Ուսումնասիրված 4.500 հուշարձան, արված 6.000 լուսանկար: Իրանում մեկամսյա աշխատանքներից հետո հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Երեւան է վերադարձել հարուստ ավարով: Թեպետ աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, Իրանում հայկական հուշարձանների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար հուշարձանագետը նախատեսում է եւս երկու անգամ այցելել Իրան, սակայն այսօր արդեն կարելի է որոշակի գնահատականներ տալ հարեւան մահմեդական երկրի` քրիստոնյա եկեղեցիների հանդեպ պետական վերաբերմունքի մասին:
Իրանում հայկական հուշարձանները լուրջ ուսումնասիրվել են միայն 60-ականներին: Այդ ժամանակ ճարտարապետ Արմեն Հախնազարյանը կարողացել է ուսումնասիրել միայն ամենահայտնի եկեղեցիները` Թադեոս, Ծործի: Հետագայում ճարտարապետների ու հուշարձանագետների ուշադրությունը սեւեռվեց Արեւմտյան Հայաստանի կոթողներին, իսկ անկախությունից հետոՙ Վրաստանում եւ Ադրբեջանում հայկական հուշարձաններին ու եկեղեցիներին:
Տասնամյակների ընդմիջումից հետո հայ հուշարձանագետների ուշադրության կենտրոնում կրկին Իրանի հայկական եկեղեցիներն ու հուշարձաններն են: Աշխատանքներն իրականցվել են Թեհրանի Արտակ Մանուկյանի անվան թանգարանի հետ համագործակցությամբ:
Առաջին այցելությունն անցյալ տարի էր: Մեկ ամսում ուսումնասիրել են 17-րդ դարում ձեւավորված հայկական գաղթավայրերը: Այդ տարի խումբն ուսումնասիրել է Իրանի հայկական գավառները:
Հեր կամ Խոյ, Զարեվանդ կամ Սալմաստ, Արտազ կամ Մակու, Ուրմիա, Պարսպարունիք կամ Ղարադավ: Թեպետ այդ տարածքները հիմնականում հայաթափ են, սակայն հուշարձաններ, հայկական բնակավայրեր, արձանագրություններ, կանգուն եկեղեցիներ, բերդեր հայտնաբերվել են յուրաքանչյուր գավառում:
Սալմաստում հուշարաձանագետների խումբ ընդամենը 12 հայ է գտել: Գավառը մինչեւ 1950-ականները բնակեցված է եղել հայերով: Դա է վկայում գյուղի գերեզմանատունը:
«Մահլամ գյուղի գերեզմանոցում հայտնաբերված հայ ֆիդայիների պանթեոնը շատ ազդեցիկ էր: Շատ վայրերում եկեղեցիները կողպված չէին, բայց պարսպապատված էին: Որոշ վայրերում ականատես եղանք գանձախուզության հետեւանքով ավերումների, սակայն նման դեպքերի հանդիպում ենք նաեւ Հայաստանում»:
Սամվել Կարապետյանը «Հենարանում» հավելում է, որ իրենց առավել հետաքրքրում էր Ղարադավի տարածքը: Ազգագրական տեսանկյունից ուսումնասիրվել է, ճարտարապետական առումով` ոչ: Տեղանքը հիմնականում բնակեցված էր քրդերով եւ ադրբեջանցիներով: «Հայկական հուշարձանների մասին լսելիս նրանք ձգվում էին: Նկատվում էր լարվածություն: Սահմանապահ զորքերի հրամանատարությունը հանձնարարեց երկու գնդապետիՙ մեզ ամեն տեղ ուղեկցել»:
Թեպետ վերոնշյալ տարածքներում 5-րդ դարից հետո հայկական պետականություն չի եղել, սակայն Սալմաստի մոտ` ժայռի վրա կա բարձրաքանդակ, ուր հայերի դեմ տարած հաղթանակի պատմությունն է ներկայացված:
«Ուրմիա լճի ափին Ղարաբաղ անունով գյուղ կա, որտեղ ապրում են միայն ադրբեջանցիներ: Գյուղի միակ եկեղեցին վերականգնված է: Եկեղեցու ադրբեջանցի պահակն էլ անընդհատ կրկնում է. «Իսկ դուք գիտե՞ք, որ սա ձեր երկիրն է, սա հայկական հող է եղել»:
Ղարաբաղի մի շարք գյուղերում պահպանվել են բերդեր, ապարանքներ: Բարեկարգված հուշարձանները գրագետ են, առանց նորամուծությունների: «Դրանք ավելի գրագետ են վերանորոգված, քան Հայաստանում»:
Հուշարձանագետը պատմում է, որ այցելել են 1907թ. հայկական կալվածք, որը մեծահարուստ պարսիկ է գնել: Վերջինս դժգոհել է, որ հսկայական գումար է ծախսել կալվածքի պատուհաններն ու դռները վերանորոգելուն, սակայն Իրանի հուշարձանների պահպանության գործակալությունից ստիպել են «եվրո» պատուհանները հանել եւ կառույցի պատմական տեսքը չխեղաթյուրել:
Իրանում կան բազմաթիվ հայկական շենքեր, կամուրջներ, եկեղեցիներ, որոնք լավ չեն վերանորոգվել, սակայն դա միտումնավոր չէ: Չի եղել համագործակցություն հայկական ճարտարապետների հետ: Այդ հարցն էլ արդեն լուծված է: Հայկական ճարտարապետների մի խումբ արդեն Իրանում է` մասնակցելու Ստեփանոս Նախավկայի եկեղեցու վերականգնողական աշխատանքներին: Հուշարձանագետի համոզմամբ` ուսումնասիրվել է 4500 հուշարձան, սակայն դրանց թիվը կարող է քառակի անգամ շատ լինել:
«Հայ առաքելական եկեղեցին բուժման կարիք ունի»
«Ծանր խոսք պիտի ասեմ, բայց գտնում եմ, որ մեր Հայ առաքելական եկեղեցին բուժման կարիք ունի` ազգին ծառայելու իմաստով», մեկնաբանելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդիՙ վերջին շրջանում Մայր աթոռին եւ Վեհափառին քննադատելու վերաբերյալ «Հայլուրին» արած մեկնաբանությունը, ասաց Կարապետյանը: Նա պատմեց շաբաթ օրը Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը, երբ եկեղեցու հովիվ տեր Հովնանը, խոսելով Եհովայի վկաների խնդրի ու նրանց վտանգների մասին, հայտարարել է. «Մենք բաց ենք, թող ժողովուրդը գա դեպի մեզ»: Ես էլ քահանային ասացի «1700 տարի սպասել եք, որ ժողովուրդ դեպի ձեզ գա, ե՞րբ կգա այն օրը, որ դուք քայլ անեք դեպի ժողովուրդը: Եհովայականները չեն սպասում, որ ժողովուրդը դեպի իրենց գա: Նրանք պայուսակներն ուսերին գցած վխտում են փողոցներում եւ ժողովրդին դեպի իրենց տանում»:
Հուշարձանագետը պատմում է, որ եկեղեցու շրջակայքում քաղաքապետարանը գեղեցիկ այգի է ստեղծել: «Բայց երբ քաղաքապետարանից հարցրել են, թե ինչո՞ւ հովիվը չի հետեւում եկեղեցուն, ինչո՞ւ չի ջրում այգին, դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ կոճակ սեղմել, հոգեւոր հովիվը պատասխանել է. «Ես հո ձեր այգեպանը չեմ»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