«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2011-07-16 | #132, 2011-07-19 | #133, 2011-07-20


ՊԱԿԱՍ ԲԱՆԵՐ ԵՐԵՎԱՆ-ՎԻԵՆՆԱ-ԵՐԵՎԱՆ

Աշխարհագրորեն Հայաստանը եվրոպական երկիր է, արժեհամակարգով` նույնպես: Մեր երկիրը համաեվրոպական մի շարք կազմակերպությունների անդամ է, որոշների հավակնորդ, մյուսները` որպես ուղենիշ ունեցող: Բոլոր այս կազմակերպությունները պարբերաբար պատրաստում են Հայաստանի մասին զեկույցներ, հայտարարություններ, որոնցում նշում են մեր երկրի` օրենսդրական, տնտեսական, առհասարակ` պետական ոլորտների թերացումները: Մենք` մեր հերթին, կամ ընդունում ենք դրանք ու նոր օրենքների տեսքով վերացնում (իսկ այդ օրենքներից շատերը պարզապես Հայաստանի համար չեն-Հ. Ա.), կամ չենք ընդունում եւ փորձում ենք քողարկել, եթե կարելի է ասել` թաքցնել դրանք եվրոպական հանրության աչքից:

Սակայն եկեք չխոսենք Եվրոպային հայկական պետության համապատասխանությունից կամ դրա բացակայությունից, փոխարենը... պարզապես կատարենք ճանապարհորդություն` Երեւան-Վիեննա-Երեւան:

Երեւան

Տաքսին, որը մեզ տեղափոխում էր «Զվարթնոց» օդանավակայան առավոտյան ժամը 4-ին, ճանապարհին մի տեղ անսարքության պատճառով կանգ առավ, մի տեղ կանգ առավ «գազ լցնելու», մեկ այլ տեղ պետավտոտեսուչը կանգնեցրեց` սահմանված արագությունը խախտելու եւ ամրագոտին չկապելու համար տուգանք սահմանելով վարորդին, որին գիշերվա այդ ժամին «չգիտես ով» որոշել էր զանգահարել, հասկանալի է, վարորդը մեքենան վարելիս խոսում էր: Ի դեպ, վարորդը նույնիսկ ժպիտով արձագանքեց իմ այն հարցին, թե` ամրագոտին կապենք, չէ՞. «Այ ախպեր, էս ժամին ո՞վ պիտի մեզ բան ասի...»: Արդեն օդանավակայանում ես ինքս իջեցրի իմ ճամպրուկը, քայլեցի բավական երկար, քանի որ վարորդը կանգնեցրել էր մեքենան բավական հեռու օդանավակայանի մուտքից, եւ մտա «Զվարթնոց» օդանավակայան: Տեսարանը բավական խոսուն էր: Առաջիկա ժամերին սպասվում էին թռիչքներ` Երեւան-Վորոնեժ, Երեւան-Եկատերինբուրգ, Երեւան-Մոսկվա, Երեւան-Պրահա, Երեւան-Վարշավա եւ մերը` Երեւան-Վիեննա: Հատկապես ռուսական ուղղությունների սպասասրահներում` ընտանիքներ` մանկահասակ երեխաներով, հսկայական ճամպրուկներով, ծրարներով, որոնց միջից երեւում էր պարունակությունը` սպիտակեղեն, պահածոներ, կանաչի...: Իսկ արդեն ուղեւորների գրանցման հերթերը` բոլորովին այլ պատմություն են. ամենեւին էլ գաղտնիք չէ` հայերս հերթ կանգնել չենք սիրում, բոլորս արտահերթ ենք: Երեւան-Եկատերինբուրգ չվերթի ուղեւորների գրանցմանը զուգընթաց սկսվեց Երեւան-Վարշավա չվերթի գրանցումը, եւ, «տարօրինակ է», բայց փաստ, բոլորը առաջանում էին բացառապես հերթով, երեւի սա այսպես է երկու պատճառով. Վարշավան «ավելի շատ» Եվրոպա է, քան Եկատերինբուրգը, եւ երկրորդը` Վարշավայի չվերթում հերթ կանգնածներից շատերը հայկական արտաքին չունեին...:

