«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2011-07-20 | #134, 2011-07-21 | #135, 2011-07-22


ԶԱՎԵՇՏ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ

«Յուրաքանչյուր պետություն պետք է հոգ տանի կրոնական փոքրամասնությունների պաշտպանության համար», այս մասին Բաքվում հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ներկայացուցիչ Լուկա Վոլոնտեն, որը, ի շարս այլ պատվիրակների, Ադրբեջանում մասնակցել է «Հանդուրժողականության ավանդույթները Ադրբեջանում եւ միջկրոնական երկխոսությունը» թեմայով կլոր սեղանին:

Որ այս քննարկման վերտառությունն անգամ ծիծաղելի ու առավելապես ծաղրանք է հնչում հենց Եվրոպայի համար, զարմանալու տեղիք չի տալիս: Սակայն բնավ էլ տրամաբանական ու տեղեկացված չի կարելի համարել նույն Վոլոնտեի դատողությունները, որը մյուսների հետ Բաքվում եղել է նաեւ հայկական եկեղեցում, թե «Ադրբեջանն իր հանդուրժողականությամբ կարող է օրինակ լինել մուսուլմանական աշխարհում»: ԵԽԽՎ պատվիրակը, ըստ «Սալամնյուզի», նաեւ պարզաբանել է, թե «Ադրբեջանում կան կրոնի, դավանանքի ազատություն եւ հանդուրժողականություն»:

Եվ սա այն դեպքում, որ թեկուզ միայն 2005 թվականի դեկտեմբերին Նախիջեւանում Ջուղայի խաչքարերն ու տապանաքարերն ադրբեջանական զինվորների ձեռքով ավերվեցին ու բեռնատարներով լցվեցին Արաքսը, ընդ որում, եթե ժամանակին հայերի դեմ խտրական քաղաքականությունը հայաթափ արեց Նախիջեւանը, ադրբեջանական մտքի տրամաբանությամբ, այդ ամենին զուգահեռ իրականացվող մշակութային արժեքների ոչնչացումը դարձավ հայերի գոյությունը բացառելու ամենահեշտ ճանապարհը:

Ու հիմա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիարկությունը, որ Ադրբեջանում կրոնական հանդուրժողականության մասին զեկույց է պատրաստելու, այս երկիրն է մատնացույց անում որպես օրինակ մուսուլմանական աշխարհի համար...

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4