«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2011-07-20 | #134, 2011-07-21 | #135, 2011-07-22


ԿՈՉ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ. «ՄԻ ՊԱԿԱՍԵՑՐԵՔ ՄԵՐ ԿԵՆՍԱԿԱՆ ԼՈՒՅՍԸ»

Կոմիտասի 5ա հասցեի բնակիչների խնդիրներին «Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է: Վերոնշյալ հասցեում քաղաքապետարանի թույլտվությամբ` ներկա էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանը տեղափոխվում է բակի հարեւանությամբ այգին, իսկ ենթակայանի տեղում կառուցվում 14-հարկանի բազմաբնակարան շենք: Խնդիրը քննարկվել է ներկա եւ նախկին քաղաքապետների օրոք, բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիա են կազմակերպել, սակայն արդեն մեկ տարի խնդիրը լուծում չի ստանում:

Բազմաբնակարան շենքն ու քարշը այդ փոքր տարածքում կառուցելը ոչ միայն աննպատակահարմար է, այլեւ շինարարական նորմերի խախտում: Թեպետ շենքի լայնությունը շուրջ 200 քմ կրճատվել է, սակայն երկայնքով մեծացել է շուրջ 1 մետրով, ինչը ավելի է վատթարացնում բնակիչների բնակարանների լուսավորությունը:

Բնակիչների` քաղաքապետին արված բազմաթիվ հարցումները` տրամադրել օտարման գոտու կամ շինհրապարակի գծագիրը, մնացել են անպատասխան: Քաղաքապետարանից եկած նամակներից մեկում քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ շինարարության վարչության պետ Քասարյանը պատասխանել է. «Տարածքը ի սկզբանե առանձնացված եւ պարսպապատված էր, որից ելնելով շինարարության կազմակերպման լրացուցիչ տարածքի ժամանակավոր տրամադրում եւ ցանկապատում չի նախատեսվում»: Մինչդեռ ցանկապատված տարածքը ծառապատ էր եւ գործող կանոններով չէր կարող ներառվել շինհրապարակի կամ օտարման գոտու մեջ:

Չի պահպանվում նաեւ ենթակայանի եւ բազմաբնակարան շենքերի միջեւ օրենքով սահմանված 10 մ հեռավորությունը: Այդ պարագայում ոչ միայն ենթակայանը, այլեւ 14 հարկանի բազմաբնակարան շենքը խանգարում են շենքի լուսավորությանը: Բնակիչները մտահոգված են, որ ենթակայանը կարող է վտանգել իրենց առողջությունը:

Նրանք պատմում են, որ շենքի բնակիչների մոտ 50-60 տոկոսը մահացել է քաղցկեղ հիվանդությունից: «Մեր շենքում ուրիշ հիվանդությունից մահ չի գրանցվել»: Այժմ բնակիչները ավելի են սարսափում, որ չարաբաստիկ ենթակայանը պետք է գործի հենց իրենց պատուհանների տակ:

Մի քանի ամիս առաջ «Լիբեր» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն առավոտյան մտել են բակ ու հատել բակի մրգատու ծառերն ու խաղողի վազերը:

Կատարվածի առնչությամբ բնակիչները դիմել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Գործը քննության է ուղարկվել Արաբկիր-Զեյթուն շրջանի դատախազություն:

Այսօր Կոմիտասի 5ա հասցեի բնակիչները մոտ 120 ստորագրությամբ նամակ-պահանջը կհանձնեն քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Նամակում շենքի բնակիչները ներկայացրել են, բոլոր այն անօրինական որոշումները, որոնք կատարվել են նախկին քաղաքապետի օրոք, քաղաքաշինական, առողջապահական եւ բնապահպանական բազմաթիվ նորմերի խախտումներըը` ակնկալելով, որ քաղաքապետն ուշադրություն կդարձնի իրենց խնդրին: «Ինչպե՞ս պաշտպանվենք պետական մարմինների ապօրինություններից, որոնք պատրաստվում են փակել մեր եւ մեր երեխաների արեւը, ասելով, որ ինչ-ինչ նորմերի համաձայն օրական 12 ժամ արեւի փոխարեն մեզ բավարար է 2.5 ժամ: Ինչպե՞ս վարվենք, եթե մեր տան շրջակա ծառերը հատվում են, այն էլ Կոմիտասի նման փոշոտ եւ էկոլոգիապես անբարենպաստ թաղամասում»: Նամակում քաղաքացիները անհանգստություն են հայտնում, թե նոր կառուցվող շենքի բնակիչները որտե՞ղ են կանգնեցնելու իրենց ավտոմեքենաները, կամ նրանց ավտոմեքենաներն ինչպե՞ս են մուտք ու ելք անելու: Այդ իմաստով նոր կառուցվող շենքը դառնալու է մշտական խցանումների պատճառ: Քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել նախորդ քաղաքապետի ստորագրած շինթույլտվությունն ու սեփականատիրոջը` Քեշիշ Աբրամին հատկացնել կառուցապատման համար բարենպաստ տարածք, ենթակայանի հաստ պարիսպը վերացնել ու շրջակայքը կրկին վերածել հանգստի գոտու:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4