Հայագիտությունը ծանր կորուստ կրեց:
Երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 79-րդ տարում վախճանվեց ականավոր հայագետ-աղբյուրագետ, կովկասագետ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մամբրեի Մուրադյանը:
Պ. Մուրադյանը ծնվել է 1933թ. մարտի 25-ին Ջավախքի Ղադո (հայ. Փապար) գյուղում: 1952 թ. ավարտել է Ազավրեթի միջնակարգ դպրոցը: 1953-58 թթ. սովորել եւ ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արեւելյան (պարսկական) բաժինը: 1960-1962 թթ. սովորել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում` ուսումնառությունն անցկացնելով Թբիլիսիի պետական համալսարանում: 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով: 1963-1970 թթ. աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում: 1970 թ. աշխատել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 1976 թվականից նաեւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում, որտեղ կազմավորել եւ գլխավորել է կովկասագիտության եւ բյուզանդագիտության բաժինը: 1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի եւ Կախեթ» թեմայով: 1989 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, դարձել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի դափնեկիր: 1991/92 ուսումնական տարում կովկասագիտության դասընթաց է վարել Գերմանիայում (Տրիրի համալսարան): 2002-2003 թթ. դասավանդել է Հ. Աճառյանի անվան համալսարանում: Պ. Մուրադյանը երկար տարիներ դասավանդելով Երեւանի պետական համալսարանումՙ աճեցրել է բազմաթիվ երիտասարդ մասնագետներ:
Նշանակալի է պրոֆ. Պարույր Մուրադյանի վաստակը հայոց միջնադարյան մատենագրության, մշակույթի, ճարտարապետության, պատմական սկզբնաղբյուրների ու վիմագրական հուշարձանների հիմնարար հետազոտությունների բնագավառում:
Հայագիտության համար խոշոր երեւույթ էր Պ. Մուրադյանի կողմից «Վրաց ժամանակագրություն»-ը հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը:
Մնայուն եւ գիտական մեծարժեք հետազոտություններ են «Armeno-Georgica» մատենաշարով հրապարակված Պ. Մուրադյանի մենագրությունները` Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Վրաստանի հայերեն արձանագրությունները (2 հատոր), Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Շուշանիկի վկայաբանության հայերեն եւ վրացերեն խմբագրությունները:
Պ. Մուրադյանը թողել է գիտական հսկայական ժառանգություն` ավելի քան 300 տպագիր աշխատություն:
Նրա ուսումնասիրություներին հատուկ է գիտական հիմնավորվածությունը, առաջադրվող եզրակացությունների թարմությունն ու համարձակությունը, գիտական նորույթը: Պրոֆ. Պ. Մուրադյանի գիտական գործունեությանը բնութագրական է գիտական հետեւողականությունը եւ ուսումնասիրության խնդիրների լայն շրջանակի ընդգրկումը: Նա ծավալել է գիտակազմակերպչական ակտիվ գործունեություն, մեծ վաստակ ունի ինչպես հայագիտական նոր ուսումնասիրությունների ծրագրավորման, նոր կադրերի ստեղծման, այնպես էլ անվանի հայագետ գիտնականների վաստակի գնահատման ու նորովի ներկայացման, հայագիտական նոր հրապարակումների ու շարքերի ստեղծման ու խմբագրման ասպարեզներում:
Նա կազմել ու խմբագրել է «Կովկաս եւ Բյուզանդիա», «Հայագիտական հետազոտություններ», «Հայագիտական մատենադարան», «Հուշարձան» մատենաշարերը, խմբագրել է շատ հայագետների մենագրություններ, կազմել եւ հրատարակել է անվանի հայագետների գիտական ժառանգությունը ամփոփող ժողովածուներ (Ն. Մառ, Հ. Օրբելի, Լ. Խաչիկյան, Լ. Մելիքսեթ-Բեկ, Երվանդ Տեր-Մինասյան, Մկրտիչ Ներսիսյան եւ այլք):
Պրոֆ. Պ. Մուրադյանը եղել է գիտական, գիտամեթոդական ու խմբագրական մի շարք խորհուրդների անդամ: Գիտական զեկուցումներով մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների ու կոնգրեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան շատ երկրներում, Հայաստանում կազմակերպել է «Քրիստոնյա Արեւելք» միջազգային գիտաժողովը եւ հրատարակել նրա նյութերը:
Պ. Մուրադյանը բազմիցս արձագանքել է նաեւ պատմության կեղծարարություններին եւ պարբերական մամուլի ու գիտական հանդեսների էջերում բազմիցս հանդես է եկել սուր գրախոսություններով:
Պատմական գիտությունների դոկտոր, Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակի դափնեկիր պրոֆ. Պարույր Մամբրեի Մուրադյանը պատմա-բանասիրական լայն ընդգրկում ունեցող գիտնական էր, որը խոր հետք է թողել Հայաստանում կովկասագիտության ձեւավորման ու զարգացման բնագավառում:
Նա դեռեւս շատ անելիքներ եւ մեծ ծրագրեր ուներ իրականացնելու:
Պարույր Մուրադյանի` անխոնջ գիտնականի եւ բարի մարդու հիշատակը թանկ ու անմոռաց է հայագետների, բազմաթիվ գործընկերների, աշակերտների, ինչպես նաեւ Հայաստանի ողջ մտավորականության համար:
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 18:00-ին:
Հուղարկավորությունը` հուլիսի 23-ին, ժամը 14:00-ին:
Հասցեն` Երեւան, Գյուլիքեխվյան փողոց, շենք 3, բնակարան 34 (3-րդ մուտք, 5-րդ հարկ):
ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտ
ԵՊՀ պատմության ֆակուլտետ