«Սանահինի վիճակը վատ է, ի՞նչ կասեք», դեռեւս ամիսներ առաջ հուշարձանագետ Սամվել Կարապետյանին հարց է ուղղել լրագրողներից մեկը: Վերջինս, ներկայացնելով իր մտահոգությունները Սանահինի վանական համալիրի կապակցությամբ, հիշել է 2006-ին իր եւ Արմեն Հախնազարյանի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: «Կաթողիկոսին ներկայացրինք Սանահինի խնդիրը: Գարեգին Բ-ն ասաց, որ այժմ շինարարության բեղուն շրջան է, 84 օբյեկտ ենք կառուցում: Արմեն Հախնազարյանն ասաց` հասկանում եմ, որ խորհրդային տարիներին կառուցված քաղաքները, ինչպես օրինակՙ Աբովյանը, կարիք ունեն նոր եկեղեցիների կառուցման, սակայն կարծում եմ, որ պետք է հնարավորինս ուշադրություն դարձնենք նաեւ Սանահինի խնդրին: Այդ խոսքերը կարծես Վեհափառին դուր չեկան: Նա խառնվեց, ձեռքը մեկնեց ու ասաց. Ես էդ սարերում եղած վանքերի հետ գործ չունեմ: Չեմ թողնի, որ Գեղարդավանքից, Խոր Վիրապից մի քար ընկնի, իսկ էդ սարերի վրա եղած եկեղեցու հետ կապ չունեմ», «Հայելի»-ում ասաց հուշարձանագետը` հավելելով, որ սա այդ երկխոսության բառացի մեջբերումն է:
Հենց այս երկխոսությունն ու հատկապես Վեհափառի «իսկ էդ սարերի վրա եղած եկեղեցու հետ կապ չունեմ» արտահայտությունը շուրջ մեկ շաբաթ մամուլի եւ սոցիալական ցանցերի քննարկման առարկան էին: Facebook սոցիալական ցանցում խումբ բացվեց, որի օգտատերերը պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը:
Սամվել Կարապետյանը հավելում է, որ կաթողիկոսի խոսքերն այնպես էին տպավորել, որ նա զայրացել էր, անհանգստացել: «Մինչեւ այսօր բառ առ բառ հիշում եմ այդ խոսքերը, հանդիպումն այնքան կարեւոր էր, որ ես չէի կարող որեւէ մանրուք, արտահայտություն մոռանալ»:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանն էլ վերջին շրջանում կաթողիկոսի եւ Մայր աթոռի հասցեին հնչեցված արտահայտություններից եւ մեղադրանքներից այն տպավորությունն է ստացել, որ Մայր աթոռը ավեի քիչ է հետաքրքրված սրբավայրերով եւ պակաս սրտացավություն է ցուցաբերում, քան հասարակությունը:
«Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրել պակաս սրտացավության մեջ` պատշաճ չէ», ասում է նա:
Թեպետ ոչ ուղիղ, սակայն տեր Վահրամը հուշարձանագետին մեղադրեց ստախոսության մեջ` հավելելով, որ կաթողիկոսը նման խոսքեր չի ասել:
«Վեհափառ հայրապետը օբյեկտներ չէր կարող անվանել սրբավայրերի շինարարությունները, վերանորոգումը: Ես փոխանցում եմ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը, որ նման արտահայտություն, որ ինքը գործ չունի սարերում վանքերի եւ եկեղեցիների հետ, ճիշտ չէ: Խոսքը եղել է առաջնահերթությունների մասին, որոնց հիման վրա աշխատանքներ իրականացվում են, բայց ասել, որ մյուս վանքերը, եկեղեցիները անտեսված են, պարկեշտ չէ: Այսինքն իրենց նշանակությամբ ու պատմական ընթացքով Գեղարդավանքը, Խոր Վիրապը շատ մեծ նշանակություն ունեն, սակայն մնացած եկեղեցիներն էլ կարեւոր են»:
Վահրամ քահանան հավելում է, որ Սուրբ Էջմիածինը 100-ից ավելի վանքեր եւ պատմական եկեղեցիներ է մասնակի կամ ամբողջությամբ նորոգել: «Բայց Մայր աթոռը ձեր պատկերացրած այդ միջոցները չունի», ասում է նա` հավելելով, որ խնդիրը պետական հոգածության կարիք է զգում: Տեր Վահրամը մատնանշում է Օձունի եկեղեցու փլուզման վտանգը: Վեհափառը հարցը բազմիցս բարձրացրել է, սակայն արձագանք չի ստացել: Սանահինի խնդրի կապակցությամբ, ըստ Վահրամ քահանայի, կաթողիկոսը նույնպես որոշակի գործունեություն իրականացրել է: Մասնավորապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կաթողիկոսը պայմանավորվածություն է ձեռք բերել եկեղեցու վերանորոգման համար, սակայն նախագծի հեղինակը հսկայական գումար է պահանջել:
Թեպետ մշակույթի նախարարությունը օրեր առաջ հայտարարություն տարածեց, որ եկեղեցին կվերանորոգվի, սակայն Սամվել Կարապետյանը յուրաքանչյուր եկեղեցու վերանորոգման լուրը վախով եւ անհանգստությամբ է լսում: «Տեսնո՞ւմ եք ինչի է վերածվել Հաղարծինը, ի՞նչ արեցին Գանձասարի պարիսպը: Կան եկեղեցիներ, որոնց սալահատակը սպիտակ մարմարից է: Ես արդեն վախենում եմ, երբ որեւէ մեկն ասում է, որ այս կամ այն եկեղեցին պետք է վերանորոգի», ասում է հուշարձանագետը:
Մայր աթոռին քննադատում են այժմ` Սանահինի հետ կապված, ինչո՞ւ է հասարակությունը հիասթափված եկեղեցուցՙ դիտարկմանը տեր Վահրամ քահանան չհամաձայնեց` հավելելով, որ հիասթափվածները գերակշռող մաս չեն կազմում: Բացի այդՙ կա իրազեկվածության խնդիր: «Այսօր եկեղեցին ապրում է վերակազմավորման, բարեփոխումների փուլ, եւ բազմաթիվ ոլորտներում հաստատվում է կարգ ու կանոն»:
Մեկնաբանելով լուրերը, թե Մայր աթոռն ինչպես է 309.000 դոլարի 16 «Տոյոտա» մեքենա ձեռք բերելը. տեր Վահրամն ասաց, որ դրանք 3 տարի առաջ բարերար Սամվել Կարապետյանն է նվիրաբերել: «Բացի այդՙ 6000 աշխատակից ունեցող հաստատության համար ճոխություն չէ ունենալ մի քանի մեքենա, որոնք այսօր մեր փողոցում երթեւեկող մեքենաներից ճոխ չեն»:
Տեր Վահրամի ներկայացմամբ` Մայր աթոռը պետական որեւէ կառույցից օժանդակություն չի ստանում, եւ Վեհափառն անձամբ է հայթայթում միջոցներ Մայր աթոռի խնդիրները հոգալու համար: Քահանան շեշտում է, որ կա Գերագույն հոգեւոր խորհուրդ, որտեղ յուրաքանչյուր տարի հրապարակվում են Մայր աթոռի գործունեությունը եւ ֆինանսական հաշվետվությունը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