ԿՀԴՊ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի ներկայացմամբ` բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել թրաֆիքինգի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Հիմնականը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններն են, խստացվել է պատիժը, թրաֆիքինգի զոհի ծառայությունից օգտվելը սահմանվել է հանցագործություն, իսկ երեխաների թրաֆիքինգի մասին հոդվածը տարանջատվել է ընդհանուրից:
Նրա գնահատմամբ` թրաֆիքինգի դեպքերը 2008-2009 թթ. համեմատությամբ նվազել են: Այս տարի իրավապահները քննել են 10 հանցագործություն, որից 8-ը վերաբերում է կանանց պոռնկությանը (5-ըՙ ներքին, 3-ը` շահագործում Արաբական Միացյալ Էմիրություններում): Եվս մեկ գործ վերաբերում է Ռուսաստանում ՀՀ քաղաքացիներին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելուն:
Թրաֆիքինգի հարակից հանցատեսակով հարուցվել է 20 գործ, բացահայտվել է 28 դեպք, որից 15-ը վերաբերում է հյուրանոցային համալիրներին, մնացածը պոռնկության եւ կավատության դեպքեր են: Անդրադառնալով զոհերին, Պետրոսյանն ասաց, որ նրանք նախընտրում են ռեաբիլիտացիա անցնել ծնողների, հարազատների եւ ընկերների միջավայրում, եւ հրաժարվում են դիմել հասարակական կազմակերպությունների օգնությանը:
Թեպետ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանվել թրաֆիքինգի զոհերի ծառայությունից օգտվելու համար, սակայն գործում է նաեւ օրենքի մեկ այլ կետ, համաձայն որի` ամեն մի ֆիզիկական անձ, ով կամովի իրավապահ մարմիններին կհայտնի թրաֆիքինգի վերաբերյալ տեղեկատվություն, կազատվի պատասխանատվությունից: Տիգրան Պետրոսյանի մեկնաբանությամբ` օրենքի այդ կետը մտցվել է հաշի առնելով պրակտիկան, որ շատ հաճախ թրաֆիքինգի դեպքերը բացահայտվում են զոհերի հաճախորդների օգնությամբ:
Հ. Հ.