Բելգիայի հայ համայնքի «Սփյուռքահայ տան» պատասխանատու Միշել Մահմուրյանի մեծ պապը դեռեւս 1893 թ.-ից է հաստատվել Բելգիայում: Լինելով չորրորդ սերունդը Բելգիայումՙ Միշել Մահմուրյանը հաճույքով պահպանում է հայկականը: Մասնագիտությամբ փաստաբան է, առօրյայում լինելով բազմազբաղ, հաճույքով մեծ տեղ է հատկացնում նաեւ «Հայկական տանն» առնչվող խնդիրներին: Շատ է սիրում հայկական խոհանոցը եւ հայկական կոնյակը: Առաջնային է համարում Հայաստանին առնչվող յուրաքանչյուր միջոցառում: Երբեք չի եղել Հայաստանում եւ չի կարողանում հայերեն խոսել, բայց հոգով եւ մտածելակերպով միշտ հայ է մնացել:
«Ազգ»-ը Միշել Մահմուրյանին հանդիպեց Բրյուսելի Jette թաղամասում գտնվող «Հայ համայնքի» շենքում: Արդեն մի քանի տարի է, «հին սփյուռքն» իր սեփական շենքն ունի, դեռեւս գտնվում է վերանորոգման փուլում, բայց կարեւորըՙ օտարության մեջ հայերն ունեն սեփական անկյուն, հավաքատեղ, միասնության օջախ, ինչը հավանաբար կնպաստի վերացնելու տիրող անջրպետը, որն առկա է հայաստանահայերի եւ ծագումով կիլիկեցի հայերի միջեւ: Պրն Մահմուրյանը եւս չհերքեց հին սփյուռքի եւ նոր սփյուռքի պառակտվածության փաստը եւ ինչ-որ չափով նորմալ համարեց, քանի որ առկա է մենթալիտետի տարբերություն: Զուգահեռներ անցկացնելով հայաստանահայերի եւ սփյուռքահայերի ապրելակերպի, սովորույթների վերաբերյալ, նշեց, որ Բելգիայում ապրող հայերը ժամանել են տարբեր երկրներիցՙ Օսմանյան կայսրությունից, Լիբանանից, Սիրիայից, Պարսկաստանից, իսկ վերջին տարիներին նաեւ Հայաստանից: Հետեւաբար, ունեցել են հոգեբանական տարբեր դաստիարակություն, տարբեր մտածելակերպ: Ժամանակ է հարկավոր ինտեգրվելու, համահավասարվելու համար: «Երբ օտար երկիր են ժամանում, սկզբնական շրջանում մտածում են կացության, երեխաներին լավ դպրոց տալու, առօրյա խնդիրների եւ այլ զանազան սոցիալական հոգսերի մասին: Այս խնդիրները հաղթահարելուց հետո միայն սկսում են մտահոգվել ինտելեկտուալ զբաղվածությամբ»:
2005 թ. հայ համայնքն ուներ շատ փոքր շենք, որտեղ անհնար էր միջոցառումներ կազմակերպել: Բայց հիմա ունեն բավականին ընդարձակ տարածք, ուր նախատեսվում են մեծածավալ միջոցառումներ անցկացնել, կազմակերպել սպորտային, երաժշտական եւ այլ խմբակներ, կգործի նաեւ հայկական դպրոց: «Հայ տունը» համայնքի միասնության, համախմբման հավաքատեղ դառնալու օջախ կհանդիսանա», հույս հայտնեց պարոն Մահմուրյանը:
Հայ համայնքի եւ բելգիական կառավարության հարաբերությունների վերաբերյալ տեղեկացանք, որ 1-ին համաշխարհային պատերազմից հետո, երբ հայերը գաղթել են Բելգիա, կառավարությունից ստացել են կացության հնարավորություն: Հայերին սրտաբաց ընդունել եւ ընդառաջել են:
Հետագայում, 60-ական թվականներից, թուրքերն են ժամանել Բելգիաՙ աշխատելու նպատակով: Սկզբնական շրջանում աշխատել են ածխահանքերում, հետագայում կազմակերպչական աշխատանքներով են զբաղվել, իսկ ավելի ուշ սկսել են նաեւ քաղաքական գործունեություն ծավալել:
Այսօր, պաշտոնական տվյալներով, 150 հազար թուրքեր են հաշվառված Բելգիայում, իսկ հայերի թվաքանակը 30 հազար է: Ըստ պարոն Մահմուրյանի, խաղաքարտերը փոխվել են: Բելգիայի քաղաքական գործիչներն առավել հետաքրքրություն են տածում թուրքերի նկատմամբ, քան հայերի, քանի որ թուրքական կողմից առավել բարձր ընտրաձայներ են ապահովում:
Այսօր բելգիական կառավարությունում կան թուրք պատգամավորներ եւ նախարար: Հետեւաբար Հայոց ցեղասպանության, մարդկության դեմ գործած այլ ոճրի վերաբերյալ խնդիրներ արծարծելուց բելգիական կողմը նախընտրում է ձեռնպահ մնալ, քանի որ կրկին առկա է հայ-թուրքական բախումների մեծ վտանգ:
Ի դեպ, Բելգիայում նախադեպը եղավ 2007 թ., եւ մինչ օրս գործին ընթացք չի տրվել: («Ազգ»-ը անդրադարձել էր խնդրին):
Մոտ 300 թուրքեր հարձակվել էին հայկական սրճարանի վրա, քարեր էին նետել սրճարանի ներսում գտնվող հաճախորդների վրա, պայթուցիկ նյութերով սպառնացել, սրճարանն ամբողջովին ավերակել, սակայն որեւէ մեկը չձերբակալվեց, պատասխանատվության չենթարկվեց: Բելգիական կառավարության ուժային ծառայությունները ներքին անհանգստություն, վախ ունեն հայ-թուրքական նոր բախումների, ընդգծեց պրն Մահմուրյանըՙ համոզմունք հայտնելով, որ հայերը դեռ ինտեգրման բավականին ճանապարհ ունեն հարթելու, որից հետո նոր կարող են քաղաքական այլ խնդիրների շուրջը ծավալվել: Մինչդեռ թուրքերն արդեն մերված են բելգիական հասարակությանը եւ ընտրությունների ժամանակ որոշիչ դեր ունեն:
Անդրադառնալով հայ համայնքի եւ Հայաստանի հարաբերություններին, պարոն Մահմուրյանը հումորով տեղեկացրեց, որ շատերին թվում է, թե «Հայ տունը» Հայաստանից սպասումներ է ակնկալում: Պաշտոնական տեսակետից ամենեւին սպասումներ չկան, բայց Միշել Մահմուրյանի մեծ ցանկությունն էՙ հնարավորինս շատ միություններ ստեղծվեն, որպեսզի հայոց ձայնը միջազգային ատյաններում ազդեցություն ունենա:
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել-Երեւան