«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2011-07-16 | #132, 2011-07-19 | #133, 2011-07-20


«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ «ՓԱՌԱՏՈՆԻ ՆՈՐ ԱՆՈՒՆ»-Ն Է

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի հայտարարած «Փառատոնի նոր անուն» մրցանակը շնորհվել է Հարություն Շատյանին: Երիտասարդ ռեժիսորի «Բեռնելով կյանքս» ֆիլմը ցուցադրվել էր փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակում: Ֆիլմը դարձել է «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը եւ արժանացել նաեւ «Նուարդ» մրցանակին:

Հարություն Շատյանը նոյեմբերի 16-20-ը Բրիտանական խորհրդի աջակցությամբ կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին եւ կներկայացնի իր ֆիլմը: «Ռեժիսորի համար կարեւոր է շրջագայելը եւ նոր երկրներ այցելելը: Միացյալ Թագավորությունում անցկացվող փառատոնին մասնակցելը էական է ոչ միայն նոր կապերի ստեղծման, այլեւ այդ երկրի կինոարտադրությանն ու նորարարություններին ծանոթանալու համար», ասաց Հարություն Շատյանը:

Ֆիլմի ստեղծման աշխատանքները տեւել են մեկ տարի: «Բեռնելով կյանքս» ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է: Այն նկարահանվել է սիրողական տեսախցիկով. ֆիլմի թե՛ օպերատորը եւ, թե՛ գլխավոր դերակատարը ռեժիսորն է: Այն ուսանողի, երիտասարդ ընտանիքի տղամարդու, հիվանդի անելանելի վիճակի մասին է: Հերոսը փորձում է կյանքի մեջ լուսավոր կետեր փնտրել: Զինվորական ծառայությունն ավարտելուց մի քանի օր առաջ հիվանդանում է շաքարախտով, եւ նրան` որպես զինծառայությանը ոչ պիտանի զինվորի, զորացրում են: Այստեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները: Ինստիտուտ, ընտանիք, երեխա, ամենօրյա պարտադիր սրսկումներ: Դեղ գնելու հնարավորություն չունեցող երիտասարդը ստիպված է դիմել հանցագործության: Պարտքեր, աշխատանքի որոնում, միամիտ եւ անզգույշ քայլեր, որոնք բանտ ընկնելու իրական նախապայմաններ են:

«Նման պատմություններ ամեն օր տեղի են ունենում մեր կողքին: Հորինված ոչինչ չեք գտնի ֆիլմում: Հատուկ եմ ֆիլմը սիրողական տեսախցիկով նկարահանել: Հակառակ դեպքում այն համոզիչ եւ անկեղծ չէր ստացվի», ասաց Հարություն Շատյանը:

Հարությունը ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4