Երեւանի այն հատվածը, որտեղ ապրում եմ արդեն 15 տարի եւ ավելի, ջրամատակարարման խնդիր, կարելի է ասել, չի ունեցել: Նույնիսկ ցրտի ու մթի տարիներին ջրազրկում գրեթե շատ սակավ է եղել: Սա, կարծում եմ, մեծ առավելություն է քաղաքի շատ հատվածներում օրվա ընթացքում մի քանի ժամվա ջրամատակարարման համեմատությամբ: Հետագայում քաղաքի ջրամատակարարման ծառայության բարեփոխումների հետեւանքով, անշուշտ, առավել բարվոք վիճակ ստեղծվեց: Համենայն դեպս, Հակոբ Հակոբյան փողոցի վերջնամասի եւ դրանից սկսվող Քեռու փողոցի (Մերգելյան ինստիտուտի շրջակայք) բնակիչները «ջրային» բողոք, կարծում եմ, չունեն: Ջուրը շուրջօրյա է, եւ այսքան տարիների ընթացքում լուրջ վթար, անգամ նախկինՙ հին խողովակաշարերի ժամանակ էլ չի եղել, միայն մեկ դեպք եմ հիշում: Ներկայումս մոնտաժման կամ վերանորոգման աշխատանքների հետ կապված երբեմն լինում են ջրամատակարարման դադարեցումներ: Սակայն, ի դրվատանք «Երեւան ջուր» ՓԲԸ-ի, պետք է ասել, որ ընկերությունը մի քանի օր առաջ այս մասին հստակ տեղեկացնում է բնակչությանը տարբեր լրատվամիջոցներով: Բացի այդ, ինչը որ շատ գովելի է, յուրաքանչյուր բնակիչ այս մասին տեղեկացվում է նաեւ հեռախոսազանգով եւ անգամ հաղորդագրություն է թողնվում (ջրի որակի մասին չէ, իհարկե, մեր այս ակնարկը):
Երեւանում հաճախ կարելի է բակերում կամ փողոցներում տեսնել ջրի անտեղի հոսք, կորուստ: Բնության ռեսուրսների, ի թիվս դրանցՙ ջրի խնայողության մասին վերստին հիշեցնելը նույնիսկ անտեղի է: Երեւույթն այնքան ակնհայտ է եւ մարդու կեցությանը, գոյությանն այնքան անմիջապես սպառնող, որ ամեն գիտակից ոք պատկերացնում է բնության հանդեպ մեր անփութության բոլոր հնարավոր հետեւանքները: Մանավանդ դրանք (վտանգները) արդեն ակնառու են: Բնապահպանական ահազանգերն ու վիճակագրությունը, գիտական վերլուծումները եւ վերջապես մեր ամենօրյա կյանքի փորձը, մեր ապրածը բավարար հաստատումներ են:
Հիշում եմ, թե ինչպես «Արեւորդի» պատանի բնապահպանների մի խումբ իր հերթական ծրագրերից մեկում մտահղացել էր Երեւանի ցայտաղբյուրներին փական ամրացնել, ջրի մշտական հոսքը կանխելու, ջուրը խնայելու համար:
Վերջերս Քեռու փողոցի շենքերից մեկի բակով անդադար ջուր էր հոսում: Այդպես լինում է, երբեմն ավտոտնակների խողովակներն են վնասվում, երբեմն կոյուղաջրեր են հոսում: Բայց երկար չէր տեւում, կանխվում էր: Այս վերջինը, խմելու մաքուր ջուր էր եւ ամսից ավելի հոսում ու հոսում էր: Եվ քանի որ որոշակի մեկին չէր վերաբերում, մարդիկ անտարբեր անցնում-դառնում էին ջրային գոյացումների վրայով, նկատում կամ չէին էլ գուցե անդրադառնում, որ շաբաթներ շարունակ ջուր է զուր տեղը կորչում: Ջուրը կյանքի գոյության հիմքն ու խորհրդանիշներից մեկն է, բնության առաջին տարրը- կապույտ ոսկին:
Խոստովանենք, մերՙ բնակիչներիս անտարբերությունը նույնպես վտանգավոր է: Վերջապես մի օր «Երեւանջուր» ՓԲԸ Արաբկիր համայնքի թիվ 3 տեղամաս մտա, ներկայացրի խնդիրը: Տեղամասի պետըՙ երիտասարդ, լրջադեմ, ուշադիր լսեց, գրանցեց եւ խոստացավ լուծում տալ խնդրին, ասելով, որ ինձնից առաջ մի կին եւս տեղեկացրել էր իրենց: Անկեղծ ասած, մտածեցիՙ թե խոստումը թղթի վրա էլ կմնա, բայցՙ սխալվեցի: Երբ առավոտյան բակից վերանորոգող տեխնիկայի ծանոթ ձայները լսեցի, զարմացա: Վնասված ջրագծերը կարգավորվեցին շատ արագ, ջրահոսքը դադարեց:
Ափսոս էր նախկինում հոսած ջուրը, բայց հուսադրող էր տեղամասի պետի եւ աշխատակիցների արագ արձագանքը եւ ուշադրությունը: Ավելի ուշ տեղեկացա, որ իրենք չունեն մասնագետ վարպետներ, որովհետեւ ծառայությունՙ որպես այդպիսին, ընկերությունում չկա, եւ մենք էլՙ բնակիչներս, իրոք, սպասարկման վարձավճար չենք մուծում: Բայց միեւնույնն է, աշխատանքն արվեց, եւ դա գովելի է:
Մ. Բ.