Հայտարարեց Լեհաստանի նախագահը` ավարտելով պաշտոնական այցը Երեւան
Հուլիսի 28-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանն ու հուլիսի 27-ից երկօրյա պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հանդիպել են հայ եւ լեհ գործարարների հետ: Հայաստանի նախագահի խոսքերովՙ երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտներում, «Հյուսիս-հարավ» մայրուղու, նոր ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում. «Մենք համագործակցության լուրջ ներուժ ունենք նաեւ գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթեւ արդյունաբերության, ոսկերչության, քիմիայի ոլորտներում», ասել է ՀՀ նախագահը:
Բրոնիսլավ Կոմորովսկին , իր հերթին, ընդգծելով, որ «Լեհաստանում հաճույքով են հիշում հայ-լեհական հարաբերությունների դարավոր պատմությունը, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայությունը ու այն նպաստը, որ նրանք ունեցել են Լեհաստանի պատմության ընթացքում», նշել է. «Երբ մենք Լեհաստանում մտածում ենք հայերի մասին, անպայման հիշում ենք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են արդյունավետությունը, գործարար ջիղը եւ աշխատասիրությունը: Ես շատ կցանկանայի, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակը հասներ ներկայիս հայ-լեհական քաղաքական հարաբերությունների մակարդակին: Մենք վստահ ենք, որ Հայաստանը տնտեսական զարգացման լավ ուղի է բռնել, եւ դա ճանապարհ կհարթի եվրոինտեգրման համար: Վստահ ենք, որ ե՛ւ ներկայում, ե՛ւ ապագայում գնալով ավելի լավացող հարաբերություններ կունենանք, ավելի սերտ գործարար կապեր եւ ավելի ջերմ բարեկամություն: Ուստի մենք զուգորդելու ենք մեր քաղաքական երկխոսությունը, եվրոինտեգրման ճանապարհին Հայաստանին տրամադրած մեր օժանդակությունը, միաժամանակ նաեւ տնտեսական բնագավառում մեր կապերն ավելի ուժեղացնելու եւ զարգացնելու հետ»: Լեհաստանի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ հայկական ընկերությունները կցուցակագրվեն Վարշավայի ֆոնդային բորսայում: Կոմորովսկին, որպես երկկողմ տնտեսական կապերի «լավ նշան», արձանագրել է նաեւ համաձայնագիրը, ըստ որի մրցույթում հաղթած լեհական արժեթղթեր տպող մի ընկերություն ստացել է հայկական անձնագրերը տպելու պատվեր. «Կցանկանայի վստահություն հայտնել, որ մյուս գործարարներն ականատես լինելով այս պայմանագրին եւ դրա հաջողությանը, կխրախուսվեն Հայաստանում հետագայում ներդրումներ անելու համար», ասել է Լեհաստանի նախագահը:
Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Լեհաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Բրոնիսլավ Կոմորովսկին` հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար տարբեր աստիճանի շքանշաններով պարգեւատրեց ՀՀ քաղաքացիների. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել այն երկրի ներկայացուցիչներին, որոնց համբավը Լեհաստանում շատ դրական է: Լեհ եւ հայ ժողովուրդները կապված են ե՛ւ պատմությամբ, ե՛ւ մշակույթով, ե՛ւ հավատքով, ինչպես նաեւ առանձնահատկությամբ` դժվարություններին հեշտությամբ դիմակայելու», ասել է Կոմորովսկին` մաղթելով Հայաստանին, որ իր երկրի փորձով կարողանա արագ հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ` «հաղթահարելով պատմական դաժան ճանապարհը եւ վայելել այն ազատությունը, որը ձեռք է բերվել 20 տարի առաջ»: «Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ Լեհաստանը չի մոռանալու, մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցելու Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաեւ կփորձենք ամեն ջանք գործադրել` օգնելու Հայաստանի մուտքը Եվրոմիության ինտեգրմանը: Կարծում եմ, որ շատ շուտով Հայաստանին կկարողանանք տեսնել եվրոպական ընտանիքում», ԵՄ-ում նախագահող Լեհաստանի նախագահի վերջին հրապարակված խոսքերը Հայաստանում սրանք էին:
Օդանավակայան մեկնելու ճանապարհին Լեհաստանի նախագահը հյուրընկալվել է Ամենայն հայոց կաթողիկոսին:
Հ. ԱՖՅԱՆ