«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2011-07-23 | #137, 2011-07-26 | #138, 2011-07-27


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ «ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ» ԴԱՍԵՐ Է ՏԱԼԻՍ «ՄԻՐՈՐ ՍՓԵՅՔԹԵՅԹՐԻՆ»

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրությունը Վաշինգտոնի թուրքական դեսպանատնից բողոքի նամակ է ստացել թերթի հունիսի 25-ի համարում տպագրված Վերժինե Մազմանյանի մահախոսականի առթիվ (տես «Ազգ»-ի հուլիսի 14-ի համարը):

Մահախոսականում նշված «եղել է ժամանակ, երբ 103 տարեկանում մահացած տիկին Մազմանյանին հաճախակի անհանգստացրել են Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները» նախադասությունը վստահաբար այդ աշխատակիցների ամենացավոտ տեղին է դիպչել, քանի որ դեսպանատան խորհրդատու եւ խոսնակ Ռաուֆ Ալպ Ռ. Դենքթաշն իր նամակում «անխոհեմ եւ անպատասխանատու» քայլ է համարել նման տողի ընդգրկումը մահախոսականում եւ խորհուրդ է տվել «բարեկրթություն» սերմանել, նշելով, որ նման «նախադասությունները կարող են առավել բարդացնել հայ-թուրքական հարաբերությունները եւ վերաբորբոքել հին վերքերը, որ որոշ հայկական ակտիվիստներ անցյալում հասցրել են Մ. Նահանգների թուրք ներկայացուցիչներին»:

Խոսքը, ըստ այդ առթիվ «Միրոր սփեքթեյթրից» ստացված հաղորդագրության, վերաբերում է անցյալում մի քանի վրդովված երիտասարդների, որոնք ինքնագլուխ հաշվեհարդար էին տեսելՙ առանձին թուրք գործիչների սպանելով Մասաչուսեթսում եւ ԱՄՆ-ի այլ վայրերում:

«Մենք չենք արդարացնում նման բռնությունները, բայց չի կարելի հավասարության նշան դնել դրանց եւ թուրքերիՙ մի ամբողջ ազգ բնաջնջելու եւ իր պատմական հայրենիքից դուրս քշելու բարբարոսական գործողությունների միջեւ: Երեսունհինգ ազգություններ արդեն մեղադրել են մեր օրերի Թուրքիային (եւ նրանց թիվը շարունակում է ավելանալ), ավելացնելով, որ «արյուն է կաթում դեռեւս թուրքերի ձեռքերից»: Նախագահ Բարաք Օբաման Անկարայի խորհրդարանում ելույթ ունենալով, Թուրքիային խորհուրդ տվեց «դեմ հանդիման կանգնել իր պատմության մութ էջերի հետ»: Այնպես որ, մեզ բարեկրթության դասեր տալու փոխարեն Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները ճիշտ կվարվեն, եթե իրենք իրենց մեջ սերմանեն այդ «բարեկրթությունը» եւ ճանաչեն հայերի դեմ գործադրված զազրելի ոճրագործությունը», գրված է «Միրոր սփեքթեյթրի» պատասխան հաղորդագրության մեջ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4