«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2011-07-21 | #135, 2011-07-22 | #136, 2011-07-23


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԸՙ ԼՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԵՎ ԱՌԱՆՑ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եվրոմիությունը արտաքին հարցերով գերատեսչական միավորի ու համապատասխան կառույցների ստեղծմամբ հավակնում է լիարժեք ներկայանալ ու գործել որպես պետություն, որպես ընդհանրական որոշումների կայացմամբ առաջնորդվող ինստիտուտ, գոնե այնպիսի հարցերում, ինչպիսիք հակամարտություններն են: Այն հայտարարություններն ու լուրերը, նաեւ ակտիվացող քննարկումները, թե Եվրոմիությունը կարող է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, աշխարհում առավել ընկալելի ներգրավվածության, ասենք, ֆինանսական միջոցների տրամադրման դրսեւորումներ կարող են ձեռք բերել: Միեւնույն ժամանակ, հետաքրքրական է, որ ի հակադրություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում համանախագահող Ֆրանսիային փոխարինելու մասին լուրերին` պաշտոնապես նշվում է այլ տեսակետ:

Մասնավորապես, Եվրոմիության` ընդարձակման եւ Արեւելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, թե Եվրոմիությունը ուզում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում եւ պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել` կարգավորմանը նպաստելու եւ տարածաշրջանը վերականգնելու համար:

Շեշտելով, որ Եվրոմիությունն ավելի ու ավելի շատ գումարներ է ներդնում կողմերի միջեւ վստահությունը ամրապնդող միջոցառումներում` լինի դա Մերձդնեստրում թե Ղարաբաղում, այդուհանդերձ, այդ ամենի միայն սկզբնական քայլեր են: «Բրյուսելը կարող է ավելին անել, քանի որ այժմ Եվրոմիության արտաքին գերատեսչության կարողությունները ընդարձակվել են, իսկ խնդիրը կարգավորելու ցանկությունն ու պատրաստակամությունը` մեծացել», ընդգծել է հանձնակատարը:

Ֆյուլեի խոսքով, Եվրոմիությունն արդեն իսկ շատ ակտիվ դերակատարություն է ստանձնել իր հարեւանությամբ գտնվող մեկ այլ հակամարտության` Մերձդնեստրի խնդիրը կարգավորելու հարցում, եւ պատրաստ է նույն քայլերը ձեռնարկել նաեւ Ղարաբաղի պարագայում այն դեպքում, երբ Մերձդնեստրի շուրջը բանակցություններն ընթանում են 5+2 ձեւաչափով, որտեղ երկուսը` Եվրոմիությունն ու Միացյալ Նահանգները, հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով:

Ընդգծելով, որ ԵՄ կողմից կա պատրաստակամություն, ինչպես նաեւ կարողություններ ընդարձակման հնարավորություններ` Ֆյուլեն շեշտել է. «Չեմ կարծում, թե մենք գործ ունենք Մինսկի խմբի այս կամ այն անդամին փոխարինելու հետ: Կարծում եմ` այս փուլում կողմերը եւ Մինսկի խումբը պետք է պայմաններ ստեղծեն Եվրոմիության առավել մեծ ներգրավվածության համար»:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, մասնավորապես, այժմ եւ առաջիկայում Եվրոմիությունը կարող է կողմերի միջեւ վստահությունը ամրապնդող միջոցառումներից բացի էական աջակցության փաթեթ պատրաստել, երբ կողմերը կգան վերջնական համաձայնության: «Աջակցության այդ փաթեթը կներառի միջոցառումներ, որոնք կնպաստեն սոցիալական եւ տնտեսական զարգացմանը»: Անհրաժեշտության դեպքում, ըստ Ֆյուլեի, Եվրոմիությունը կարող է նաեւ վերականգնել ենթակառուցվածքները` որոշակի շրջաններ վերստին մյուս երկրների հետ կապելու համար:

«Աջակցության այս փաթեթը կարող է ամրապնդել նաեւ քաղաքացիական հասարակության եւ այլ ուժերի դերը, ինչը շատ օգտակար կարող է լինել հաշտեցման ճանապարհին», մանրամասնել է Եվրոմիության ընդարձակման հարցերով հանձնակատարը, չպարզաբանելով, թե, ասենք, հենց Լեռնային Ղարաբաղի թեկուզ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ դժվարությամբ ու երբեմն էլ դժկամությամբ շփվող եվրոկառույցները ինչ իմաստ են տեսնում «քաղաքացիական հասարակության եւ այլ ուժերի դերի ամրապնդում» ասելով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4