«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2011-07-27 | #139, 2011-07-28 | #140, 2011-07-29


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԵՄ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂՆԵՐ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հուլիսի 27-ին ՀՀ նախագահի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Աննա Կոմորովսկայայի հետ: Եվրոմիությունում այս տարի նախագահությունը ստանձնած Լեհաստանի նախագահի այցը տարածաշրջանային է. մեր երկիր Կոմորովսկին ժամանեց Բաքու եւ Թբիլիսի այցելելուց հետո` հուլիսի 27-ի ուշ երեկոյան:

Պաշտոնական այցը Հայաստան երեկ Լեհաստանի նախագահը սկսեց Ծիծեռնակաբերդ այցելությամբ: Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ հետ ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ցեղասպանության թանգարան ինստիտուտում լեհական բարձրաստիճան պատվիրակությանը ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստավավերագրական նյութեր, որից հետո նախագահ Կոմորովսկին գրառումներ կատարեց Հայոց ցեղասպանության հուշամատյանում. «Ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Լեհաստանի պատմությունը նույնպես ունեցել է ողբերգական էջեր: Խորապես ցավակցում եմ եւ խոնարհվում հայ ժողովրդի աննկարագրելի ողբերգության առջեւ»: Հիշեցնենք` 2005-ի ապրիլի 19-ին Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը` Սեյմը, ընդունեց միաձայն որոշում, հետեւյալ բովանդակությամբ. «Լեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Թուրքիայում 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ կոտորածի դատապարտումն ու զոհերի հիշատակը ողջ մարդկության, բոլոր պետությունների եւ բարի կամքի մարդկանց բարոյական պարտավորությունն է»: Նախագահ Կոմորովսկին` կատարելով իր գրառումը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին կից ծառուղում տնկեց եղեւնի` Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ծիծեռնակաբերդից հետո Բրոնիսլավ Կոմորովսկուն իր նստավայրում դիմավորեց նախագահ Սարգսյանը: Առանձնազրույցից, այնուհետեւ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո Հայաստանի եւ Լեհաստանի նախագահները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:

«Ընդհանուր արժեքներ կրող երկրներ»

Արձանագրելով, որ անկախ Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերություններում արձանագրվել է զարգացման բնականոն ընթացք` ՀՀ նախագահը նշեց, որ մենք Լեհաստանը դիտում ենք որպես բարեկամ պետություն, վստահելի գործընկեր` «եւ, որն ամենակարեւորն է` ընդհանուր արժեքներ կրող երկիր, որոնց վրա կառուցված բարեկամությունը արժանահավատ է եւ անխախտ», ընդգծեց Սերժ Սարգսյանը :

Նախագահ Սարգսյանը նշեց, որ ամենակարեւորը` «վերահաստատվեցին հարաբերություններն ամրապնդելու երկուստեք ցանկությունն ու հանձնառությունը: Արձանագրվեց, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու մեծ ներուժ ունեն, եւ մենք պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-լեհական փոխգործակցությանը նոր դինամիկա եւ բովանդակություն հաղորդելու ուղղությամբ»: Հայաստանն ու Լեհաստանը երեկ ստորագրեցին որոշ փաստաթղթեր, մասնավորապես ստորագրվեցին մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում 2011-13-ին համագործակցության մասին գործնական ծրագիր, անասնաբուժության բնագավառում համագործակցության հուշագիր եւ Հայկական զարգացման գործակալության ու Լեհաստանի տեղեկատվության եւ օտարերկրյա ներդրումների գործակալության միջեւ` փոխըմբռնման հուշագիր: Ինչպես ընդգծեց Հայաստանի նախագահը` «առաջին հերթին ուշադրություն դարձրեցինք հարաբերությունների առեւտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը: Ուրախ եմ, որ նախագահ Կոմորովսկուն ուղեկցում է լեհ գործարարների պատվիրակությունը, հուսով եմՙ նրանք Հայաստանում կգտնեն լավ գործընկերներ»:

