Երեկ պաշտպանության նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն` հուլիսի 15-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Խաչատուր Հրաչիկի Թադեւոսյանը (ծնված 1988-ին, զորակոչված Շենգավիթի զինկոմիսարիատից) մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով անզգուշաբար կրակել ու սպանել համածառայող Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին (ծնված 1992-ին, զորակոչված Կենտրոնի ԶԿ-ից):
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Բանակի վերաբերյալ մեկ այլ հաղորդագրություն երեկ փոխանցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ըստ որի` դիմում է ներկայացվել զինվորական դատախազություն եւ պաշտպանության նախարարություն` Վայքի Խաչիկ գյուղի 4-րդ գումարտակի զինծառայողի նկատմամբ ծեծի, բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի մասին: Իր որդու իրավունքների պաշտպանության համար կազմակերպությանն է դիմել Ռ. Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գումարտակի ինչ-որ սպա, որդու մոտ հեռախոս տեսնելով, վերցրել է այն եւ հրամայել` որպես պատիժ, փորի վրա կատարել վարժություն»: Տղան հրաժարվել է կատարել սպայի հրամանը, որից հետո ենթարկվել է «ծեծի, բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի»:
Այս կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է զինվորական դատախազություն` պահանջելով գործի առնչությամբ հարուցել քրեական գործ եւ հաղորդման վերաբերյալ կայացրած որոշումը տրամադրել կազմակերպությանը:
Անշուշտ` ցավալի է ամեն մի նման դեպք ազգային բանակում: Որեւէ մեկը որեւէ սպայի իրավունք չի տվել` անկախ ամեն ինչից ծեծի, բռնության, առավել եւս` անմարդկային վերաբերմունքի արժանացնել զինվորներին: Այդպիսի սպաները պետք է տեղ չունենան հայկական բանակում: Սակայն փորձենք այդուհանդերձ սառնասրտորեն հասկանալ իրավիճակը երկու դեպքերում: Սպանության դեպքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, գործ ունենք «անզգուշության հետ», իսկ ո՞վ է մեղավոր դրա համար, երբ մարտական հենակետի պատասխանատու, սովորաբար` սպան, ամենեւին էլ հենակետը հսկող զինվորների կողքին չպետք է լինի կանգնած: Իհարկե` զինվորն ինքը, որն, օրինակ, պարտավոր է, թեկուզ չլիցքավորված զենքը երբեք չպահել ծառայակից ընկերոջ վրա: Երկրորդ իրավիճակում ի՞նչ իրավունքով է զինվորը իր մոտ պահել հեռախոս, երբ այն ՀՀ ԶՈՒ կանոնադրությամբ արգելված է: Կրկնենք` այս ամենը հաշվի առնելով էլ` վերջին պարագայում սպայի պահվածքը, եթե իրոք հենց այդպես է եղել, դատապարտելի է:
Հ. ԱՖՅԱՆ