Մի պահ պատկերացնենք, որ մեր` հայաստանյան հասարակությունում առաջանում է հայ երիտասարդների մի բավականին մեծ խումբ, որոնք «ցանկանում են դարձնել աշխարհը ավելի լավը, որոնք պատրաստ են զոհողությունների` հանուն իրենց ընկերների, որոնք պատրաստ են անհապաղ օգնության հասնել մերձավորին: Որոնք սիրում են էքստրեմալ հանգիստը (մանավանդ Հայաստանի լեռնային պայմաններում-Հ. Ա.), որոնք կարողանում են լսել եւ հասկանալ ուրիշներին, որոնք մշտապես դրական տրամադրվածություն ունեն, կարողանում են ժպտալ եւ հավատում են, որ Աստծու օգնությամբ կարող են փոխել այս աշխարհը, եւ որոնք թիմ են»: Դե հիմա պատկերացրեք, որ Հայաստանում նման «թիմ» կա, անունը, ինչպես ամբողջ աշխարհում նույնն է` Young life («Յանգ լայֆ»):
Կազմակերպության «հայաստանյան մասնաճյուղը» այս օրերին ամառային ճամբար է կազմակերպել Ծաղկաձորում. այսօր շուրջ 200 երեխաներ իրենց հանգիստն են վայելում` «Յանգ լայֆ»-ի հովանու ներքո: Անցյալ շաբաթա վերջին` նույն հանգստավայրում եղած Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչները նույն ճամբարում ականատես են եղել մի շարք «տարօրինակ երեւույթների». երեխաները արտասվելիս են եղել, նրանցից մեկը անգամ նշել է, թե ցանկանում է լքել ճամբարը, ու «եթե Աստված ինձ դրա համար պիտի պատժի, թող պատժի»: «Ազգ» -ի հետ զրույցում իրադարձությանն ականատես ՀՀԿ ԵԿԱ փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանն ու ներկայացուցիչ Գոհար Գալտագազյանը վկայում են, որ, լսելով «կրոնական բնույթի ռիթմիկ երգերի ձայներ, իրենք մտել են հանգստավայրի դահլիճ, որտեղ ականատես են եղել, թե ինչպես են երեխաները միմյանց գրկած, երգում Հիսուսի մասին երգեր, ինչպես են անհայտ պատճառներով արտասվում»: Ասոցիացիայի ներկայացուցիչները փորձել են պարզել երեխաների արտասվելու պատճառները «Յանգ լայֆ»-ի ներկայացուցիչներից, որոնք պատասխանել են. «Դրանք դրանով գտնում են Հիսուսին» կամ` «Շատերը նրանցից իրենց ընտանիքներում ճնշված են ու սոված, իսկ այստեղ մենք նրանց կերակրում ենք, դրա համար երեխաները հուզմունքից լաց են լինում»:
«Յանգ լայֆ» կազմակերպությունը Հայաստանում հիմնել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբան շրջանավարտ Լիլիթն իր ամուսնու հետ. «Ես հանդիպեցի Հիսուսին, երբ 14 տարեկան էի: Սակայն ծնողներս թույլ չէին տալիս գնալ եկեղեցի, եւ ես Հիսուսին խնդրեցի` օգնել ինձ, եւ մենք հաղթեցինք, ու նա (նկատի ունի-Հիսուսին-Հ. Ա.) իմ ընկերն է արդեն շատ տարիներ», այսպես պատմել է իր մասին Լիլիթը: «Յանգ լայֆ»-ը Հայաստանում», ըստ կազմակերպության «ծրագրերի համակարգող» Արամի , գրանցված է որպես հասարակական կազմակերպություն, սակայն Հայաստանի հասարակական կազմակերպությունների էլեկտրոնային կայքէջում մենք նման անվանումով կազմակերպություն չգտանք: Բացի սրանից, «Յանգ լայֆ»-ի ներկայացուցիչ Արամի խոսքերով` իրենք իրականացնում են «երիտասարդական ծրագրեր` ինչպես սպորտային, այնպես էլ ժամանցային: Մասնավորապես կազմակերպությունն ունի իր ուրախների եւ հնարամիտների ակումբը` հենց «Յանգ լայֆ» անվանումով: Բացի սրանից, Արամի խոսքերով, իրենց կազմակերպած ճամբարների ժամանակ իրենք 7-16 տարեկան երեխաների հետ «զրուցում են քրիստոնեության, Հիսուսի մասին. «Ես Հիսուսին հայտնաբերեցի 4 տարի առաջ», «Ազգ» -ի հետ հեռախոսազրույցում ասաց Արամը` ներկայանալով որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ: Սակայն 2001-ի դեկտեմբերի 4-ին ընդունված ՀՀ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Սույն օրենքը չի տարածվում կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների, արհեստակցական միությունների ...