Որպես ռուսաստանաբնակ հայ կարող եմ զուգահեռներ անցկացնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հայկական կրթական համակարգերի միջեւ: Առավելությունը, անշուշտ, վերջինիս կողմն է: Հայեցի դաստիարակության կրթօջախների դրվածքն ու ավանդույթներն այստեղ երկարամյա պատմություն ունեն: Ռուսաստանում ըստ էության ազգային կյանքը զարթնում է 70-ամյա բոլշեւիկյան ընդարմացումից հետո: Եվ այդ ասպարեզում հսկայական է Հայաստանից արտագաղթած հայերի ծառայությունը: Ակտիվ են վրացահայերը, արցախցիները:
Նման խոհեր առաջացան, երբ Երեւանում այցելելով վաղեմի բարեկամիսՙ նրա տանը ծանոթացա Լոս Անջելեսից եկած զարմուհուՙ 16-ամյա Մերի Նաջարյանի հետ: Մայրը հայաստանցի է, հայրըՙ ամերիկահայ, եւ ընդգծված հայկական դիմագծերով գեղեցկատես աղջնակը ազատ խոսում է երկու «լեզվով» էլՙ արեւելահայերեն ու արեւմտահայերեն: Գերազանցով ավարտել է Լոս Անջելեսի «Հայ քույրերի վարժարանը», դառնալով այդ ուսումնական հաստատության լավագույն շրջանավարտներից մեկը: Ներկայումս սովորում է ամերիկյան դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: Ակտիվորեն մասնակցում է համաամերիկյան թե լոսանջելեսյան մակարդակի զանազան ազգային թե եկեղեցական միջոցառումներին:
Մերին Հայաստանում է երրորդ անգամ: Իմ այն «սադրիչ» հարցին, թե նա իրեն հա՞յ է համարում, թե՞ ամերիկացի, դեռատի գեղեցկուհին անվարան պատասխանեցՙ ես նախ հայ եմ, նոր միայն ամերիկացի: Այդպես են իրենց դաստիարակել ծնողները, դպրոցը: Տեղացի տատիկը պատմեց, որ երբ նախորդ այցի ժամանակ Մերին ու իր եղբայրը այցելել են Մեսրոպ Մաշտոցի գերեզման, ապա ի զարմանս «աթեիստ» տատիկի, ծնկի են եկել եւ աղոթել: Հուզմունքից փղձկացի, ասում է տարեց կինը, նորեն պատրաստ նման զգացմունքային զեղման:
Մերիի ներկա այցը մի յուրահատուկ ենթատեքստ ունի: Ամերիկյան դպրոցներում, ասում է նա, գթասրտություն են դաստիարակում որբի, հիվանդի, անօգնականի, վշտաբեկ մարդկանց նկատմամբ: Եվ ամառային արձակուրդների ժամանակ ամերիկացի շատ դպրոցականներ մեկնում են զանազան քաղաքական թե բնակլիմայական պատճառների բերումով անբարենպաստ պայմաններում հայտնված երկրներՙ բնակչությանն օգտակար լինելու նպատակով: «Իմ դասընկերների մի մեծ խումբ, օրինակ, հիմա Կամբոջայում է,- նշեց նա: -Ես ցանկություն հայտնեցի մեկնել իմ հայրենիք, եւ ինձ ըմբռնումով ընդառաջ գնացին: Երբ Երեւանի մանկատներից մեկում ինձ ներկայացրին փոքրիկներին ու նրանք մանկական բարի անմիջականությամբ շրջապատեցին ինձ, շփոթվեցի, սակայն հետո ժամերով խաղացինք, երգեցինք, զբոսնեցինք, մտերմացանք: Ամեն առավոտ այցելելով նրանց, զգում եմ, որ սպասում են ինձ: Խոր բավարարվածություն եմ ապրում»:
Հայաստանյան այցելությունների ժամանակ Մերին ձգտում է առավելագույնս ծանոթանալ իր նախնյաց երկրին: Գեղարդում, վերհիշում է նա, երբ քահանան պատմում էր շինության ակուստիկայի մասին, փորձեցի դա «ստուգել» աղոթքովՙ «Հայր մերով», հետո էլ երգեցի ամերիկյան հոգեւոր մի երգ: Տեր հայրը, ուրիշ «ունկնդիրներ» քաջալերեցին ինձ:
Մերին դեռ չի որոշել, թե որտեղ կստանա բարձրագույն կրթությունՙ Հայաստանո՞ւմ, թե՞ Ամերիկայում: Սակայն մի բան նա արդեն հաստատ որոշել էՙ իր ապագա ամուսինը պարտադիր հայ է լինելու: Հայաստանցի թե սփյուռքահայՙ դա արդեն ուրիշ հարց է, չարաճճիորեն ժպտալով ասում է նա:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա