«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2011-07-23 | #137, 2011-07-26 | #138, 2011-07-27


ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՄԵԿՆ Է ԸՆԴԱՄԵՆԸ

Ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը» հուլիսի 22-ի համարում, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20-ին 43 կողմ, 1 դեմ քվեարկությամբ հաստատել է Բերման-Սիսիլյընի ներկայացրած 2583 օրենսդրական փոփոխությունը, ըստ որի 2012-ի ֆինանսական տարում Թուրքիան պետք է երաշխավորի իր քրիստոնեական ժառանգության պահպանումը: Հիշեցնենքՙ բանաձեւով ԱՄՆ-ը կոչ է անում թուրքական կառավարությանը` կատարել միջազգային պայմանագրերով ու մարդու միջազգային իրավունքներով ստանձնած իր պարտավորությունները, «վերջ դնել կրոնական խտրականության բոլոր ձեւերին, թույլ տալ քրիստոնեական եկեղեցական ունեցվածքի իրավական սեփականատերերին առանց խոչընդոտների կամ արգելքների կազմակերպել եւ իրականացնել ծիսական արարողություններ, կրոնական կրթություն, հավաքներ, սոցիալական ծառայություններ եւ կրոնական այլ գործողություններ»: Բացի այս ամենից, հանձնաժողովի ընդունած լրացմամբ Թուրքիային կոչ է արվում` «Իրենց իրական տերերին վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներն ու սրբավայրերը, մենաստանները, դպրոցները, հիվանդանոցները, կրոնական այլ ունեցվածքը, ներառյալ շարժական ունեցվածքը, ինչպիսիք են ձեռագրերը, սրբապատկերները, ծիսական սպասքը»: Մեկ այլ կետով էլ Թուրքիային կոչ է արվում «թույլ տալ քրիստոնեական եկեղեցիների իրական տերերին առանց արգելքի կամ խոչընդոտի վերանորոգել, վերակարգել իրենց ունեցվածքը»:

Չնայած այս բանաձեւը դեռ ընդունված չէ Կոնգրեսի լիագումար նիստում, այժմ էլ ակնհայտ է, որ Թուրքիայում ընկալվելու է որպես «ներքին հարցերին միջամտություն»: Ավելին, ըստ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի ` «Թուրքիան երբեք չի կատարի այդ բանաձեւով նախատեսված գործողությունները»: Սաֆրաստյանը երեկ կայացած ասուլիսում իր այս կարծիքը հիմնավորեց երկու հանգամանքով. նախՙ սա դեռ Կոնգրեսի ընդունած բանաձեւ չէ, ապաՙ սրա կատարումից «հանկարծ կպարզվի», որ թուրքերն ապրում են քրիստոնեության օրրաններից մեկում, ինչը թուրքական իշխանությունը թույլ տալ չի կարող, համենայն դեպս` հակառակը կարծելու հիմքեր չկան: Մասնավորապես, անցյալ հունիսին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո վարչապետ Էրդողանը արդեն երկրի կառավարության նիստում, ոչ բացահայտ, այնուամենայնիվ հորդորեց շարունակել նույն կոշտ քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում, սա այն դեպքում, երբ սպասվում էր, թե Թուրքիան կվերադառնա «սառեցված» գործընթացին ընտրություններից հետո: Այս համայնապատկերում, սակայն, Թուրքիա ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը եւս մեկ անգամ բարձրաձայնեց հայ-թուրքական նորմալացման գործընթացին իր երկրի հետեւողական հավատարմության մասին: Որպես շարունակություն` նկատելի է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի որոշակի «մեղմացումը»: Հիշեցնենք վերջինիս հանդիպումը Անկարայում հայկական քաղաքացիական-հասարակական խմբի հետ, որտեղ Թուրքիայի ԱԳ ղեկավարը «ուշադրությամբ լսել է» հայերի հարցերը: Սակայն, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, այս ամենն ընդամենը վկայում է, որ Անկարան ցույց է տալիս ԱՄՆ-ին, թե ինքը պատրաստ է եւ անում է որոշակի քայլեր` Հայաստանին ընդառաջ. «Այնինչ, մեծ հաշվով, Թուրքիան պատրաստ չէ այդ քայլերին», ասաց Սաֆրաստյանը: Բանն այն է, որ այժմ` «արաբական հեղափոխական գարունից» հետո, Անկարայի ուշադրությունը բեւեռված է հենց Մերձավոր Արեւելքի վրա, կոնկրետ` Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին Անկարան անմիջական մասնակից է, թեկուզ միայն սիրիացի փախստականներին իր տարածք ընդունելու մասով: Այս ամենը, մանավանդ Թուրքիա-Իրան որոշակի սրված հարաբերությունները` նույն Մերձավոր Արեւելքում որոշակի առավելություն ստանալու պատճառով, ժամանակ ու հնարավորություն չեն տալիս Անկարային` «ուշադրություն դարձնելու Հայաստանին»: Սաֆրաստյանի խոսքերով, բացի այս ամենից, նկատելի է, որ Էրդողանն ու իր թիմը հայ-թուրքական գործընթացը վերսկսելու շահագրգռվածություն չունեն:

Այդուհանդերձ, թուրքագետի դիտարկմամբ, Կոնգրեսի հանձնաժողովի բանաձեւը կարելի է «պարտադրել» Թուրքիային: Ավելին, Սաֆրաստյանի խոսքերով, այս բանաձեւը ամենեւին էլ միակ միջազգային փաստաթուղթը չէ, որով Թուրքիային կոչ է արվում հարգելու իր քրիստոնյա փոքրամասնության իրավունքներն ու վերադարձնել նրա կրոնական գույքը: «Հայկական կողմը այս փաստաթղթով չէ, որ միայն կարող է հիմնավորել իր տարբեր բողոքները տարբեր միջազգային ատյաններում. այդպիսի փաստաթղթերը շատ են, սա դրանցից մեկն է ընդամենը», ասաց Սաֆրաստյանը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4