«Ավստրիական ավիաուղիներ»-ի օդանավում ենք. ուղեկցորդ-ուղեկցորդուհիների սիրալիր ժպիտ, նստատեղի, եթե այն պարզ չէ` հանգամանալից բացատրություն, հարմարավետ` բարձիկներով ու ծածկոցներով «էկոնոմ-կլասս»-ի նստատեղեր եւ միայն մի «պակաս բան»: Ինքնաթիռ` որպես ձեռքի իր տեղափոխած բեռների առատություն, ընդ որում` հատուկ դրանց համար նստատեղերի վերեւում նախատեսված տեղերը` լեփ-լեցուն էին: Միգուցե «պատահականորեն», միգուցե` ոչ, սակայն «գերծավալուն» ուղեբեռները այդ դարակներում հարմարեցնում էին հիմնականում հայկական արտաքինով ուղեւորները` եվրոպացի ուղեւորների զարմացած հայացքների տակ:

Ուղիղ 3 ժամ տեւած հաճելի չվերթից հետո Վիեննայի օդանավակայանում ենք:

Վիեննա

Ընդամենը 5 վայրկյան, ավստրիացի սահմանապահի մեկ հայացք եւ բարի գալուստ Ավստրիա: Մեր պատվիրակության անդամներից մեկը նույնիսկ կատակեց. «Այս երկիրն ավելի հեշտությամբ է ընդունում, քան մեր երկիրը թույլ է տալիս հեռանալ», դե զարմանալու ոչինչ կարծես չկա. մենք Եվրոպայում ենք: Պարզվեց, որ այս վերջինը շատ բան է նշանակում, օրինակՙ ձեզ դիմավորելու եկած մեքենան կարող է մեկ րոպե անգամ չուշանալ, վարորդը ձեզ կարող է օգնել` տեղադրելու մեքենայում ձեր իրերը, ճանապարհին ոչ մի տեղ անսարքության պատճառով չկանգնել, ոչ մի տեղ խցանման չհանդիպել, ոչ մի պետավտոտեսուչի կողմից չտուգանվել եւ չանցնել սահմանված արագությունը: Դեպի քաղաք ճանապարհին չհանդիպեց ոչ մի ոստիկանական մեքենա, բացարձակապես ոչ մի տհաճ` «կահույքի առք ու վաճառք» մակագրությամբ շինություն` խանութի ներսում եւ հատկապես դրսում վաճառվող ապրանքով: Փոխարենը` բնություն, կանաչ, բնապատկերներ եւ մայրուղուց հեռու միայն` գործարաններ, տարբեր շինություններ. մի խոսքով` անմիջապես տպավորություն ստեղծվեց, որ սա երկիր է, որտեղ գնահատվում ու պահպանվում է բնությունը. չէ՞ որ երկրի մասին առաջին տպավորությունը ստանում ես հենց օդանավակայանից քաղաք ճանապարհին: Մեզ տեղափոխող մեքենայի վարորդը ամբողջ ճանապարհին չմիացրեց ոչ մի տեսակի երաժշտություն, ոչ մի նախադասությամբ, բառով չպատմեց իր մասին, չնայած երեւում էր, որ ավստրիացի չէ (ամենայն հավանականությամբ` թուրք), եւ հավանաբար «ամբողջ կյանքում չէ, որ փոխադրող մեքենայի վարորդ է եղել»:

«Դուն հայ ե՞ս», որքան էլ տարօրինակ է, այս բառերով մեր պատվիրակության անդամներից մեկին դիմեց ոչ թե մեր հայրենակիցներից, այլ պաղեստինցի մի արաբ, երբ հայ լրագրողներից մեկը նրանից հետաքրքրվեց, թե գիտի՞ արդյոք Հայաստանի մասին: Արաբը ավելացրեց (արդեն անգլերենով), որ ինքը գիտի հայոց հինավուրց եկեղեցու մասին, Երուսաղեմում նրա ունեցած ազդեցության մասին եւ այլն: Մենք ամենեւին էլ պատահական չսկսեցինք մեր «ճանապարհորդությունը» Վիեննայի փողոցներով հենց արաբի խոսքերը մեջբերելով. ինչպես եվրոպական գրեթե բոլոր խոշոր քաղաքները, Ավստրիայի մայրաքաղաքը նույնպես` բնիկ ավստրիացիների խիստ «կարիք ունի»: Արաբական, հնդկական, ռուսական, իտալական, պարսկական ընտանիքներ` կանայք` չադրաներով, ահա` Վիեննայի «փողոցները», եւ ամենակարեւորը` այս բոլորի նկատմամբ տեղացիների հանդուրժողականությունն ու սիրալիրությունը, հատկապես մեր հարեւան իրանցիների նկատմամբ ավստրիացիների վերաբերմունքից մենք շատ բան ունենք սովորելու, եթե դեռ ցանկանում ենք դառնալ տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոն:

