«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2011-07-28 | #140, 2011-07-29 | #141, 2011-07-30


ՎԱՐՈՐԴ-ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԴԵՌ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Երեկ Թեքեյան կենտրոնում վարորդների իրավունքների պաշտպան «Աքիլլես» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց հերթական ծրագրի ավարտի շնորհանդեսը: Գրանտային ծրագիրը, որը կոչվում է «Վարորդների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարզերում», հնարավոր է դարձել իրականացնել USAID-ի` Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի շրջանակներում: Նախագիծն իրականացվել է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Գավառի Առեւտրաարդյունաբերական պալատի եւ Արմավիրի Զարգացման կենտրոնի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) համատեղ գործողությամբ: Ծրագրի շրջանակներում 9 մարզերում կազմակերպվել են սեմինարներ` բարձրացնելու վարորդների իրավագիտակցությունը` որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիք: Այս կապակցությամբ հրապարակվել են «Ձեզ կանգնեցրել է տեսուչը» գրքերը եւ ֆլայդները` համապատասխանաբար 32500 եւ 60000 օրինակներով, ինչը փաստորեն նշանակում է, որ ամեն 8-րդ հայաստանցի վարորդ ստացել է այդ տեղեկատու գրքերն ու ֆլայդները:

Անդրադառնալով Երեւանում ու մարզերում ճանապարհային պատահարների պատճառով առաջացած խնդիրների տարբերությանը` «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ մարզերում շատ է հանդիպում վարորդ-պետավտոտեսուչ «բարեկամական, տնային» հարաբերություններ, վարորդների նկատմամբ կիրառվում են այնպիսի իրավախախտումներ, որոնք նախատեսում են փոքր չափի տուգանքներ` 3000-5000 դրամ: Մայրաքաղաքում մեքենաների հաշվառման-քննական բաժանմունքներում կատարված բարեփոխումների շնորհիվ, Հովհաննիսյանի խոսքերով, «կտրուկ նվազել են կոռուպցիոն ռիսկերը», այդուհանդերձ դրանք պահպանվում են: «Կոռուպցիոն ռիսկերի աճ է նկատվում ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննչական բաժանմունքում: Մեր կարծիքով սա բացատրվում է հաշվառված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի կտրուկ աճի ԱՊՊԱ-ի ներդրման, ինչպես նաեւ հետաքննիչների չարաշահումների հետեւանքով», ասաց Հովհաննիսյանը: Անդրադառնալով կոնկրետ առաջացած խնդիրներին` Հովհաննիսյանը նախ ընդգծեց. «Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ տպավորություն է ստեղծվում, թե տեսուչն իր ծառայությունն իրականացնելիս խնդիր ունի պատժել վարորդին:

Այնինչ, օրինակ, Վրաստանում տեսուչի խնդիրը վարորդին օգնելն է: Սա պայմանավորված է հանգամանքով, որ տեսուչը ամեն մի տուգանված վարորդից ստանում է որպես հավելավճար տուգանված վարորդների գումարի մոտ 20 տոկոսը: Հետեւաբար` այս պայմաններում խոսել խախտումները կանխելու մասինՙ անիմաստ է: Դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հանվեն այդ հավելավճարները»: Հովհաննիսյանն արձանագրեց նաեւ, որ ճանապարհային երթեւեկության կանոնների եւ օրենսդրության գիտելիքների մակարդակը բարձրացնելու աշխատանքները տարվում են դանդաղ, իսկ էթիկայի կանոնները անհապաղ բարելավման կարիք ունեն: Չեն նվազում անհիմն վերագրած խախտումները` արտաբյուջետային ֆոնդից ստացվող հավելավճարների պատճառով: Տարածված է նաեւ տեսուչին տրված լիազորությունների անցնելը, օրինակ, վերջինս չի թույլատրում վարորդին գրառել իր անհամաձայնությունը արձանագրության բովանդակությունում, չի վերադարձնում վարորդական վկայականը, խախտվում է քաղաքացու` օրենսդրությամբ տրված պաշտպանվելու իրավունքը: Հատկանշական է նաեւ, որ ՃՊԾ մեքենաների տեսախցիկներով նկարահանված տեսաերիզը ցույց չեն տալիս վարորդին, ասելով, թե ցույց կտան դատարանում: Սակայն այնտեղ էլ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հայտարարում են, թե օրենքով պարտավոր չեն ներկայացնել տեսաերիզը ոչ վարորդին, ոչ էլ դատարան:

