ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը : «Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ նվաճեց աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալները եւ ամբողջ աշխարհին ցույց տվեց հայ ժողովրդի մտավոր ներուժը: Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցների հաջողություններով, եւ վստահություն հայտնում, որ այս արդյունքը, ինչպես նաեւ համաշխարհային շախմատային օլիմպիադաներում ու Եվրոպայի առաջնություններում նախկինում ունեցած հաջողությունները անմիջականորեն կապված են Ձեր անվան հետ: Հենց Ձեր շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն պահպանել հայկական շախմատի ավանդական բարձր մակարդակը, այլեւ զգալիորեն բարելավել թիմային խաղերի արդյունքները: Ոչ բոլոր երկրները կարող են հպարտանալ այսպիսի շախմատային հաջողություններով եւ ոչ բոլոր շախմատային ֆեդերացիաները` նման ղեկավարներով», մասնավորապես ասված է հեռագրում: