Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջՙ Աննա Կոմորովսկայայի հետ: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նախագահներ Սարգսյանի եւ Կոմորովսկու հանդիպումից հետո նախատեսվում են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն եւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս: Կոմորովսկու այցը տարածաշրջանային է. նախքան Երեւան ժամանելը Լեհաստանի նախագահը եղել է Բաքվում եւ Թբիլիսիում:
Հ. Ա.