«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2011-07-28 | #140, 2011-07-29 | #141, 2011-07-30


ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԼՈՌՈՒ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

Ինչպես արդեն «Ազգը» նախորդ համարում տեղեկացրել էՙ ՀՀ կառավարության հուլիսի 28-ի նիստում, գործադիրի որոշմամբ, Լոռու մարզպետ է նշանակվել Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը:

Հուլիսի 29-ին նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանին Լոռու մարզպետարանի աշխատակազմին եւ մարզի մի շարք կառույցների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Պաշտոնական արարողությանը ներկա էր նաեւ Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանը:

- Վերջին օրերի ընթացքում սա մեր երրորդ հանդիպումն է: Եվս մեկ անգամ ուզում եմ տեղեկացնել, որ հուլիսի 28-ին կառավարության նիստում որոշում կայացվեց Լոռու մարզպետի նշանակման մասին. մարզպետ է նշանակվել Արթուր Նալբանդյանը,- ասաց Ա. Գեւորգյանը :- Անկեղծ ասեմ, որ մեծ կարեւորություն ենք տվել այս նշանակմանը: Արթուր Նալբանդյանը քաջատեղյակ է մարզի խնդիրներին, պարկեշտ, գործունյա եւ լավ անձնավորություն է եւ մենք մեծ հույսեր ենք կապում, որ այն բոլոր ձեռքբերումները, որոնք գոյություն ունեն մարզում, մարզի համայնքներում, կշարունակվեն ու աշխատանքներն արդյունավետ կընթանան: Այն կառուցողական, գործնական հարաբերությունները, աշխատանքային մթնոլորտը, որ եղել են մինչ այժմ, հուսով եմ, կշարունակվեն նաեւ այսուհետեւ: Համոզված եմ, որ Արթուր Նալբանդյանը կկարողանա նորմալ հարաբերություններ ապահովել ոչ միայն իրեն ենթակա կառույցների, այլեւ մարզում ներկայացված բոլոր ծառայությունների հետ:

Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց Արամ Քոչարյանինՙ մարզը ղեկավարելու տարիներին նրա կատարած աշխատանքների համար:

  Արթուր Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, կառավարությանը եւ գործընկերներինՙ վստահության համար:

  Արամ Քոչարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին եւ կառավարությանըՙ շուրջ 5 տարի Լոռու մարզի ղեկավարությունն իրեն վստահելու եւ մարզում ծագած խնդիրներին համատեղ լուծում տալու համար: Նա խոստովանեց, որ այս տարիների ընթացքում խնդիրներ ծագել են, սակայն ձախողումներ չեն եղել:

Վերջում լրագրողների հարցերին պատասխանեցին Արամ Քոչարյանը եւ Արմեն Գեւորգյանը:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե ի՞նչ կիսատ գործեր են մնացել մարզում: Ա. Քոչարյանը թվեց դրանցից մի քանիսըՙ աղետի գոտու վերականգնման ծրագիրը (երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը դեռեւս ընթացքի մեջ է), Քիմիական համալիրի վերագործարկումը, որը մշտապես նրա ուշադրության կենտրոնում է եղել:

Գյուղատնտեսական խնդիրների լուծմանն ուղղված կառավարության ծրագրերի վերաբերյալ հարցին պատասխանելով, փոխվարչապետը նշեց, որ վերջին 7-8 ամիսներին կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական խնդիրներին:

ՀՀ կառավարության վերջին նիստում նոր որոշում է կայացվելՙ Կենտրոնական բանկի միջոցով հերթական գումարըՙ որպես մատչելի վարկային ռեսուրսներ, հատկացնել գյուղացիներին: Իսկ այն գյուղտեխնիկան, որն առկա էր եւ ստացվել էր տարբեր միջազգային կազմակերպությունների օգնությամբ, արդեն բաշխվել է գյուղացիական կոոպերատիվներին եւ համայնքներինՙ համապատասխան սկզբունքներով: Շուրջ 61 միավոր գյուղտեխնիկա է բաշխվել Լոռու մարզում: Երկրորդ կարեւոր հարցը, որին անդրադարձավ Ա. Գեւորգյանը, վերաբերում էր սերմացուին, որն անցած տարի բաշխվել է գյուղացիներին աշնանացան կատարելու եւ այս տարի գարնանացանի համար, հնարավոր լինի հավաքել եւ նորից օգտագործելՙ ավելի շատ տնտեսությունների սերմնացուով ապահովելու համար:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4