Եթե կարելի է մեկ նախադասությամբ ասել, ապա Վիեննան ժպտացող եւ բարեհամբույր թանգարան է բաց երկնքի տակ: Երբեմնի հզոր Ավստրո-Հունգարական կայսրության մայրաքաղաքն այսօր էլ պահպանել եւ հիացնում է իր հզորությունը վկայող կոթողներով, իր կայսերական ավանդույթներով: Հատկապես կենտրոնական շրջաններում դեռ կարելի է հանդիպել ձիակառքերի, կառապանների, ազգային տարազներով տեղացիների, որոնցից ոչ ոք, ի դեպ, ամենեւին էլ չի խուսափում օտարերկրացիների հետ շփումից, նրանց ֆոտոխցիկներով լուսանկարվելուց. աշխարհի բոլոր ժողովուրդներին ընդունող եւ միացյալ Եվրոպայի մաս կազմող Վիեննան երբեք չի մոռանում իր` Ավստրիայի մայրաքաղաք լինելը եւ չի մոռանում ոչ թե անհանդուրժողաբար, այլ սիրալիր, ժպիտով, գեղեցկագույն պատմական հուշարձաններով...:

Երբեւէ հանդիպե՞լ ենք երեւանյան սրճարանում մատուցողի, որի հետ ձեր շփումից եզրակացնեք, որ սիրում է իր գործը եւ հաճույքով է սպասարկում ձեզ: Վիեննայում նրանք բազմաթիվ են, սա չի նշանակում, որ մարդը չունի անձնական խնդիրներ, որ նա ըստ պահանջի պահում է իր ընտանիքը, բայց, վիեննացի մատուցողը ժպտում է, նա երջանիկ է, եւ ամենակարեւորը` նա երջանիկ է, որ սպասարկում է ձեզ:

Դատելով հնչող ծափահարություններից եւ մարդկանց հայացքներից, երջանիկ են նաեւ այն շուրջ 5000 մարդիկ, որոնք Վիեննայի դրամատիկական թատրոնի դիմահայաց հրապարակի առջեւ տեղադրված մեծ էկրանին, հարմարավետ աթոռներին նստած, հետեւում էին դասական երաժշտության համերգի: Պատկերացնենք մի պահ, մեր Ազատության հրապարակը, ոչ թե տոնական, այլ սովորական մի օր, օպերայի դիմաց տեղադրվում են, լավ, 1000, լավ, 500 աթոռներ, բոլոր աթոռները կարճ ժամանակ անց զբաղեցվում են, եւ սկսվում է դասական երաժշտության համերգը: Անհնար է պատկերացնելը...ավաղ:

Եվս մի պատկերացնելու բան: Նույն Ազատության հրապարակի սրճարանները ոչ թե սրճարան են, այլ մարդկանց բացօթյա հանգստի գոտիներ, նաեւ բացօթյա սննդի գոտիներ, որտեղ մեկ շարքով հարմարեցված են աշխարհի ժողովուրդների ազգային խոհանոցների տաղավարները` չինական, հունական, ճապոնական, ռուսական` մեր պարագայում` հայկական, վրացական եւ այլն: Իսկ մարդիկ մոտենում են իրենց նախընտրած խոհանոցի տաղավարին, վերցնում իրենց նախընտրած ուտեստը եւ վայելում իրենց հանգիստը` հարմարավետ սեղանների մոտ, կամ հոտընկայս, իսկ հետո վերադարձնում սպասքը` առանց տարածքը աղտոտելու: Վիեննայում այս հրապարակը դրամատիկական թատրոնի դիմահայացն է, այն նույն հրապարակը, որի առջեւի մասում մարդիկ վայելում են բացօթյա դասական համերգը, սա էլ, ի դեպ, մշակույթն ու ժամանցը մեկտեղելու մասով. ո՞վ է շահում` բնակչությունը` մարդիկ, ո՞վ է գոհ` որպես կանոն շահող կողմը:

