«Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Երեկ հիմնադրամի ղեկավարությունը կրկին նվիրատվություն կատարեց. այս անգամ Մատենադարանին բարեգործները նվիրեցին միջնադարյան ձեռագրեր, բանաստեղծ Եղիշե Չարենցի ձեռագրերն ու Վարդգես Սուրենյանցի 23 գծանկարն` ամփոփված մի տետրակի մեջ:
Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը «Ազգի» հետ զրույցի ժամանակ պատմեց` վերոնշյալ միջնադարյան ձեռագրերը մինչ նվիրատվությունը պատկանել են առանձին անհատների: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը վճարել է անհատներին ու գնված ձեռագրերը նվիրաբերել Մատենադարանին: Գեւորգ Տեր-Վարդանյանը հավելում է` արդեն 3 տարի այդ ձեռագրերը պահվում են Մատենադարանում: Այսինքն` դրանց նախկին տերերն այնքան բարեխիղճ են գտնվել, որ մինչ անհրաժեշտ գումարի վճարումը նախընտրել են ձեռագրերը թողնել ապահով պայմաններում:
«Փյունիկ» հիմնադրամի համանախագահ Գաբրիել Չեմպերճյանն էլ ասում է, որ Մատենադարանին աջակցելու են նաեւ այլ հարցերում: Հիմնադրամի ջանքերով Մատենադարան կբերվեն նոր սարքավորումներ:
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն էլ բարեգործներին իր երախտիքի խոսքն ուղղելուց հետո ներկայացրեց երեկ նվիրաբերված ձեռագրերը: Դրանցից մեկը 17-րդ դարի, մյուսը 13-րդ դարի Ավետարաններ են, որոնց մեջ զետեղված են մանրանկարչության յուրահատուկ նմուշներ: Հիմնադրամը երեկ նվիրաբերեց նաեւ 18-րդ դարի բարձրարվեստ գրչության մի Ղուրան, Ե. Չարենցի ձեռագրերի մի հավաքածու եւ Վարդգես Սուրենյանցի գծանկարները: Չարենցի ձեռագրերի հավաքածուն ներառում է բանաստեղծի 47 ինքնագիր բանաստեղծությունները, նամակներն ու այլ գործեր, որոնք նա գրել է կյանքի վերջին տարիներին:
Թե ինչպե՞ս են Չարենցի ձեռագրերը հասել Մատենադարան, այս հարցի շուրջը խոսեց արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը . «Մի քանի տարի առաջ մեզանում խոսում էին, թե ինչ-որ մարդկանց մոտ պահվում են Չարենցի ձեռագրերը, որոնք միգուցե տարվեն արտասահման: Սակայն եղելությունը հետեւյալն է` այս ձեռագրերը կազմում էին ավելի ամբողջական, 250 էջանոց հավաքածու ու գտնվում էին թարգմանիչ, արվեստաբան Աշոտ Շաբոյանի մոտ: Եթե չլիներ վերջինս, հավաքածուն արդեն վաղուց արտասահմանում կլիներ, քանի որ գայթակղիչ առաջարկները շատ էին»: Երվանդ Տեր-Խաչատրյանի փոխանցմամբ` այնուհետեւ մշակույթի նախարարությունը որոշակի գումարով ձեռք բերեց ձեռագրերի մի մասն ու հանձնեց Գրականության ու արվեստի թանգարանին. «Իսկ մյուս մասը` շուրջ 100 էջ, որոնք հիմա գտնվում են Մատենադարանում, մնացին Աշոտ Շաբոյանի մոտ, քանի որ պարզվեց` դրանք գնելու համար նախարարությունը չունի համապատասխան միջոցներ»: Հետագայում ձեռագրերը գնելու այլ առաջարկներ են եղել, սակայն Աշոտ Շաբոյանի հոգածության շնորհիվ դրանք չեն տեղափոխվել արտասահման:
«Օրեր առաջ Լիբանանում էի, երբ խոսք գնաց Չարենցի այդ ձեռագրերի շուրջը, Գաբրիել Չեմպերճյանն անմիջապես նշեց, որ դրանք արտասահման գնալ չեն կարող, քանի որ դրանց տեղը Հայաստանն է», ասաց Երվանդ Տեր-Խաչատրյանը` հավելելով, որ ավելի պատվավոր տեղ, քան Մատենադարանն է, Չարենցի ձեռագրերի համար լինել չէր կարող:
Հրաչյա Թամրազյանն էլ իր խոսքում նշեց, որ Մատենադարանի ֆոնդերի հարստացմանը մեծ ուշադրություն է դարձվում. «Եվ մեր հավաքածուները հարստանում են բացառիկ արժեքներով»:
Մատենադարանը հայ ժողովրդի հոգեւոր արժեքների կենտրոնն է, եւ «Փյունիկ» հիմնադրամն իր առջեւ նպատակ է դրել հնարավորության սահմաններում հայ հոգեւոր արժեքները, որոնք ամփոփված չեն այստեղ, վերադարձնել հայ ժողովրդին: «Փյունիկ» հիմնադրամի համանախագահ Լեւոն Սարգսյանի խոսքով` հոգեւոր արժեքները պետք է կենտրոնացված լինեն մի տեղում` Մատենադարանում, ու լինեն պետական հովանավորության ներքո. «Այդ արժեքները չպետք է մնան անհատների մոտ»:
Ի.Պ.