«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2011-07-19 | #133, 2011-07-20 | #134, 2011-07-21


ՕԳՈՍՏՈՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՈԼՈՐՏԻ «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ»

Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց տարածքային կառավարման նախարարությանը կից միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը հանրապետության նախագահի մոտ անցկացրած խորհրդակցությունից հետո: «Միգրացիան դարձել է հասարակությանը հուզող հարց, հետեւաբար պատահական չէր այս քննարկումը», ասաց Եգանյանը: Միգրացիոն ծառայության ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ դեռեւս անցյալ տարի կազմվել է ոլորտի հայեցակարգ, ինչը ներառում է շուրջ 100 գործողություն, օրինակ, սահմանային վերահսկողություն, անկանոն միգրացիայի կարգավորում, օտար պետություններում գտնվող քաղաքացիների վերադարձի հարցեր եւ այլն: «Նախագահին մենք զեկուցեցինք հայրենական միգրացիայի հիմնական երկու պատճառները, որոնք են աշխատանքի բացակայությունը եւ բավարար կենսապայմաններ ապահովող աշխատանքի բացակայությունը», նշեց Եգանյանը: Այդուհանդերձ` Միգրացիոն ծառայության ղեկավարի խոսքերովՙ ոլորտի առկա իրավիճակը «աղետալի չէ». «2002-07-ը Հայաստանից հեռացել են ու մինչեւ հիմա չեն վերադարձել 150 հազար մարդ, ընդ որում, նրանց մի խումբը հեռացել է` նաեւ դուրս գալով հաշվառումից, մյուս խումբը սեզոնային մեկնողներն են, որոնք, սակայն, դեռ չեն վերադարձել, ինչը, անշուշտ, փաստ չէ, որ նրանք չեն վերադառնալու», նշեց Եգանյանը:

Հետաքրքրական է, որ 2008-ից հետո նման հետազոտություններ չեն անցացվել, ինչը, Եգանյանը պայմանավորեց այն հանգամանքով, որ դրանք անցկացվում էին հիմնականում միջազգային ֆինանսական աջակցությամբ, իսկ այս տարի արդեն նախատեսվում է անցկացնել նոր հետազոտություն` արդեն պետական բյուջեի ֆինանսավորմամբ. «Բացի այս նոր հետազոտությունից, շատ բան կհստակեցնի նաեւ այս տարի նախատեսված մարդահամարը», նշեց Եգանյանը:

Միգրացիոն ծառայության ղեկավարը նշեց նաեւ, որ նախագահը հանձնարարել էՙ բնակչությանը մշտապես իրազեկել ոլորտի իրավիճակի մասին. «Կարեւորվեց ոլորտում մեր նոր հետազոտության անցկացումը», ասաց Եգանյանը:

Ի դեպ Գագիկ Եգանյանի հարեւաններից ոչ ոք չի մեկնել արտերկիր. «Ընդամենը մի ընտանիք պարզապես փոխել է քաղաքում իր բնակության վայրը», ասաց նա` վստահեցնելով, որ «զանգվածային, աղետալի արտագաղթ Հայաստանում չկա»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4