Իր հերթին Լեհաստանի նախագահը իր խոսքը սկսելով «շախմատային Հայաստանին» ուղղված շնորհավորանքներով, փաստեց. «Ձեր շախմատային հաջողությունները ապացուցում են ձեր ունեցած համբերությունն ու նպատակասլացությունը: Մեր երկկողմ դարավոր բարեկամական հարաբերությունները անհրաժեշտ է անընդհատ ամրապնդել` լինի դա ԵՄ-ի կամ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում: Լեհաստանը բաց է Հայաստանի համար. մենք պատրաստ ենք ձեզ փոխանցել մեր ձեռք բերած փորձը` եվրոինտեգրման ճանապարհին, իսկ ձեր երկիրը հենց այդ ճանապարհին է», արձանագրեց ԵՄ նախագահող երկրի նախագահը:

«Լեհական հանդարտություն» եւ ղարաբաղյան ժողովրդավարություն

«Լեհաստանի նախագահին ես ներկայացրի ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլը, հակամարտություն, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետեւանքով», ասաց ՀՀ նախագահը` «Ղարաբաղ»-ի «իլհամալիեւական» բացատրությունն արդեն լսած Բրոնիսլավ Կոմորովսկու ներկայությամբ: «Արձանագրեցինք, որ կազանյան հանդիպումից ե՛ւ մեր, ե՛ւ միջազգային հանրության սպասելիքները մեծ էին, բայց, ցավոք, այդ սպասելիքները չարդարացան: Կազանում մենք իրականում մոտ էինք հաջողությանը: Անհրաժեշտ է հարգել ԼՂ ժողովրդիՙ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը. այն պարտավոր են հարգել բոլորը: Այլ լուծում գոյություն չունի», շարունակեց ՀՀ նախագահը: Այս կապակցությամբ Lեհաստանի նախագահը նշեց. «Լեհաստանը միշտ հայտարարել է, որ նման դժվար խնդիրները պետք է լուծվեն խաղաղությամբ եւ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը: Այդպիսինն է մեր ունեցած փորձը` ամեն մի նման խնդրի առնչությամբ, որտեղ Արեւմուտքի կարեւոր խնդիրը պետք է լինի հանդարտեցնելը»:

«Ժողովրդավարությունը բացարձակ արժեք է, եւ ցանկացած աջակցություն ժողովրդավարությանը մենք բարձր ենք գնահատում,-նշեց նախագահ Սարգսյանը, շարունակելով,-ԼՂ-ում 3 նախագահական ընտրություններ են անցկացվել, բոլոր երեք նախագահներն ընտրվել են ժողովրդի կողմից, նրանցից ոչ մեկը իշխանությունը ժառանգություն չի ստացել: Այդ պատճառով էլ ԼՂ ընտրված իշխանությունները, ի տարբերություն իրենց ատելությունը թաքցնել չկարողացող հարեւան երկրի իշխանությունների, իրենց թույլ չեն տալիս վիրավորական հայտարարություններ անել: Իսկ թույնով լցված մարդիկ ի վիճակի չեն ճիշտ որոշումներ կայացնել, հենց դրա համար էլ, նման իրավիճակում, եվրոպական կառույցների աջակցությունը Ղարաբաղին ուղղակի անհրաժեշտություն է»:

Լեհ լրագրողի հարցին ի պատասխան, թե հայկական կողմը «կազանյան ֆիասկոյից հետո» ի՞նչ պահանջներ ունի, ՀՀ նախագահը պատասխանեց. «Նախ ես Կազանում կայացած հանդիպումը ֆիասկո չէի համարի, բայց այնտեղ տեղի ունեցավ այն, ինչի մասին ես բարձրաձայնեցի ԵԽԽՎ-ում ունեցած իմ ելույթում: Խոսքն առաջին հերթին համապատասխան մթնոլորտի բացակայության մասին է: Չի կարելի սեփական ժողովրդին ամեն օր եւ ամեն մակարդակով թունավորել: Չգիտեմ, Դուք հետեւե՞լ եք երեկվա միջազգային լրահոսին: Ի՞նչ արտահայտություններ է արել Իլհամ Ալիեւը հայ ժողովրդի հասցեին: Արդյոք դրանք նորմա՞լ մարդու արտահայտություններ են: Չեմ խոսում երկրի ղեկավարի մասին: Ե՛վ ղարաբաղցիների, ե՛ւ հայ ժողովրդի պահանջը միակն է, որ խնդիրը լուծվի միջազգային իրավունքին համապատասխան եւ այդ իրավունքներով շարադրված «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթում, որը կողմերին են առաջարկել Մինսկի խմբի համանախագահները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Մենք այլ պահանջներ չունենք, այսինքն մեր պահանջները համահունչ են միջազգային հանրության պահանջներին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4