ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունենում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, այնուհետեւ Թուրքիայի կենտրոնական հետախուզության ղեկավարի հետ, Անկարայում այդ օրերին գտնվող հայկական քաղաքացիական հասարակական խմբին անակնկալ տեղեկացվում է, որ Դավութօղլուն ցանկանում է հանդիպել իրենց հետ: Թուրքիայի մայրաքաղաք կոնֆերանսի մեկնած հայկական խմբի անդամներից` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը երեկ կայացած ասուլիսում, «հետաքրքրական» անվանելով Դավութօղլուի այս հանդիպումների շարքն ու հերթականությունը, ներկայացրեց որոշ մանրամասնություններ Թուրքիայի ԱԳ նախարարի` իրենց հետ 45 րոպե տեւած հանդիպումից: «Մեզ կոնֆերանսին ցերեկը տեղեկացրեցին, որ Դավութօղլուն ցանկանում է հանդիպել մեզ հետ: Չլինելով պետական, քաղաքական գործիչներ` մենք կապվեցինք ՀՀ ԱԳՆ-ի հետ եւ տեղեկացրինք նրանց այդ մասին: Արդեն հանդիպման ժամանակ մենք Թուրքիայի ԱԳՆ-ին փոխանցեցինք երեք հստակ ու կարեւոր ուղերձներ», ասաց Կիրակոսյանը: Ուղերձներից առաջինն այն է, որ Դավութօղլուն հայկական հասարակական խմբից լսել է. «Ամբողջ աշխարհը հայ-թուրքական գործընթացում սպասում է Թուրքիայի քայլերին, այլ ոչ` Հայաստանի, եւ միաժամանակ, ինչը թերեւս ավելի կարեւոր է, Հայաստանը չի կարող հավերժ սպասել այս գործընթացում»: «Երկրորդ կարեւոր ուղերձը Հայոց ցեղասպանության հարցն էր, եւ մեզ համար անակնկալ էր, որ Թուրքիայի ԱԳՆ-ում հայկական խմբին թույլ տվեցին պարզ խոսել այս հարցում Անկարայի ժխտողական քաղաքականությունից ու դրա վնասակարությունից: Դավութօղլուն ուշադիր լսում էր մեզ», շեշտեց Կիրակոսյանը: Հայկական խմբի երրորդ ուղերձը վերաբերել է ԼՂ հիմնահարցին. «Մենք նշեցինք, որ հենց Թուրքիան էր, որ համաձայնեց արձանագրություններից հանել Ղարաբաղի հարցը», նշեց Կիրակոսյանը` հավելելով, որ Անկարան այս վերջինի մասին բազմիցս լսում է նաեւ Վաշինգտոնի ու Մոսկվայի «ձայները»:
«Մահացած» արձանագրություններ
Անկարայում ունեցած հանդիպումներից հետո եւ իր վերլուծություններից ու տպավորություններից ելնելով` Կիրակոսյանը այսպես որակեց հայ-թուրքական զույգ արձանագրությունները. «Ես որեւէ լուրջ ակնկալիք չունեմ, որ արձանագրությունները երկկողմ կվավերացվեն, սակայն, միեւնույն ժամանակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը տեսնող իմ լավատեսությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան այլընտրանք չունի: Միակ ճանապարհը, որով Թուրքիան ազդեցություն ձեռք կբերի տարածաշրջանային գործընթացներում` Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումն է: Ընդ որում, երբ Անկարան բացի Հայաստանի հետ սահմանն ու հաստատի դիվանագիտական հարաբերություններ, ամենեւին էլ պետք չէ նրան դրա համար գովեստի խոսքեր շռայլել. դա սովորական քայլ է երկու հարեւան պետությունների միջեւ, իսկ Հայաստանի ու Թուրքիայի պարագայում ամենեւին էլ դեռ չի նշանակում հարաբերությունների կարգավորում ու զարգացում»: Ընդհանուր առմամբ` զուտ հայ-թուրքական հարաբերությունների մասով, Կիրակոսյանը նկատեց, որ կարծես թե ժամանակը հնարավորություն տալիս է հայկական կողմին արդեն խոսել նախապայմանների լեզվով. «Բացի սրանիցՙ Արեւմտյան Հայաստանում բնակվող քրդերը, նրանց ներկայացուցիչ պատգամավորները Մեջլիսում, որոնք վերջին ընտրություններից հետո շատացել են, կողմ են Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, եւ Երեւանը պետք է նրանց ընդառաջ քայլեր ձեռնարկի», ասաց Կիրակոսյանը:
