Regnum գործակալությունը, հղում անելով լիբանանյան «Ջումհուրիա» թերթին, գրում է, որ Wikileaks-ը հրապարակել է մի փաստաթուղթ, որում նշվում է, որ թուրքական իշխանությունները խեղաթյուրել են իրենց արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը: Wikileaks կայքում նշվում է, որ հայ-թուրքական հաշտեցման հիմնական արգելքը Հայոց ցեղասպանության թեման է, ինչպես նաեւ` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը: «Չեն դադարում երկուստեք մեղադրանքները այս խնդրի առնչությամբ: Հայկական Սփյուռքը հավաքել է բազմաթիվ վկայություններ եւ փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Օսմանյան կայսրությունում 1915-16-ին հայերի դեմ իրականացվել է ոչնչացման ծրագրված քաղաքականություն, որի ժամանակ մահացել է ավելի քան 1.5 մլն մարդ»: Ինչպես նշվում է փաստաթղթում, հայկական կողմն ինքնության հետ կապված որեւէ խնդիր չունի: «Ինչ վերաբերում է թուրքերին, ապա նրանք ինքնության պահպանման հարցում շատ ծանր վիճակում են գտնվում, եւ այն անփոփոխ է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքի ժամանակաշրջանից ի վեր: Անգամ այսօր Թուրքիայում կարծում են, որ եթե իշխանություններն ընդունեն հայերի դեմ իրականացված որեւէ սխալ, ապա դա հարցականի տակ կդնի երկրի սահմանները, ինչպես նաեւ կթուլացնի Թուրքիայի մոտեցումը` փոխհատուցում վճարելու հայերի պահանջներին: Հայ եւ օտարերկրյա պատմաբանները նշում են, որ թուրքական իշխանությունները տարիներ շարունակ արխիվների ազատ ուսումնասիրության հարցում արգելքներ են ստեղծումՙ դրանով իսկ թաքցնելով համոզիչ փաստերը, որոնք ապացուցում են, որ իրենք մեղավոր են ցեղասպանության հարցում: Թուրքիայի ազգային արխիվի տնօրեն Յուսուֆ Սարինայը ԱՄՆ հյուպատոսարանում հայտարարել է, որ արխիվների ուսումնասիրության համար անհրաժեշտ է արտգործնախարարության թույլտվությունը, իսկ հայ հետազոտողների բողոքները բացատրել է այն հանգամանքով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ: Հատկապես թուրք պատմաբան Հալիլ Բերքթայը նշում է, որ Թուրքիայում գրանցվել է Հայկական հարցի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի «զտման» երկու փորձ: Մի շարք թուրք բարձրաստիճան զինվորականների 1919-ի խոստովանությունը փաստում է, որ պատմական ճշմարտության խեղաթյուրման առաջին փորձը տեղի է ունեցել 1918-ինՙ նախքան դաշնակիցների կողմից Ստամբուլի գրավումը: Ըստ Բերքթայի, երկրորդ փորձը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը մտածում էր արխիվները բացելու մասին: Թուրք պատմաբանի խոսքովՙ այդ գործողությունն իրականացվում էր պաշտոնաթող գեներալների եւ դիվանագետների կողմից` Իրաքում Թուրքիայի դեսպան Նուրի Մուհարրեմ Բիրգինի գլխավորությամբ: Նախկին դեսպանը Հալիլ Բերքթայի հետ զրույցում նշել է, որ արխիվում աշխատելու ժամանակ նա «հաջողություններ» է գրանցել արխիվային փաստաթղթերի զտման գործում` ասելով. «Ես, իրոք, մորթեցի հայերին»»: Հոդվածում նշվում է, որ որոշ թուրք պատմաբաններ պնդում են, որ արխիվներում անընդհատ շարունակվում է հայկական արխիվային փաստաթղթերի զտումը:
Հ. Ա.