Հաշվառման-քննական բաժանմունքներում (ՀՔԲ) մեքենան հաշվառելու կամ հաշվառումից հանելու համար ամեն մի ՀՔԲ-ում քաղաքացիներին սպասարկում են 5 տեսուչ: Սակայն փաստաթղթերը ընդունում եւ հանձնում են մեկ պատուհանից ընդամենը, գոյանում են հերթեր, որոշ մարդիկ էլ, «Աքիլլես»-ի տվյալներով, մեծ գումարներ են պահանջում` մեքենաները հաշվառելու համար: որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննչական բաժանմունքի թերացում Հովհաննիսյանը նշեց պատահարների վայր տեսուչների ուշացած հասնելը. «Սա այն պատճառով է, որ օրենսդրությամբ կարգավորված չէ տեսուչի ժամանման ժամանակը: Հետեւաբար` առաջարկում ենք օրենսդրությամբ սահմանել հետաքննող տեսուչների պատահարի վայր մեկնելու ժամանակը», ասաց Հովհաննիսյանը: Բացի սրանից, վերջինիս խոսքերով, վթարի տեղանքի տեղազննումը կատարվում է ոչ պատշաճ, անգամ, երբ պատահարի մասնակից վարորդները համաձայնության են եկել, մեքենաները բերման են ենթարկվում տուգանային հրապարակ, եւ հետ տանելու համար ամեն վարորդից պահանջվում է 20 հազար դրամ:

Վարչական գործավարության բաժանմունքում հաճախ որոշումները կայացվում են վարորդի բացակայությամբ, անհիմն հայցադիմումներ են ներկայացվում դատարան` պահանջելով վճարել եռապատկված, հնգապատկված տուգանքներ, ընդ որում, սա այն դեպքում, երբ քաղաքացին սահմանված ժամկետներում վճարել է տուգանքը: Իսկ դատական համակարգի մասին խոսելիս` Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ երբեմն տպավորությունն այնպիսին է, որ դատական նիստերի ժամանակ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչն ունի երկու փաստաբան. «Օրինակՙ դատավորը կարող է պնդել, որ քաղաքացին խաչմերուկում անթույլատրելի կանգառ է կատարել, այնինչ վերջինս ուղղակի կանգնել է կարմիր լույսի տակ», ասաց Հովհաննիսյանը: Ի դեպ, վարորդների իրավունքների պաշտպանը նկատեց, որ շատ վայրերում լուսացույցը առհասարակ տեսանելի չէ, օրինակՙ տեսանելի չէր երկար ժամանակ Բաղրամյան-Մաշտոցի պողոտաների խաչմերուկը կարգավորող լուսացույցը. «Ընդ որում ՃՈ-ի ներկայացուցիչը դատարանում պնդում էր վարորդի մեղավորությունը, երբ նա պարզապես ի վիճակի չի եղել տեսնելու լուսացույցը: Երբ մենք խնդրեցինք վարչապետին միջամտել, այս տարվա հուլիսի 16-ին տվյալ խաչմերուկի լուսացույցը տեղադրվեց տեսանելի վայրում», նշեց Հովհաննիսյանը:

Որպես վերջաբան` նշենք, որ այս շնորհանդեսին հրավիրված էին մի շարք կազմակերպությունների եւ մարմինների ներկայացուցիչներ, օրինակՙ Երեւանի քաղաքապետարանը, նույն` ՃՈ-ն, կառավարությունից, ԱԺ-ից, սակայն այդ հրավիրյալները չեկան...ինչո՞ւ, դե ամառ է` արձակուրդի սեզոն, մարդիկ գերադասում են հանգիստը, մանավանդ որ պետք է լինեին մի տեղ, որտեղ քննադատվելու հավանականությունը մեծ է:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4