Վիեննայում մենք գրեթե չտեսանք գերթանկարժեք մեքենաներ. վարորդները, որպես կանոն, գերադասում են ավելի էժան ու քիչ ծախսատար մեքենաները, ինչը մեզանում «անպատվաբեր» է համարվում: Ականատես չեղանք խցանման, ավտովթարի, փոխարենը տեսանք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների կողմից երթեւեկության կանոնների պահպանումը: Այդ բազմազգ քաղաքի փողոցներում առհասարակ չնկատեցինք ոստիկանների: Օրինակՙ մոսկվացի ոստիկանները «բավական գործ» կունենային անելու այնտեղ, որտեղ ավստրիացի ոստիկանները չեն էլ երեւում: Բոլոր փողոցները` հստակ ու հասկանալի գրառումներով ցուցանակներով, նույնը վերաբերում է նաեւ Վիեննայում խիստ մեծ պահանջարկ ունեցող մետրոպոլիտենի կանգառներին... Մի խոսքով` Ավստրիայի մայրաքաղաքը ստեղծել է բոլոր պայմանները` իր բնակիչների ու օտարերկրացիների համար կյանքն ու ժամանցը ավելի դյուրին ու հաճելի դարձնելու համար. Վիեննան արդի Եվրոպայի լիարժեք ներկայացումն էՙ հանդուրժող-ավանդապաշտ:

Բոլոր անցակետերով անցումը տեւեց ընդամենը կես ժամ, եւ մենք արդեն «Ավստրիական ավիաուղիների» ինքնաթիռում ենք` Երեւան հետդարձի ճանապարհին:

Օդանավում եվրոպացի` հիմնականում Հոլանդիայից տարանցումով Երեւան մեկնող ուղեւորները կրկին զարմացած նայում են հայերիս` երբ փորձում էինք խցկել ուղեբեռները նստատեղերի վերեւի դարակներում...:

Երեւան

Անշուշտ մենք չենք մատնանշի բոլոր այն «պակաս բաները», որ ունի եվրոպական քաղաք Երեւանը եվրոպական քաղաք Վիեննայի համեմատությամբ: Պարզապես նկատենք, որ դրանցից շատերը մենք լրացնել կամ ուղղել կարող ենք պարզապես վերաբերմունքի ու աշխարհայացքի փոփոխմամբ, որն ամենեւին էլ չի նշանակում ազգային ավանդույթներից հրաժարում. 21-րդ դարում լիարժեք կանգուն մնացած «Ավստրո-Հունգարիայի մայրաքաղաք» Վիեննան դա ապացուցեց մեզ: Ի դեպ, ոչ ոք չի կարող ասել, թե արդյոք չե՞ն մեղմանա կամ առհասարակ վերանա եվրոպական տարբեր կազմակերպությունների տհաճ զեկույցները Հայաստանի մասին, երբ, օրինակ, երեւանյան տաքսու վարորդը չստիպի ուղեւորին լսել իր երաժշտությունը, իսկ քաղաքի հրապարակներից մեկում գոնե 100 մարդ ուշադրությամբ հետեւեն դասական երաժշտության համերգի:

Ահա Եվրոպան, որն ամենեւին էլ քաղաքներ կամ պետություններ չէ, այլ ազատություն է, քանի որ օրինապահություն է:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Վիեննա-Երեւան

Հ. Գ. - Վիեննա կատարած ուղեւորության համար շնորհակալություն ենք հայտնում «Ավստրիական ավիաուղիներ» ընկերությանը, որի բարեկարգ ինքնաթիռները Երեւանից աննկատ դարձրեցին մեր թռիչքը Ավստրիայի մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ: Հատուկ շնորհակալություն նաեւ ընկերության ներկայացուցիչ Տամարա Կարկուսյանին` Վիեննան մեզ ներկայացնելու համար:

Նկար 1. Հին Վիեննան նորի արտացոլանքի մեջ:

Նկար 2. ...Մի քանի րոպեից 5000 մարդ էկրանից կհետեւի դասական համերգին:

Նկար 3. Միջոցառում փողոցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4