ձեւերի ու տեսակների մեջ»: Հետեւաբար` հասարակական կազմակերպությունը չի կարող իրականացնել «քրիստոնեության մասին զրույցներ», առավել եւս` «օգնել երեխաներին եւ պատանիներին` բացահայտելու Հիսուսին»: Արամը, սակայն, մեր զրույցում չընդունեց, որ իրենք զբաղված են քարոզով` որպես այդպիսին. «Մենք պարզապես զրուցում ենք, արտահայտում մեր պատկերացումները, դրանք փոխանցում երեխաներին», ասաց նա` հավելելով, որ վերջերս ճամբարի բոլոր երեխաներին տարել են Կեչառիսի եկեղեցի:
Ծաղկաձորի նույն հանգստավայր ՀՀԿ ԵԿԱ-ի խնդրանքով եկած Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ տեր Շահեն քահանան «Ազգ» -ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ ինքը ճամբարում «տեսել է յուրահատուկ կարմիր վերնաշապիկներով երիտասարդների, որոնց շապիկների վրա պատկերված են եղել խաչեր». «Սակայն որոշ ժամանակ անց, երբ ես ցանկանում էի զրուցել այդ երիտասարդների հետ, նրանց այլեւս չտեսա»: Տեր Շահենը անձամբ չի տեսել նաեւ «արտասվող երեխաների», սակայն «տարօրինակ երեւույթների» տեղի ունենալը ճամբարում քահանան չհերքեց:
Մեր հարցին, թե գիտե՞ն արդյոք ճամբարում հանգստացող երեխաների ծնողները, որ իրենց երեխաների հետ, բացի սովորական ճամբարային կյանքից, պետք է տարվեն նաեւ «զրույցներ Հիսուսի մասին», «Յանգ լայֆ»-ի ներկայացուցիչ Արամը պատասխանեց. «Իհարկե գիտեն»: Սակայն այդ պարագայում տարօրինակ է երեխաների լացը. չէ՞ որ եթե նրանք կանխավ տեղեկացված են, թե ուր եւ ինչու են մեկնում, ապա նման հուզումներ չեն կարող լինել, եթե, իհարկե, նման զրույցների ժամանակ չեն լինում երեխային սարսափեցնող երեւույթներ, մասնավորապես «Հիսուսի արյան ցուցադրությունը» ինչ-որ կարմիր նյութերի տեսքով, ինչը երեխայի հետ շփման լավագույն ձեւը չէ: Ի դեպ, եթե անգամ ընդունենք, որ «Յանգ լայֆ»-ը Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպություն է, ինչը չի հաստատում ներկայացուցիչ Արամը, ապա համաձայն վերջիններիս մասին ՀՀ օրենքի` հոգեորսությունը, այսինքնՙ սեփական կրոնական հայացքների բռնի կամ ստիպողաբար պարտադրումը պատժելի արարք է: Ու եթե մենք խոսում ենք հատկապես անպաշտպան երեխաների մասին, ապա դա կրկնակի անթույլատրելի է դառնում:
Ինչեւէ, «Ազգ» -ը առաջիկայում հետամուտ կլինի այս խնդրին` ներկայացնելով բոլոր կողմերի, այդ թվումՙ ճամբարում հանգստացող երեխաների ու նրանց ծնողների կարծիքը` պարզելուՙ ո՞վ կամ ովքե՞ր են «Յանգ լայֆ» կազմակերպությունը», ի՞նչ նպատակներ ունեն եւ ունե՞ն արդյոք իրավասություն ու բարոյական իրավունք` հավաքելու միանգամից շուրջ 200 երեխաների ու «զրուցելու Հիսուսի մասին»: Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հենց Ծաղկաձորում ՀՀԿ ԵԿԱ-ի ներկայացուցիչներն տեղեկացրել են խնդրի մասին, Վեհափառը համապատասխան հանձնարարականներ է տվել Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանին եւ երաշխավորել, որ «խնդրի առնչությամբ առաքելական եկեղեցին տանում է քննություն»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