Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20-ին 43 կողմ եւ 1 դեմ քվեարկությամբ հաստատել է Բերման-Սիսիլյընի ներկայացրած 2583 օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն 2012 թ. ֆինանսական տարում Թուրքիան պետք է երաշխավորի իր քրիստոնեական ժառանգության պահպանումը:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, 306 բանաձեւում ներկայացված այս փոփոխությամբ Թուրքիայի կառավարությանը ԱՄՆ-ը կոչ է անում կատարել միջազգային պայմանագրերով եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորություններըՙ «վերջ դնելու կրոնական խտրականության բոլոր ձեւերին, թույլ տալ քրիստոնեական եկեղեցական ունեցվածքի իրական սեփականատերերին առանց խոչընդոտների կամ արգելքի կազմակերպել եւ իրականացնել ծիսական արարողություններ, կրոնական կրթություն, հավաքներ, սոցիալական ծառայություններ եւ կրոնական այլ գործողություններ»:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած լրացմամբ Թուրքիային կոչ է արվում նաեւ իրենց իրական տերերին վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները եւ այլ սրբավայրերը, մենաստանները, դպրոցները, հիվանդանոցները, կրոնական այլ ունեցվածքը, ներառյալ շարժական ունեցվածքը, ինչպիսին են ձեռագրերը, սրբապատկերները, ծիսական սպասքը:
Եվս մեկ կետով Թուրքիայից պահանջվում է քրիստոնեական եկեղեցիներին եւ նրանց սեփականատերերին թույլատրել առանց արգելքի կամ խոչընդոտի վերանորոգել, վերականգնել իր ունեցվածքը:
Ամերիկայի հայկական, հունական եւ ասորական համայնքները ողջունել են այս փոփոխության ընդունումը, որ կարող է հիմք դառնալ Թուրքիայում քրիստոնեական ժառանգության պահպանման ու պաշտպանության համար, ընդ որում, այդուհետեւ նորոգվող որեւէ եկեղեցի չպետք է դառնա թանգարան` անհնար դարձնելով այդ եկեղեցիներում աղոթք բարձրաձայնելու ցանկությունը:
Ա. Հ.