Երեկվա համարում «Ազգը» փոխանցել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունը, ըստ որի իրենց գրասենյակ էր դիմել Վայքի Խաչիկ գյուղի զորամասի 4-րդ գումարտակի զինծառայողի ծնող Ռ. Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գումարտակի ինչ-որ սպա որդու մոտ հեռախոս գտնելովՙ վերցրել է այն եւ հրամայել որպես պատիժ կատարել փորի վրա վարժություններ: «Երբ զինվորը հրաժարվել է կատարել սպայի հրամանները», վերջինս նրան ենթարկել է բռնության եւ այլն: Սակայն երեկ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանեց իրավիճակը: Ըստ Կարապետյանի` այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Իրականում տեղի է ունեցել հետեւյալը. շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ նա իրավունք չունի կրել անձնական հեռախոս, եւ կարող էր օգտագործել միայն դասակին պատկանող եւ այնտեղ առկա բջջային հեռախոսը: Իսկ նրա նկատմամբ սպայի կողմից բռնություն գործադրելու մասին լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է եւ արժանի է համապատասխան հանրային գնահատականի»:
Հ. Ա.