«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2011-07-26 | #138, 2011-07-27 | #139, 2011-07-28


«ԱԿՈՒՆՔ» ՀԱՄՈՒՅԹԸ ՎԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ

«Ակունք» ազգագրական համույթն օրերս է վերադարձել Վանից, որտեղ կազմակերպվել էր երաժշտական փառատոն: Հայաստանն այս փառատոնին մասնակցելու հրավերը ստացել է Վանի քաղաքապետի նախաձեռնությամբ: Իսկ «Ակունքի» մասնակցության կազմակերպչական հարցերով զբաղվել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Երեկ «Ակունքի» անդամներն ու պարոն Ախոյանը «Հայելի» ակումբում հանդես եկան ասուլիսով: Բաց չթողնելով առիթը` փառատոնի մասնակիցները դեպի Արեւմտյան Հայաստանի մյուս քաղաքները նաեւ ուխտագնացություն են կազմակերպել, եղել են Կարսում, Անիում, բարձրացել Արարատի լանջերը:

«Ակունքի» գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը պատմեց, որ փառատոնին ներկայացրել են հենց վանեցիների երգերը, ինչը ջերմ արձագանք է գտել: Մասնակիցներին զարմացրել է, որ իրենց ընդունել են որպես տանտերերի, նույնիսկ մի համերգի ժամանակ հանդիսավարը «Ակունք» համույթը ներկայացնելուց առաջ ասել է` համույթի անդամները ներկայացնելու են իրենց նախնիների մշակութային ժառանգությունը: Գերմանացի հանդիսավարը, ըստ Արագած Ախոյանի , նույնիսկ արտասանել է «գենոցիդ» բառը: Իսկ Վանի քաղաքապետը հայ մասնակիցներին համարձակորեն ասել է. «Դուք այս երկրի տերերն եք»: Մինչ վերջին օրը փառատոնը, որին մասնակցել է 60 խումբ, ընթացել է առանց խոչընդոտների, սակայն վերջին օրվա համերգը չի կայացել: Բանախոսների փոխանցմամբ` փառատոնի կազմակերպիչները ձերբակալվել են: Արագած Ախոյանը նշեց, որ կազմակերպիչները քրդեր են եղել: Սակայն համերգի տապալումը կապված չի եղել հայկական խմբի մասնակցության հետ: Բանախոսներն հստակորեն չբացատրեցին, թե կոնկրետ ի՞նչն է եղել կազմակերպիչներին ձերբակալելու պատճառը: Արագած Ախոյանը միայն նշեց` այնուհետեւ քրդերը կազմակերպել են ցույցեր, իսկ համերգը, հավանաբար, տապալվել է քաղաքական ներքին հարցերի պատճառով:

Անկախ ամեն ինչից` ընդունելությունից հայ մասնակիցները գոհ էին: «Նույնիսկ Վանի քաղաքապետն առաջարկեց Վանում ստեղծել հայկական մշակույթի կենտրոն», հավելեց պարոն Ախոյանը:

Ի.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4