Երեւանում բացվել է հայ-թուրքական գործարար համաժողովը
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում երեկ, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախաձեռնությամբ, Երեւանում անցկացվեց հայ-թուրքական գործարար համաժողով, ստորագրվեց «Հայկական եւ թուրքական տուրիստական ընկերությունների ասոցիացիայի» հիմնադրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են` համակարգել տուրիզմի բնագավառում հայկական եւ թուրքական անդամ կազմակերպությունների գործունեությունը, խթանել Հայաստանում եւ Թուրքիայում երկկողմ եւ միջազգային տուրիզմի զարգացումը:
Թուրքական կողմից համաժողովին մասնակցում էին հիմնականում Վանի նահանգը ներկայացնող մոտ երեք տասնյակ գործարարներՙ տուրիզմի, տրանսպորտի, թեթեւ արդյունաբերության, շինարարության, կահույքագործության, ոսկերչության եւ այլ ոլորտներից:
Հանդես գալով բացման խոսքովՙ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ Վանի նահանգը պատմական եւ հարազատ վայր է մեզ համար, որի հետ հարաբերությունների զարգացումը խիստ կարեւոր է: Նա նաեւ բարձր գնահատեց ԱՄՆ կառավարության կողմից այսՙ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի իրականացումը, «հատկապես այս փուլում, երբ սառեցված են հայ-թուրքական միջպետական արձանագրությունների վավերացումը եւ, ըստ էության Թուրքիայի քաղաքական ղեկավարության կոշտ քայլերի հետեւանքով միջպետական հարաբերությունները կասեցված եւ սառեցված են»: Արսեն Ղազարյանը հիշեցրեց, որ 1993-ից Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ, բայց հարաբերությունները երկու կողմերի գործարարների, հասարակությունների եւ ժողովուրդների միջեւ զարգացել են: Նա նաեւ հույս հայտնեց, որ մի օր «մեր հարեւան երկրի քաղաքական ղեկավարությունը կհասկանա իր սեփական ժողովրդի իրական շահը», եւ կունենանք բաց սահմաններ եւ նորմալ միջպետական հարաբերություններ: ՀԱԳՄ-ի նախագահը տեղեկացրեց, որ հայ գործարարները փոխադարձ այցով Վանում կլինեն այս տարվա աշնանը:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ թուրք գործարարների հետ քննարկվել են Երեւան-Վան ուղիղ չվերթի բացման հնարավորությունները: «Այս թռիչքն այնքան կարճ է, որ դրա համար կօգտագործվեն միջին ծավալի ինքնաթիռներ, ուստի եղած թռիչքուղին կբավականացնի», նշեց ՀԱԳՄ-ի նախագահը, ավելացնելով, որ խնդիրն այստեղ թուրքական իշխանություններից համաձայնություն ստանալն է:
Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի (ՏՈՒՐՍԱԲ) նախագահ, Վանի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլա Թունջդեմիրին հայտնեց, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հնարավոր կլինի առաջին Երեւան-Վան չվերթն իրականացնել սեպտեմբերի 11-ին: «Նախատեսում ենք Վանի օդանավակայանը դարձնել միջազգային չվերթեր ընդունող օդանավակայան, դրա համար էլ կառուցում ենք նոր տերմինալ», ասաց թուրք գործարարը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