«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2011-07-26 | #138, 2011-07-27 | #139, 2011-07-28


ԱԶԱԴԼԻԳ. «ԵՄ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ»

Չնայած Եվրոմիությունում վերջերս նախագահությունը ստանձնած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը առիթը բաց չի թողել մեկ անգամ եւս խոսելու «20 տոկոս բնիկ ադրբեջանական տարածքների, 1 մլն փախստականների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւերի» մասին, սակայն ադրբեջանական «Ազադլիգը» Լեհաստանի նախագահի այցը Բաքու անհաջող է անվանել Իլհամ Ալիեւի համար «բոլոր առումներով»:

Նախՙ «Ազադլիգ» պարբերականը գրում է, որ երկու երկրների նախագահների համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում ԼՂ խնդրի լուծման վերաբերյալ լրագրողի տված հարցի պատասխանում Լեհաստանի նախագահը խուսափել է աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը, ավելին, նա շեշտել է ազգերի ինքնորոշման սկզբունքի կարեւորությունը: «ԼՂ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Տարածքային ամբողջականության սկզբունքի կարեւոր լինելուն հավասար կարեւոր է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը: Ամենավտանգավորն այն է, որ ոմանք այս հարցին մոտենում են աշխարհագրության եւ քաղաքական պայմանների համատեքստում», ասել է նախագահ Կոմորովսկին: Թերթը հակասություններ է նկատել Ալիեւի եւ Կոմորովսկու հայտարարություններում: «Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը կողմ է Եվրոմիության հետ համագործակցությանը, եւ որ ԵՄ-ի հետ այդ հարցի քննարկման ժամանակ տարակարծություններ չեն հնչել: «Մենք հետաքրքրված ենք, որ այդ կապերին նոր խթան տրվի, քանի որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն», ասել է Ալիեւը: Այս խոսքերով Ադրբեջանի նախագահը ցանկացել է ասել, որ պատրաստ են ոչ թե կիսելու Եվրոպայի հետ նույն արժեքները, այլ պարզապես առեւտուր անելու, ինչպես դա առկա է Իրանի եւ Եվրոպայի երկրների, Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Բայց Կոմորովսկին, խոսելով ինտեգրումից, «ռմբակոծել է» Ալիեւի թեզիսները: «Մենք կցանկանայինք, որ Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ ասոցիատիվ անդամության համաձայնագրի բանակցություններն հաջողությամբ ավարտվեն, քանի որ մեզ պետք է միավորեն նույն սկզբունքներն ու կանոնները»: Ալիեւի եւ Կոմորովսկու բառապաշարի գլխավոր հակասությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարն ակնարկել է ԵՄ-ի հետ որեւէ խնդիր չլինելու մասին, իսկ Լեհաստանի ղեկավարը հայտարարել է, որ «ԵՄ-ին եւ Ադրբեջանին պետք է նույն արժեքները միավորեն»: Այսինքն` դեռ առկա է ընդհանուր արժեքների խնդիր: Ինչպես երեւում է, ներկայումս ԵՄ նախագահող երկիր Լեհաստանի ղեկավարի Բաքու այցը բոլոր առումներով անհաջող է անցել Իլհամ Ալիեւի համար: Մյուս կողմից էլ պաշտոնական Բաքուն ցույց է տվել, որ ցանկություն չունի հրաժարվելու իր հակաժողովրդավարական դիրքից: Իսկ դա, ամեն դեպքում, Ալիեւի համար նոր գլխացավանք է նշանակում», եզրահանգել է «Ազադլիգ»-ը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4