հետեւանքով Արեւելյան Եվրոպայի երկրների վերաբացումից հետո առանձնակի ուշադրություն դարձվեց մայր հայրենիքում գործունեության ծավալմանը:
Այսօր ՀԲԸՄ-ն սփյուռքում ունի եւ կառավարում է 25 դպրոց եւ վարժարան, տասնյակ կիրակնօրյա դպրոցներ, երիտասարդական եւ մշակութային կենտրոններ: Օրինակ, Լիբանանում ՀԲԸՄ-ն ունի մի շարք կենտրոններ, որոնցից գլխավորը ներկայումս Անթիլիասի «Դեմիրճյան» կենտրոնն է, տարրական եւ միջնակարգ դպրոցներ, «Անդրանիկ» երիտասարդական միությունը իր բոլոր մարզական, մշակութային, երաժշտական, համալսարանական եւ մյուս գործունեություններով:
Կազմակերպությունը բարձրագույն կրթության ոլորտում համալսարանական կրթաթոշակներ է հատկացնումՙ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով արվեստի եւ երաժշտության ասպարեզում տաղանդավոր երիտասարդներին»:
Գործունեություն Հայաստանում
Հայաստանում ՀԲԸՄ ծավալած գործունեությունը երկրին գոյատեւելու հնարավորություն է տալիս ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի ժխտողականության հարուցած քաղաքական խնդիրների պատճառով:
«Իր ստեղծումից ի վեր կազմակերպությունը մշտապես աջակցել է Հայաստանինՙ անկախ քաղաքական վարչակարգերից: Օրինակ, 1928-ին միությունը բժշկական կենտրոն հիմնեց Երեւանում: 1931-ին նա իր այն ժամանակվա նախագահի նվիրատվություններով հիմնեց Նուբարաշեն գյուղը, որն այսօր ունի 11 հազար բնակիչ: 1946-ին միությունը ֆինանսավորեց հազարավոր սփյուռքահայերի հայրենադարձությունը: 1971-ին ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի միջոցներով իր անունը կրող գանձատուն ստեղծվեց Մայր Աթոռ Սբ Էջմիածնում:
Քաղաքականության մեջ ոչինչ մշտական չէ, վարչակարգերը հաջորդում են իրար, բայց ազգային ունեցվածքը մնում է:
Անկախության տարիներին մեր գործունեությունն էլ ավելի բազմազան դարձավ, եւ կազմակերպությունը ավելի քան 150 մլն դոլար ներդրեց Հայաստանի տարբեր նախագծերում: Կոմունիզմի անկումից հետո ՀԲԸՄ-ն մի կողմից ֆինանսավորեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի ստեղծումը, որպեսզի երիտասարդները ծանոթանան Արեւմուտքի կրթական համակարգին: Մյուս կողմից, մենք կրթաթոշակներ ենք տալիս Հայաստանի Ֆրանսիական համալսարանին եւ օժանդակում ենք պետհամալսարանին: Միությունը ստանձնել է Երեւանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ծախսերը եւ ֆինանսավորել արվեստի ու երաժշտության բազմաթիվ ձեռնարկումներ, որպեսզի պահպանվի անցյալի գեղարվեստական եւ մշակութային ժառանգությունը, որ մեր երիտասարդ պետությունը դեռ ի վիճակի չէ անել:
Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հետ համագործակցելովՙ միությունը ստանձնեց խորհրդային ժամանակաշրջանի պիոներական պալատների ծախսերը եւ դրանք դարձրեց մանուկների ու պատանիների գեղարվեստական ու մշակութային կենտրոններ: 1990-ից ի վեր այդ կենտրոնները ընդունում են օրական մոտ 4000 պատանիների, ապահովելով հետաքրքրական ժամանցի միջոցներ»:
Այդ երիտասարդներն իրենց ասպարեզներում հասնում են տպավորիչ հաջողությունների: Նրանցից շատերն աչքի են ընկնում արդեն մանկական եւ պատանեկան տարիներին: Բարեգործները լավ են ըմբռնել իրենց ձեռնարկման նպատակները:
«ՀԲԸՄ-ն զբաղվում է «օգնության սեղաններով», որոնցից ամեն օր սնվում են ավելի քան 1500 կարիքավոր թոշակառուներ,- շարունակում է Պերճ Սեդրակյանը:- Ի դեպ, մենք ջանքեր ենք գործադրում զարգացնելու Առաքելական եկեղեցու գործունեությունը, մեր անդամների նվիրատվություններով ֆինանսավորելով նոր եկեղեցիների կառուցումը եւ կոմունիզմի 80 տարիներից հետո զարգացնելով ծխական հայեցակարգը: Մենք մի նոր ճեմարան ենք ստեղծել Սեւանում:
Այսպիսով մենք Ն. Ս. Գարեգին Բ-ին օգնում ենք «Եկեղեցու» վերակառուցման նրա առաքելության մեջՙ ապահովելով ճեմարանականների պատրաստման ֆինանսավորումը արտերկրում աստվածաբանական եւ այլ ուսմանց կրթաթոշակների միջոցով: Մենք համոզված ենք, որ Եկեղեցին կշարունակի շատ կարեւոր դեր խաղալ սփյուռքում մեր ինքնության պահպանման գործում:
ՀԲԸՄ-ն Հայաստանում ամեն ամառ կազմակերպում է «Սկաուտական» բանակումներ, ավելի քան 500 պատանի սփյուռքահայերի ճամբարներ եւ այցելություններ: Մենք Վիրտուալ համալսարան ենք ստեղծել համացանցի միջոցով սփյուռքահայերին լեզու, պատմություն, արվեստ դասավանդելու համար»:
Սեդրակյանն ընդգծում է, որ ՀԲԸՄ-ն ջանքերը կենտրոնացնում է Հայաստանի վրա, քանզի դժվար է ինքնությունը պահպանել սփյուռքումՙ չներշնչվելով մայր հայրենիքից եւ Եկեղեցուց:
«Կոմունիզմի անկումից հետո մենք գործունեությունը վերսկսել ենք արեւելաեվրոպական երկրներում (Բուլղարիա, Ռումինիա եւ այլն) եւ գործունեություն ենք ծավալում Ռուսաստանում, որտեղ երկու միլիոն հայ է ապրում», շարունակում է Սեդրակյանը:
«Ցավոք, մեր միջոցները դեռ սահմանափակ են գաղթավայրերի ներկայիս պահանջմունքների դեմ հանդիման», վերջում արձանագրում է նա:
«L’Orient-Le Four», Բեյրութ, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.