«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2011-07-19 | #133, 2011-07-20 | #134, 2011-07-21


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸ ՀՈՒՆԻՍԻՆՙ 2,3 ՏՈԿՈՍ

Արդյունաբերությունը շարունակում է մնալ աճի առաջատարը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2011-ի հունիս ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցել է 2,3 տոկոս աճ: Հիշեցնենք, որ այս տարվանից ազգային վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես, դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվելու է տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Տնտեսության ճյուղերից ամենամեծ աճը հունիսին ունեցել է արդյունաբերությունը: Նախորդ տարվա հունիսի համեմատ արդյունաբերությունն աճել է 24,7 տոկոսով: Արդունաբերությունն աճել է նաեւ նախորդ ամսվաՙ մայիսի նկատմամբՙ 5,8 տոկոսով: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է ընդամենը 10,1 տոկոսով, իսկ այս տարվա մայիսի նկատմամբՙ 40,8 տոկոսով: Շինարարությունը հունիսին արձանագրել է 31,3 տոկոս անկում նախորդ տարվա հունիսի համեմատ, իսկ այս տարվա մայիսի համեմատՙ 1,7 տոկոս աճ:

Մանրածախ առեւտրում արձանագրվել է 6 տոկոս աճ անցյալ տարվա հունիսի համեմատ, իսկ այս տարվա մայիսի նկատմամբՙ 6,5 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է 4,1 տոկոս, իսկ այս տարվա մայիսի նկատմամբՙ 7 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 16,4 տոկոսով, իսկ մայիսի նկատմամբՙ 2,3 տոկոս նվազել:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ի հունիսին 2010-ի հունիսի նկատմամբ ավելացել է 10,4 տոկոսով եւ կազմել 441 մլն դոլար: Արտահանումը կազմել է 115,6 մլն դոլար, արձանագրելով 32,5 տոկոս աճ, իսկ հունիսին մայիսի նկատմամբՙ 1,1 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 325,4 մլն դոլար, նախորդ տարվա հունիսի համեմատ աճելով 4,3 տոկոսով, իսկ այս տարվա մայիսի համեմատՙ նվազելով 9,5 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը հունիսի արդյունքներով կազմել է 210 մլն դոլար, այսինքնՙ փոքր-ինչ բարելավվել է մայիսին արձանագրված 246 մլն դոլարի համեմատ:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունիսին կազմել է գրեթե 114 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 142 հազար դրամ, պետականումՙ 89 հազար դրամ:

Այսպիսով, մակրոտնտեսական ցուցանիշների տվյալներից ելնելով, մեկ անգամ եւս հարկ է ընդգծել հիմնական դրական պահըՙ արդյունաբերական արտադրանքի աճի բարձրՙ 24,7 տոկոս, ցուցանիշը: Գյուղատնտեսության արտադրանքի ցուցանիշը նույնպես սկսել է աճել, որը հիմնականում պայմանավորված է սեզոնային գործոնով եւ այս տարվա քիչ թե շատ բարենպաստ բնակլիմայական պայմաններով: Շինարարությունը, սակայն, նախորդ տարվա մայիսի համեմատ, հսկայականՙ գրեթե մեկ երրորդով անկում է արձանագրել, իսկ այս տարվա մայիսի համեմատՙ աննշան աճ: Մինչդեռ հենց ամռան ամիսներն են համարվում այս ճյուղի համար ամենաբարենպաստը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4