«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2011-07-16 | #132, 2011-07-19 | #133, 2011-07-20


ԿԱՅԱՑԱՎ ՍԱՐԳԻՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ «ՄԱՅՐԻՆԵՐՈՒՆ ԾԻԱԾԱՆԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Երեկ, Հայաստանի գրողների միությունում կայացավ լիբանանահայ գրող, բանաստեղծ, բազմաթիվ գրքերի հեղինակ ու թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանի «Մայրիներուն ծիածանը» լիբանանյան արդի 7 բանաստեղծների գործերի թարգմանված ժողովածուի շնորհանդեսը: «Ազգ»-ի հետ զրույցում պրն Կիրակոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես մտահղացավ այս գաղափարը, ասաց. «Այս գիրքը 40 տարիներու թարգմանական փորձերու մեկտեղումն է: Առաջին թարգմանությունները սկսած եմ 1973-ին, անկե ետ «Բագին» ամսագրին մեջ հրատարակված են հաջորդաբար թարգմանություններս: Բայց գիրքը գիրք դարձավ վերջին 4-5 տարիներուն պրն Լեւոն Անանյանի հետեւողական հետապնդումներով, ծրագրված աշխատանքով եւ խմբագրությամբ»: Հեղինակը նշեց նաեւ, որ այդ յոթ բանաստեղծները յուրովի ներկայացնում են յոթ գույն, յոթ աշխարհ, կարծես պատկերում են լիբանանյան արդի գրականության ծիածանը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ գրող Հովհաննես Գրիգորյանը եւ բարձր գնահատեց նման ժողովածուի հրատարակությունը:

ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը բարձր գնահատելով լիբանանահայ գրող Սարգիս Կիրակոսյանի գրական վաստակը, ԳՄ վարչության որոշմամբՙ նրան հանձնեց «Գրական վաստակի համար» մեդալը:

Այնուհետեւ Սարգիս Կիրակոսյանի ժողովածուի մասին Լիբանանի արդի բանաստեղծների ու գրքում զետեղված գրողների երկու սերունդների ստեղծագործություններին վերլուծաբար անդրադարձան բանախոսներ Երվանդ Տեր-Խաչատրյանը, Արտեմ Հարությունյանը, Դավիթ Հովհաննեսը, գրականագետներ Դավիթ Գասպարյանն ու Սուրեն Աբրահամյանը: Գրքում զետեղված բանաստեղծություններից մի փունջ ասմունքեցին Սիլվա Յուզբաշյանը եւ Արման Նավասարդյանը:

Շնորհանդեսը ամփոփվեց Սարգիս Կիրակոսյանի շնորհակալական խոսքով, որն ուղղված էր գրքի խմբագիր Լեւոն Անանյանին, պետպատվերով ու Պուրճ Համուտի քաղաքապետարանի աջակցությամբ տպագրված լիբանանյան արդի բանաստեղծներՙ Ատոնիս (Ալի Ահմէտ ՍաՙԻՏ), Եուսէֆ էլ Խալ, Շաուգի ապի Շաքրա, Ունսի Էլ-Հաժ, Փոլ Շավուլ, Ապպաս Պայտուն, Ուստիհ Սաատէ, գործերի թարգմանությանՙ Երեւան-Բեյրութ ՀԳՄ հրատարակչությանը: «Այս գիրքը եօթներանգ ու եօթնաբոյր գեղահիւս ծիածան մըն է, որ, կը հավատանք, այս հատընտիրի էջերէն բանաստեղծութիւն առ բանաստեղծութիւն հրաշափառ վեր բարձրանալովՙ Սաննինի ձիւնապսակ կատարը պիտի կամրջէ Արարատի աստուածամերձ գագաթին ու պիտի ըլլայ լիբանանցի եւ հայ երկու բարեկամ ժողովուրդները ա՛լ ավելի իրարու մօտեցնող, մէկ պսակի տակ եղբայրացնող թագ ու ծիածան», ասաց Սարգիս Կիրակոսյանը եւ ընծայագրեց գրքերը:

Մ. Մ.

«Marie Claire Travel» ամսագիրը հրապարակել է Հայաստանի մասին

«Marie Claire Travel» հայտնի ամսագրի իտալական տարբերակը 2011-ի հուլիս-օգոստոս համարում Հայաստանի մասին հոդված է հրապարակել: Այս մասին տեղեկացանք արտաքին գործերի նախարարությունից: «Ուր շնչում են քարերը. ուխտագնացություն դեպի քրիստոնեական Հայաստանի սիրտը» խորագրով հոդվածը զբաղեցրել է ամսագրի 20 էջը: Հոդվածն անդրադառնում է հայկական պատմամշակութային ու հոգեւոր ժառանգությանը: Ամսագրում տպագրվել են նաեւ լուսանկարներ ու տեղեկատվություն Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4