Այսօր մեր կյանքը դժվար է պատկերացնել առանց ինտերնետի, որի հնարավորություններն ու հատկանիշները բազմաթիվ են: Մի խոսքով` ինտերնետը մարդկության կարեւոր ուղեկիցն է եւ գիտության մեծ նվաճումը: Սակայն հարյուրհազարավոր դրական կողմերի կողքին ինտերնետն ունի եւ բացասական հատկանիշներ: Ինտերնետը դարձել է տարբեր ոլորտներին առնչվող քննարկումների վայր, շատերի համար նաեւ հաղորդակցման միջոց է: Հուլիսի 26-ն ինտերնետի պաշտոնական օրն է, եւ երեկ «Արմատ» ակումբում հրավիրվել էր ասուլիս ինտերնետի օրվա առիթով: Անդրադառնալով Հայաստանում ինտերնետին կապված հարցերին` բանախոսներից բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ մեզանում հիմա բնակչության «ֆեյսբուքացում» կամ «թվայնացում» է կատարվում. «Շատ խնդիրներ ու հարցեր բարձրաձայնվում են հենց «Facebook» սոցիալական ցանցում: Այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ-ի ցույցերը 2 ամիս հետո անցկացվելու են արդեն Facebook-ում: Facebook-ը դարձել է արտահայտվելու վայր, որտեղ գրում են ամեն ինչ»:
«Ազգի» հարցին, իսկ ինտերնետից օգտվողների թվի վերաբերյալ ի՞նչ վիճակագրություն ունեն բանախոսները, «Ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը պատասխանեց. «Մենք հիմնվում ենք «Արմենտելի» պաշտոնական հայտարարության վրա. իսկ «Արմենտելը» 2 շաբաթ առաջ նվեր հանձնեց 100-հազարերորդ բաժանորդին: Իսկ ընդհանուր առմամբ, եթե հետեւություն ենք անում վիճակագրություն հավաքող համընդհանուր կայքի տվյալներից, ապա ինտերնետին միացած տնային տնտեսությունների ընդհանուր թիվը կազմում է 200 հազար: Եթե դիտարկենք տոկոսային հարաբերությամբ, ապա ինտերնետից օգտվում է Հայաստանի բնակչության ընդամենը 10 տոկոսը»:
Անդրադառնալով «Ազգի» մյուս հարցին` իսկ տպագիր մամուլի, հեռուստատեսության եւ ինտերնետային լրատվության միջեւ ընթացող մրցակցությունը հետագայի համար ի՞նչ է խոստանում, Տիգրան Քոչարյանը նշեց. «Համացանցում տեղեկատվության մեծ հոսքը թույլ չի տալիս կարդալ վերլուծական ծավալուն հոդվածներ, հետեւաբար մրցակցությունը տանում է նրան, որ տպագիր մամուլը կպահպանվի ու կառանձնանա հենց վերլուծական հոդվածներով»: Ըստ բլոգերի` հեռուստատեսության ազդեցությունը եւս սկսել է նվազել: Այսինքն` մամուլը միտված է դեպի էլեկտրոնային տարբերակը, սակայն Տիգրան Քոչարյանը զգուշացնում է` էլեկտրոնային դաշտը հաճախ դառնում է անվերահսկելի. «Ինտերնետում մեծ քանակությամբ տեղեկատվություն ու ապատեղեկատվություն կա, եւ մարդիկ չգիտենՙ որի՞ն վստահեն»: Բլոգերը խորհուրդ է տալիս ինտերնետի ինֆորմացիան ճշտել առնվազն 2 աղբյուրից: Եթե 2 կայքերի տվյալները համընկնում են, ապա ինֆորմացիան վստահություն ինչ-որ չափով ներշնչում է:
Ի. Պ.