Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի շնորհիվ
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի առաջին նիստը երեկ տեղի ունեցավ կառավարությունումՙ խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Նիստի մանրամասների եւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին անդրադարձան խորհրդի քարտուղար, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնադրամի նախագահ Նարինե Մայիլյանը:
Կարինե Մինասյանը հայտնեց, որ խորհրդի ստեղծման նախաձեռնությունը եկել է գործարարների կողմից: Խորհրդի մշտական գործող մարմինն է լինելու քարտուղարությունը, իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն ու ԵԱՀԿ-ն կտրամադրեն մասնագետներ բիզնեսի բարձրացրած հարցերով զբաղվելու համար:
Նարինե Մայիլյանը կարեւորեց խորհրդի ստեղծումը եւ կարծիք հայտնեց, որ նրա շնորհիվ քայլ առ քայլ կարող են վերացնել փոքր եւ միջին բիզնեսի գործունեության խոչընդոտները: ՓՄՁ զարգացման հիմնադրամի նախագահը տեղեկացրեց, որ բարձրացվել են 10 հարցեր, որոնց լուծումը հնարավոր է առանց մեծ ջանքերի: Դրանք ենՙ ձեռնարկությունների լուծարման գործընթացի պարզեցում, ձեռնարկությունների գրանցման «մեկ պատուհանի» մեջ սոցապ հիմնադրամում հաշվառման համարի ներառում, վարձակալության գործընթացի պարզեցում, էլեկտրոնային ստորագրության տրամադրում փոքր բիզնեսին ավելի ցածր ծախսերով, փոքր եւ միջին ձեռնարկատիրության սահմանում, օրենսդրական փոփոխություններից հետո եռամսյա ժամկետի տրամադրում դրանց ծանոթանալու համար, ՀԴՄ-ների հավաքական տեղեկությունների տրամադրումը ամսականից դարձնել եռամսյակային, ավելացված արժեքի հարկի հետաձգման հնարավորություն նաեւ փոքր ու միջին բիզնեսի համար, եկամտահարկի եւ սոցվճարների հաշվետվությունների միասնականացում եւ այլն:
Կարեն Մարտիրոսյանն էլ այն կարծիքը հայտնեց, որ խորհրդի նիստի քննարկման ենթակա հարցերը հետագայում կբաժանվեն երեք խմբիՙ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ լուծում ունեցող:
Խորհրդի քարտուղար, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը տեղեկացրեց, որ խորհրդի գործունեությունը կլինի թափանցիկ, կունենա կայք, եւ բոլորը կարող են տեսնել, թե ներկայացված հարցերը լուծման որ փուլում են: Նա նաեւ հայտնեց, որ խորհրդի նիստերը նախատեսված են երեք ամիսը մեկ անգամ, բայց վարչապետն առաջարկել է հնարավորինս ավելի հաճախ կազմակերպել նիստերը եւ ներկայացնել լուծված հարցերը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