Բաքվի վրա «զայրացած» Անկարա
Այս հետաքրքրական հանգամանքը նույնպես նկատել է Կիրակոսյանը: Վերլուծաբանը մեջբերեց թուրքական մամուլի մի շարք անդրադարձեր, որ «Էրդողանն ու Ալիեւը միմյանց չեն սիրում»: Նախ հենց հայ-թուրքական գործընթացի սկզբից Անկարան կարեւոր ռազմավարական սխալ թույլ տվեց` թերագնահատելով Բաքվի արձագանքը եւ գերագնահատելով սեփական հնարավորությունները` Բաքվի վրա ազդելու: Բացի սրանից` հայ-թուրքական գործընթացը անընդհատ կապելով ԼՂ հիմնահարցի հետ, Անկարան եւս, Կիրակոսյանի խոսքերով, ակնկալիքներ ուներ Կազանից: Սակայն այստեղ Բաքվի հաշվարկը բոլորովին այլ էր: Տեսնելով, որ շահագրգիռ բոլոր` միջնորդ եւ տարածաշրջանային ուժերը Կազանի եռակողմ հանդիպումից լուրջ ակնկալիքներ ունեն, Բաքուն կարծեց, թե ինքը կարող է իրեն բավական կոշտ պահել` տեսնելու, թե ի՞նչ կկատարվի: Ադրբեջանի հաշվարկովՙ «լուրջ ակնկալիքներ ունեցող» միջնորդները պետք է ճնշում գործադրեին Հայաստանի վրա, ինչը, փաստորեն տեղի չունեցավ, հետեւաբար Բաքվի հաշվարկը սխալ էր եւ բերեց միայն ավելորդ ու լրացուցիչ ճնշումներ` հակամարտության բոլոր կողմերի (եւ ոչ միայն Հայաստանի) վրա: Բացի դրանիցՙ ինչը պակաս կարեւոր չէ, Բաքվի համար հաստատապես` էականորեն խաթարեց թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Հենց այս համատեքստում էլ Կիրակոսյանը տեսնում է վարչապետ Էրդողանի գալիք այցը` Բաքու:
Ընդհանուր առմամբ` ամերիկահայ վերլուծաբանի խոսքերով, առաջիկայում սպասելի են Անկարայից այնպիսի քայլեր, որոնք երկու նպատակ կունենան` ցույց տալ, որ հայ-թուրքական գործընթացը շարժվում է եւ կանգնած չէ, ինչը չի սահմանափակվելու միայն «եկեղեցիների վերանորոգմամբ», այլեւ, օրինակ, Երեւան-Վան ավիաչվերթի բացմամբ, մյուս կողմից էլ` Անկարան անելու է քայլեր, որոնք միտված կլինեն համոզելու Բաքվին: Այս վերջին հանգամանքն, ի դեպ, բավական հետաքրական կարող է լինել հայերիս համար: Մասնավորապես ինչպե՞ս պետք է համոզի Անկարան Բաքվին, ավելի ճիշտ` ի՞նչ անել կամ ի՞նչ չանել պիտի համոզի: Մի կողմից Անկարայի վրա կա միջազգային ճնշում, իսկ այդ ճնշումը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին վստահաբար ավելի է ուժեղանալու` բացել Երեւանի հետ սահմանը եւ հաստատել նորմալ հարաբերություններ, ընդ որում, սա նվազագույնը: Մյուս կողմից, Թուրքիան, անընդհատ պնդելով, որ սա չի անելու` առանց ԼՂ-ի շուրջը «կողմերի էական համաձայնության», ստիպված է համոզել, ստիպել, խնդրել, առաջարկել Բաքվին` կամ չխառնվել հայ-թուրքական գործընթացում, ինչը անհնար է թվում, կամ արագացնել ԼՂ հակամարտության լուծման գործընթացը, մասնավորապես ստորագրել այն փաստաթուղթը Հայաստանի հետ, ինչը առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, եթե, իհարկե, այժմ դեռ այդպիսի փաստաթուղթ կա ԼՂ հարցով բանակցությունների սեղանին: Հետեւաբար ստացվում է, որ Թուրքիան ընկել է երկկողմանի ճնշման տակ, մի կողմիցՙ Երեւանի հետ սահմանը բացել պահանջող միջազգային հանրությունը, մյուս կողմիցՙ նույն բանը «արգելող» Բաքուն: Սա արդեն նշանակում է, որ Էրդողանը Բաքվում բավական հագեցած օրակարգ կունենա «իր չսիրած» Իլհամ Ալիեւի հետ: